Հա

Համայնք

02/03/2019 - 09:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Վարչապետին ընկերակցում էին՝ տիկին Աննա Յակոբեանը, ՀՀ ազգային Ժողովի եւ կառավարութեան բարձրաստիճան այրերից կազմւած պատւիրակութիւնն ու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը։

Ժողովրդական հանդիպմանը ներկայ էին բազմահարիւր ժողովուրդ, ովքեր բուռն ծափողջոյնների ներքոյ դիմաւորեցին ՀՀ կառավարութեան ղեկավարին։

Հանդիպումն սկիզբ առաւ Հայաստանի եւ Իրանի Իսլ. Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ, իսկ ընթացքում ելոյթներով հանդէս եկան՝ դեսպան Արտաշէս Թումանեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Պրն. Թումանեանը ողջունելով ներկաներին՝ ակնարկ կատարեց Իրան կատարած այցի շրջագծում վարչապետի իրականացրած պաշտօնական ու թեհրանահայ համայնքի հետ ունեցած ժողովրդական հանդիպումներին։

Այնուհետեւ յանուն թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի Թաթուլ Օհանեանը բարի գալստեան խօսք մաղթեց վարչապետին եւ միւս հիւրերին, ապա շեշտելով, որ նման այցելութիւնները այս համայնքին աւելի է գօտեպնդում՝ հայ ժողովրդի դէմ ծառացած դժւարութիւնները դիմագրաւելու համար, դիմելով պրն. Փաշինեանին, աւելացրեց. «Սպահանի հայոց թեմն իր ազգային ուղեգծի մէջ առաջնահերթ է համարել նիւթական եւ բարոյական հնարաւորութիւնները դէպի Հայաստան հունաւորելը՝ ի խնդիր հայկական պետականութեան ամրապնդման եւ հայ ժողովրդի բարօրութեան եւ հիմա էլ, երբ դուք հայ ժողովրդի ընդհանրական շահերի, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգութեան, տնտեսական բարեկեցութեան, Հայաստան–Սփիւռք ծրագրեալ համագործակցութեան ընդլայնման, Արցախի Հանրապետութեան իրաւունքների իրականացման եւ Հայ Դատի արդար լուծման պայքարի դրօշն էք ձեռք առել, վստահ եղէք, որ մեր թեմն անվարան եւ առանց կասկածի, ի գին ամէն զոհողութեան, կանգնած է ձեր կողքին»։

Որպէս երեկոյի եզրափակիչ ելոյթ արտայայտւեց պրն. Վարչապետը։ Նիկոլ Փաշինեանը դրւատանքի խօսք ուղղելով Սպահանի հայոց թեմի ժողովրդին եւ շնորհակալութիւն յայտնելով նրանց՝ հայկական էութեան ու մշակոյթի պահպանման, ինչպէս նաեւ հայ-իրանական բարեկամութեան զարգացման գործում ունեցած դերակատարութեան համար, աւելացրեց. «Մենք որպէս ժողովուրդ՝ այլեւս թոյլ չենք տայ որեւէ մէկին մեզ օգտագործել որպէս մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերում. մենք որպէս ժողովուրդ եւ պետութիւն՝ թոյլ չենք տայ՝ մեր եղբայրներին օգտագործեն մեր պետութիւնը քանդելու եւ թուլացնելու համար, որովհետեւ սա հայ ժողովրդի միասնութեան բացառիկ ժամն է… Մենք թոյլ չենք տայ, որ որեւէ մէկի մտքով անցնի, թէ կարող է մեր պետութիւնը, մեր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը, մեր Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները մեր ձեռքից խլել, որովհետեւ մենք Տիգրան մեծի եւ Պապ թագաւորի ժառանգներն ենք. մենք Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների հպարտ քաղաքացիներն ենք. մենք հպարտ հայ ժողովուրդն ենք»։

Պրն. Փաշինեանն իր խօսքի վերջին հատւածում շեշտելով, թէ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները պէտք է գոյութիւն ունենան եւ հզօրանան երկիր մոլորակի վրայ, կարեւորութեամբ ընդգծեց. «Մենք այս պետութիւնը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, մեր սեփական արիւնով ու քրտինքով եւ այն պահելու ենք մեր սեփական արիւնով, մեր սեփական քրտինքով եւ մեր սեփական մտքով ու աշխատանքով»։

Հանդիպումն աւարտւելուն պէս Նիկոլ Փաշինեանը մեկնեց Սպահանի «Շահիդ Բեհեշտի» օդանաւակայան, որտեղից էլ իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ վերադարձաւ Հայաստան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։