Հա

Համայնք

02/06/2019 - 09:30

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակի առթիւ ժողովրդական տօնախմբութիւն՝ Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով սրահ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, ապա հնչեց ՀՀ օրհներգը եւ տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց ու դպարց դասերի միջոցով. սոյն բաժինն աւարտւեց շքերթ-տողանցքով, ուր արժ. Տ. Մեսրոպ ա. քհնյ. Գալստանեանը, թեմի Պատգամաւորական Ժողովի փոխ-ատենապետ Վազրիկ Վարդանեանը, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանն ու Վարուժ Մովսիսեանը եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Վիգէն Մովսիսեանն ընդունեցին աւանդոյթ դարձած հանդիսաւոր շքերթը՝ մասնակցութեամբ թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու երգչախմբերի վարչութիւների, երիտ-պատանեկան միութիւնների անդամների, հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու անձնակազմերի, ՀՀ հիմնադրման 101ամեակի տօնակատարութեան յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների:

Երեկոյի շարունակութեան մէջ բանախօսութեամբ հանդէս եկաւ «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը, ով իր ելոյթում պատմական ակնարկ ունենալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտմանը, հիմնականում ընդգծեց նշւած ժամանակաշրջի ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցեալ հանրապետութեան հիմնադիր այրերի ջանքերի շնորհիւ։ Նա անդրադարձաւ, թէ ՀՀ հիմնադիր այրերը գիտակցելով, որ գոյատեւման եւ փայլուն ապագայի կերտման համար՝ հացից բացի՝ ժողովրդին անհրաժեշտ է հոգեւոր սնունդ, Հայաստանի զանազան վայրերում հիմնադրեցին դպրոցներ, համալսարան, որը հետագային անւանւեց «Երեւանի պետական համալսարան», Պետական պատկերասրահը, Ազգային գրադարանն ու Պետական թանգարանը։

Պրն. Շահնազարեանը որպէս սոյն ժամանակաշրջանի գլխաւոր ձեռքբերում՝ մասնաւորապէս մատնանշելով՝ 1919 թւականի մայիսի 28-ին Հայաստանի խորհրդրանանի կողմից ընդունւած միացեալ Հայաստանի հռչակագիրը եւ շեշտելով, որ ՀՀ հիմնադիր սերունդը գիտէր, թէ հայ ժողովրդին միաւորելու, նրա ապահովութիւնն ու զարգացումը երաշխաւորելու համար հարկաւոր է կերտել ազատ, անկախ եւ միացեալ հայրենիքը, կարեւորութեամբ ընդգծեց, թէ Առաջին Հանրապետութեան պետական այրերը պատկան կառավարութիւնը համայն հայութեան կառավարութիւնն էին համարում եւ Հայաստանը՝ համայն հայութեան հայրենիքը։

Բանախօսն անդրադառնալով հետեւեալ փաստին, որ Դաշնակցութիւնն այն քաղաքական ուժն էր, որը հիմնադրեց հանրպատութիւնը եւ ընդունել տւեց միացեալ Հայաստանի հռչակագիրը, իր խօսքի եզրափակիչ բաժնում աւելացրեց. «Հայ ժողովուդրն անհաւասար պայքարի լծւեց եւ ազատագրեց Արցախը եւ դա առաջին քայլն էր միացեալ Հայրենիքի կեանքի կոչման ուղղութեամբ։ Միացեալ Հայաստանի հռչակագիրը չափազանց կարեւոր է յատկապէս՝ Հայ Դատի պայքարի ամբողջ ընթացքի համար։ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերջին թիրախը հատուցումն է. ամբողջական հատուցումը լինելու է մեր բռնագրաււած հողերի վերադարձով եւ Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի ձեւաւորումամբ»։

Գեղարւեստական բաժնում ազգային երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ «Անի» երաժշտական խումբը՝ ղեկավարութեամբ Արին Խաչիկեանի։ Երգերը կատարեց խմբի մենակատար Կարէն Օհանեանը։

Երեկոն վարեց Մեղրի Ղուկասեանը։

Հարկ է նշել, որ կիրակի՝ մայիսի 26-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պտարագի աւարտին, թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ վասն հայոց ազգի ազատութեան՝ 2018 թւականին, Բաշ-Ապարանի, Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում նահատակւած հայորդիների։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։