Հա

Համայնք

03/06/2019 - 09:40

Ն. Ջ. հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի 2018-2019 ուսումնական տարեշրջանը եզրափակւեց ամավերջի հանդիսութեամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Կրթական խորհրդի ներկայացուցիչ Արինէ Մինասեանի եւ սաների ծնողների ու հարազատների։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Կրթական խորհրդի ներկայացուցիչ Արինէ Մինասեանի եւ սաների ծնողների ու հարազատների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը ողջունելով ներկաներին՝ յոյս յայտնեց, որ դպրոցի գործունէութիւնը նպաստած լինի երեխաների կրթադաստիարակչական մակարդակի զարգացմանը։ Նա նշելով, որ դպրոցի աշխատանքները իրագործւել են մանուկների բազմակողմանի զարգացման ուղղութեամբ, որոնք են՝ հասարակայնացումը, արժէքների հետ ծանօթացումն ու դրանց մեծ ուշադրութիւն դարձնելը, լեզւական, ֆիզիքական եւ մտային կարողութիւնների զարգացումը եւ ստեղծագործ, ինքնուրոյն ու քաղաքակիրթ սերունդ դաստիարակելը, շնորհակալական խօսք ուղղեց թեմի առաջնորդին ու ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին եւ ծնողներին՝ ծրագրերի իրականացման գործում մանկապարտէզ-նախակրթարանին հովանաւորելու եւ օժանդակելու համար։

Ներկայացումների շարանը մեկնարկեց ամենակրտսեր խմբակի՝ Վարդագոյնի միջոցով, որտեղ խմբակի աղջիկները տիկնիկի, իսկ տղաները այլ խաղալիքների կերպարներ ընդունած՝ պատկերեցին մանկական անհոգ ու անկեղծ աշխարհը։ Սկզբում անշարժ խաղալիքներին կեանք պարգեւեց բարի փերին, որի դերը մարմնաւորեց տարրական դպրոցի աշակերտուհի Վանենի Յովսէփեանը, ապա փոքրիկները կատարեցին իրենց երգերը՝ պարային շարժումներով համեմւած։

Երկրորդ արարի կատարողներն էին մանկապարտէզի երկու Դեղին խմբակների սաները, ովքեր իրենց ներկայացումը նւիրելով Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին, բեմականացրին Ամենայն հայոց բանաստեղծի «Ծիտ»-ը, որը յագեցած էր խօսքերով, համահունչ շարժումներով, պարերով ու երգերով։

Աւանդոյթի համաձայն աշակերտական գեղարւեստական բաժինը եզրափակւեց նախակրթարանի գրաճանաչ դարձած սաների ներկայացմամբ, ուր արքայական պալատի բնակիչները փնտռելով կորած տառերը, ի վերջոյ դրանք գտան մի չորացած ծառի վրայ։ Նրանք կենդանացնելով այբուբենի ծառը՝ խոստացան՝ մայրենի լեզուն լաւ սովորել եւ այն անաղարտ փոխանցել հետագայ սերունդներին։ Ներկայացման ամբողջ ընթացքը ողողւած էր անհատկան խօսքերով, գեղեցիկ երգերով ու պարերով։ Աւագ դասարանցիների ծրագիրն աւարտւեց «Այբենարան» երգով եւ շրջանաւարտների գլխարկների վեր նետման արարողութեամբ։

Աշխոյժ եւ գունագեղ ներկայացումներից յետոյ Կրթական խորհրդի ներկայացուցչի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով խմբակ առ խմբակ տեղի ունեցաւ սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը։

Ձեռնարկի աւարտին ներկաներն առիթ ունեցան դիտելու կից սրահում աշակերտների ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէսը։

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։