Հա

Համայնք

08/05/2019 - 09:30

Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի առթիւ բանախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Շահինշահրում

Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի աշխատանքների շարանում՝ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 1-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական ձեռնարկ, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներն եւ հոծ թւով ժողովուրդ՝ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի աշխատանքների շարանում՝ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 1-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական ձեռնարկ, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներն եւ հոծ թւով ժողովուրդ՝ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Երեկոն սկիզբ առեւ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, ապա բանախօսութեանբ հանդէս եկաւ ազգային-հասարակական գործիչ Սոնիկ Բաղումեանը, ով իր նիւթը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան ուղղութեամբ մեր պահանջատիրութեան այժմէականութեան, Թրքական ժխտողականութեան բնոյթի ու հետեւանքների եւ այս հանգրւանում մեր ժողովրդի կարելիութիւնների ու անելիքների մասին առանցքային հարցադրումներով։

Նա նշելով, որ իբրեւ հայրենազրկութեան ենթարկւած ազգի սերունդներ, նոյնիսկ Ցեղասպանութիւնից հարիւր տարի յետոյ, հնարաւոր չէ այդ ոճրագործութիւնը համարել լոկ պատմական իրողութիւն եւ փակել այդ էջը եւ յատկապէս մատնանշելով, որ Հայոց Ցեղասպանութեան թղթածրարը ամբողջութեամբ այժմէական հարց է, քանի որ Թուրքիան դրա վրայ կառուցել է ժխտողականութեան պետական քաղաքականութիւնը, որն այսօր իսկ սպառնալիք է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ բնականոն զարգացման դէմ, աւելացրեց, որ Թուրքիայի հերքումի պետական վարքագիծը, արտացոլւում է տարբեր բնագաւառներում` կրթական եւ պատմագիտական կեղծարարարութեամբ, Թուրքիայի ներսում եւ դրսում փանթրքական հակահայ արշաւներով եւ ահաբեկչութեամբ, թուրք մտաւորականների դէմ ծաւալւած հալածանքներով եւ պաշտօնական դիւանագիտական մակարդակում:

Բանախօսն իր ելոյթի մի այլ բաժնում անդրադառնալով վերջին տարիներին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում ձեռքբերումներին յատկապէս կարեւորեց 100-ամեակին հաստատւած համազգային Հռչակագիրը եւ ընդգծեց, որ այս կարեւոր փաստաթուղթն ուղենշում է մեր ժողովրդի հերթական քայլերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ յատկապէս վնասների հատուցման ուղղութեամբ եւ գծում մեր պահանջատիրութեան ռազմավարութիւնը, սակայն անհրաժեշտ հետեւողականութեամբ գործնական ծրագրի չի վերածւել:

Տկն. Բաղումեանն աւարտին Հայ Դատի արդարացի լուծման համար հարկաւոր նկատեց` թէ հայրենիքում եւ թէ Սփիւռքում վերացնել մեր ազգը տկարացնող բոլոր գործօնները, համախմբել մեր ուժերը եւ յստակ ու գործնական ծրագրերի մշակմամբ ու գործադրմամբ մեր կարողութիւնները զարգացնել զանազան բնագաւառներում եւ իրագործել դիւանագիտական, քարոզչական եւ դաստիարակչական ու կրթական ազդու աշխատանքներ:

Գեղարւեստական բաժնում, խմբական երգերով հանդէս եկաւ Շահինշահրի «Նարօտ» երգչախումբը. Շանթ Թահմազեանը, Արգին Շահմիրզաեանը, Արութին Հախնազարեանն ու Նազելի Մարկոսեանը հանդէս եկան երկու զուգերգով, իսկ Ռենիտա Նազարեանն ու Արսինէ Գրիգորեանը՝ մեներգերով։

Ասմունքեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի ասմունքի խմբի անդամներ՝ Ժաննա Շահբազեանն ու Սեւադա Իսաղուլեանը։

Որպէս եզրափակիչ ելոյթ՝ հանդէս եկաւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի պարախումբը. պարային կատարման աւարտին յուզիչ տեսարան առաջացաւ, երբ գեղարւեստական բոլոր կատարողները սրահ մուտք գործեցին վառւած ջահերով։

Փակման խօսքում Սրբազան Հայրն շեշտելով, որ աւելի քան մէկ դար փորձառութիւնը մեզ սովորեցրել է, թէ յոյսը աշխարհի ղեկավարների ու պատասխանատուների վրայ դնելով մեր արդար Դատի լուծմանը չենք հասնի, ընդգծեց, որ Հայ Դատի ճշմարիտ եւ արդարադատ լուծման համար՝ պէտք է աշխատել սեփական ձեռքերով, ուժով, հաւատով ու պահանջատիրութեամբ։

Գեղարւեստական բաժնի ղեկավարներն էին՝ երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանն ու պարուսոյց Ալինա Գրիգորեանը։ Ծրագրի հաղորդավարութիւնը կատարեց Էմմա Օրդուբէգեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։