Հա

Համայնք

20/04/2019 - 08:10

Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչներն ու հոծ թւով հանդիսատես՝ ի մասնաւորի մայրեր։

Ծրագիրն սկիզբ առաւ Թեհրանից ժամանած «Զարթօնք» պարախմբի գեղեցիկ կատարմամբ, որից յետոյ երեկոյի հանդիսավարներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Մարտունի Խաչիկեանը հանդէս եկան ողջոյնի ու շնորհաւորանքի խօսքերով, ինչպէս նաեւ մօրը ձօնւած բանաստեղծութիւններով։

Գեղարւեստական յայտագրով բաժնում տեղ էին գտել պարային կատարումներ եւ ասմունքներ, որը իրականացրեցին «Զարթօնք» պարախումբը՝ ղեկավարութեամբ Լորետա Աւետիսեանի եւ Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի աւագ խմբի անդամուհիներ՝ Վանա Զոհրաբեանն ու Վանէ Շահնազարեանը ղեկավարութեամբ Ովսաննա Բաղումեանի, իսկ երգերով ելոյթ ունեցաւ մեներգիչ Կարէն Օհանեանը:

Գեղեցիկ մտայղացմամբ կատարումների ընթացքում հանդիսավարների միջոցով ներկայացւեցին աշխարհահռչակ հայ կանանց կենսագրական գծերից, ինչպիսիք են՝ Սօսէ Մայրիկը, Ալենուշ Տէրեանը, Դիանա Աբգարը, Զաբել Եսայեանը եւ ուրիշներ:

Աւարտին առաջնորդ Սրբազան Հօր եւ Բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Սանդրա Խուդաբախշեանի ձեռամբ յուշանւէր եւ շնորհակալագիր յանձնւեց «Զարթօնք» պարախմբի ղեկավար Լորետա Աւետիսեանին, ապա թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին, որտեղ նշւած էր. «Մայրերի բանակը վերականգնեցնում է, կերտում է, նորոգում է եւ ծնունդ է տալիս: Այսօր տօնում ենք Հայ մայրերի տօնը: Ասում են հայրերը արեգակի նման ամբողջ օրը բոցավառւում են եւ աշխատում, սակայն մայրերը գիշերւայ հսկող, փայլատակող եւ ճառագայթող լուսնի նման ընդմիշտ հսկում են»։ Նա իր խօսքի շարունակութեան մէջ շնորհաւորելով առիթի կապակցութեամբ եւ ընդգծելով, որ մարդկային իմաստով իր համար Հայ մայրերի տօնը ամենավեհ եւ ամենասուրբ տօնն է, շեշտեց, թէ ծնողները աղօթում են Բարձրեալին, որպէսզի Աստծոյ աջը անպակաս լինի իրենց զաւակների վրայից եւ նրանց շունչն ու շուքը միշտ լինի իրենց ընտանիքներում։

Հարկ է նշել, որ Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը թւականիս ապրիլի 7-ին, իր կենտրոնատեղիում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, ընկերութեան անդամուհիների եւ մի շարք հրաւիրեալների մտերմիկ միջոցառմամբ նշեց Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը։ Ծրագիրը հանդիսավարեց Մեղրի Կարապետեանը, իսկ ընթացքում ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամներն ասմունքներով հանդէս եկան նւիրւած հայ մայրերին ու մայր Հայաստանին։

 

Լուսանկարները տրամադրեցին Գեւիկ Խաչատրեանն ու Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։