Հա

Համայնք

20/02/2019 - 10:00

Տեառնընդառաջի նախատօնակը՝ Նոր Ջուղայում

Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հոգեպարար արարողութեամբ նշւեց Տեառնընդառաջի նախատօնակը։ 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում հոգեպարար արարողութեամբ նշւեց Տեառնընդառաջի նախատօնակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու արարողութիւնը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի միջոցով, որի աւարտին Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին։

Նա սկզբում ակնարկելով մարդկային հաւատին եւ մէջբերումներ կատարելով Աստւածաշնչի «Ելից» եւ «Ղեւտացւոց» գրքերից, ընդգծեց. «Տեառնընդառաջի այս իմաստալից ու խորանշանակ տօնը թող մեզանից իւրաքանչիւրի համար լաւագոյն առիթը հանդիսանայ՝ մեր անձերն ու զաւակներին երկնաւոր Հօրն ընծայելու համար… Եթէ մեր զաւակներին Աստծուն չընծայենք, չարը որս փնտրող ու մռնչացող առիւծի նման միշտ պատրաստ է յափշտակելու եւ նրանց ֆիզիքական ու հոգեւոր մահւան գիրկը նետելու։ Պէտք է հսկողութիւն ունենալ մեր եւ զաւակների հաւատի ու հոգեւոր աճման ու զօրացման նկատմամբ, ուսուցանել երկնաւոր Հօր կամքն ու Քրիստոսի պատւիրանները եւ ընդմիշտ խրատել, որպէսզի ապրեն աստւածահաճոյ կեանք՝ Ամենասուրբ Երրորդութեան շնորքներին, ողորմութեանն ու գթութեանն արժանանալու համար»։

Արարողութեան աւարտին վերոնշեալ եկեղեցիներում բոցավառւեցին աւանդական թփերը՝ նորապսակների եւ հոգեւոր հայրերի միջոցով։

Նոյն օրը երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ գեղեցիկ աւանդոյթ դարձած միջոցառումը՝ նորապսակների եւ նորածինների ու իրենց ծնողների հանդիպումն ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ՝ գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր։

Ծրագրում ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ հանդիսավարուհի Մանիա Ղուկասեանը, որից յետոյ բարեմաղթանքներով ու օրւան պատշաճ խօսքերով հերթաբար ելոյթ ունեցան Եկեղեցեաց վարչութեան, Կրօնական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ատենապետներ՝ Հենրիկ Յակոբեանը, Վարուժ Մովսիսեանն ու Թաթուլ Օհանեանը։

Պրն. Յակոբեանն անդրադարձաւ ամենամեայ այս միջոցառման կազմակերպման նպատակներին, իսկ պրն. Մովսիսեանը բացատրութիւններով հանդէս եկաւ Պատգ. ժողովի որոշմամբ եւ Կրօնական խորհրդի միջոցով անցկացւած ուսումնասիրութիւնների մասին, որոնք տեղի են ունեցել թեմի շրջանակում ամուսնութեան եւ ծնելիութեան խթանման եւ այս ծիրում առկայ դժւարութիւնների փարատման ուղղութեամբ։

Թաթուլ Օհանեանը հետաքրքիր տւեալներ ներկայացրեց հայ ժողովրդի ծնելիութեան եւ քանակի աճի վերաբերեալ եւերիտասարդ զոյգերին կոչ արեց կազմել բազմանդամ ընտանիքներ։

Շարունակութեան մէջ նախ նորածիններն ու իրենց ծնողները, ապա նորապսակները, հատեցին պատկան տորթերը. նորածիններին նւիրւեց ոսկէ խաչ եւ հեքիաթների սկաւառակ, իսկ նորապսակներին՝ «Յիսուսի առակները, հրաշքները, ուսուցումները» գիրքն ու դրամական պարգեւ։

Վերջում իր հայրական պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան հայրը, որը շնորհաւորելով Տեառնընդառաջի առթիւ, սրահում ներկայ նորապսակներին եւ նորածինների ծնողներին յորդորեց կառչած մնալով հայկական աւանդոյթներին՝ կազմել բազմանդամ ընտանիքներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։