Հա

Համայնք

09/03/2019 - 08:20

Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակին նւիրւած աշակերտական եւ ծնողական մրցոյթներ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցում

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձին նւիրւած ծրագրերի շարանում, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 20-ի առաւօտեան, ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, իրականացւեցին աշակերտական եւ ծնողական մրցոյթներ։

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձին նւիրւած ծրագրերի շարանում, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 20-ի առաւօտեան, ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, իրականացւեցին աշակերտական եւ ծնողական մրցոյթներ։ Ծնողներից ու աշակերտներից բացի՝ ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Սպահանի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի ներկայացուցիչներն ու դպրոցի անձնակազմը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Աշակերտական մրցոյթը կազմակերպւել էր մատաղ սերնդի հասարակական հմտութիւններն առաւել զարգացնելու նպատակով, իսկ ծնողականը, որտեղ մայրերը ներկայացրել էին իրենց պատրաստած հայկական աւանդական ճաշատեսակները, թխւածքներն ու աղանդերները, իրականացւել էր ազգային աւանդոյթները պահպանելու եւ տարածելու համար։

Միջոցառումը բացւած յայտարարւեց դպրոցի փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանի ողջոյնի եւ ծրագրի մասին բացատրական խօսքերով։ Ապա թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն օրհնեց սեղանը, որից յետոյ իրաւարար կազմերն անցան իրենց աշխատանքին։

Ճաշատեսակների բաժնի իրաւարաներն էին՝ Երան Միրզայեանը, Վարդուշ Զարգարեանը, Նւարդ Աւետեանը, Ժուլիետ Սէթ-Աղայեանն ու Հրաչիկ Ղազարեանը, իսկ թխւածքներինը՝ Մելինէ Հայրապետեանն ու Նորա Ոսկանեանը։

Մինչեւ արհեստավարժ իրաւարարները համտեսում էին ուտելիքները, տեղի ունեցաւ աշակերտական մրցոյթը, որտեղ մասնակիցները երկու չորս հոգանոց խմբերի ներքոյ մրցակցեցին միմեանց հետ՝ բոյս ցանելով, կոճակներ կարելով, վերնաշապիկ արդուկելով եւ առողջարար պիցցա պատրաստելով։ Խմբերը միմեանց գերազանցելու համար՝ ոչ միայն փորձում էին լաւագոյնս դրսեւորել իրենց հմտութիւնները, այլեւ գերազանցապէս ի կատար ածել պատկան խորհրդատուի ուղղութիւնները, ով միջամտելու իրաւունք չունէր եւ միայն կարող էր իր բանաւոր խորհուրդներով օգտակար հանդիսանալ աշակերտներին։ Աշակերտական բաժինը վարեցին փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ մասնակիցների աշախտանքը գնահատեցին՝ ուսուցչուհիներ՝ Արփի Յակոբեանն ու Սիւնէ Յարութիւննեանը։

Աշակերտական խանդավառ մրցոյթի յաղթող խմբի անդամներն էին՝ Թադէ Թահմազեանը, Դւին Յովհաննիսեանը, Նոյեմի Ղարիբեանը եւ Վանէ Յովսէփեանը։

Ծնողական մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ իրաւարար կազմը աւանդական ճաշատեսակների բաժնում յաղթող ճանաչեց Սքարլետ Ղազարեանին եւ Ժուլիետ Ղազարեանին, իսկ թխւածքների բաժնում՝ Լորետա Յակոբեանին ու Նարինէ Սահակեանին։

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ յաղթողներին շնորհւեց դպրոցի տնօրինութեան կողմից նախատեսւած նւէրները, իսկ ներկաները հիւրասիրւեցին համադամ ճաշատեսակներով ու թխւածքներով։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։