Հա

Համայնք

17/01/2019 - 09:40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը։

Յընթացս ս. պատարագի թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ 2019 թւականը «Հայ մամուլի տարի» հռչակելու կապակցութեամբ։ Սոյն հռչակագրում Վեհափառ Հայրապետը շեշտելով հայ մամուլի կարեւորագոյն դերը՝ կոչ էր ուղղել.

- Թեմակալ առաջնորդներին, ազգային իշխանութիւններին, քոյր կազմակերպութիւններին ու հայ մամուլի օրգաններին` զանազան միջոցներով լուսարձակի տակ բերել հայ մամուլի եզակի կարեւորութիւնը հայ ժողովրդի կեանքում։

- Հայաստանի պետական, իսկ սփիւռքի համայնքային պատասխանատուներին՝ գործնական միջոցներով նեցուկ կանգնել հայ մամուլին` շեշտելով նրանց վիճակւած բազմակողմանի դերը:

- Ունեւոր ազգայիններին` հիմնադրամներ հաստատել` հայ մամուլի արդիականացմանը եւ ընդհանրապէս վերակազմակերպմանը սատարող ծրագիրների իրագործման համար:

- Խմբագիրների ու լրագրողների պատրաստութեան ու վերաորակաւորման յատուկ դասընթացքներ հաստատել, յատկապէս սփիւռքում:

- Ժողովրդի բոլոր զաւակներին` հեռու մնալ կայքերով հրամցւող ընդհանրապէս անորակ ու անդիմագիծ մամուլից եւ իրենց ամուր կապւածութիւնը գործնապէս արտայայտել տպագիր հայ մամուլի նկատմամբ` բաժանորդագրւելով եւ հաղորդ դառնալով նրանցր բովանդակութեանը:

Ս. պատարագի աւարտին Ս. Յովհաննէս Մկրտչի աջ-մասունքով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն եւ օրհնւած ջուրը բաժանւեց ներկաներին։

Վերջում եկեղեցու շրջափակում իրականացւեց գեղարւեստական յայտագրով միջոցառում՝ նշւած տօների առթիւ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։