Հա

Համայնք

05/01/2019 - 11:10

2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

«alikonline.ir» - Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը, իր, հոգեւորականաց դասի եւ ազգային իշխանութեան անունից բոլորին շնորհաւորելով Նոր տարին՝ տօնական բարեմաղթանքներ ուղղեց նրանց։

Այնուհետեւ վանքի շրջափակում տեղի ունեցաւ տօնախմբութիւն, որի ծրագիրը յագեցած էր՝ հրավառութեամբ, տօնական երգ-երաժշտութեամբ՝ Հայաստանից հրաւիրւած երգիչների ու երաժիշտների կենդանի կատարմամբ եւ հիւրասիրութեամբ, իսկ ընթացքում խանդավառ մթնոլորտի ներքոյ, ներկաները յիշարժան պահեր ապրեցին միմեանց կողքին: Նշելի է, որ թեմի Կրօնական խորհրդի գովելի նախաձեռնութեամբ սկսեալ 2016 թւականի Ամանորից մինչեւ այսօր, Գոհաբանական աղօթքին յաջորդում է այս տօնական միջոցառումը։

Յունւարի 1-ի առաւօտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց դարձեալ Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում: Օրւայ պատարագիչն էր թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։ Պատարագին մասնակցում էր եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ընթացքում ներկաներին իր Ամանորեայ պատգամը փոխանցեց պատարագիչը՝ «Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում» խորագրով։

Ահա մէջբերում սոյն պատգամից։

«Մեր ժողովրդի անդաստանում չորս սրբութիւններ գոյութիւն ունեն՝ եկեղեցի, հայրենիք, ազգ եւ մշակոյթ: Կարելի չէ մէկին սպասարկել եւ միւսը թողնել կամ նւազ կարեւոր նկատել, որովհետեւ մեզնից ո՛չ ոք իրաւունք չունի բարձրացնել սրանցից մէկը՝ թերագնահատելով կամ ստորադասելով միւսը… Որպէս կարեւորագոյն պատւէրներից մէկը, հետեւեալը պէտք է ի մտի ունենալ. Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ Սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում: Ուստի, մեր թէ՛ անձնական եւ թէ՛ հաւաքական աղօթքների մէջ պարփակենք նաեւ աւետարանական սոյն պատւէրը, եւ իմանանք, որ այս գիտակցութեամբ մշակների պէտք ունենք՝ բարգաւաճելու եւ գոյատեւելու համար՝ որպէս եկեղեցի, ազգ եւ հայրենիք»:

Այնուհետեւ ներկաներն ստացան տարւայ առաջին Ս. Հաղորդութիւնը Սրբազան Հօր միջոցով, իսկ արարողութեան աւարտին Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ընդունեց Ամանորեայ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները։

Արարողութիւններին ու տօնախմբութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների անդամներն ու բազմահարիւր հայորդիներ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։