Հա

Համայնք

07/10/2019 - 09:10

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, օրւայ բանախօս Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ միութիւնների ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ։

Տօնակատարութիւնն սկիզբ առաւ Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ եւ հանդիսավարուհի Մեղրի Ղուկասեանի ողջոյնի ու տօնին պատշաճ խօսքերով։

Այնուհետեւ բանախօսական ելոյթ ծաւալեց Արծւիկ Մինասեանը, ով սկզբում դրւատանքով արտայայտւեց Նոր Ջուղայի մասին՝ որպէս ամենացայտուն հայրենասիրական մղումներով արտայայտւած եւ համահայկական նշանակութեամբ աշխատանքներում իր ներդրումն ունեցած համայնք։

Բանախօսն անցնելով բանախօսութեան բուն թեմային, նշելով, որ 1918 թւականին ձեռք բերւած ՀՀ անկախութիւնը հիմք հանդիսացաւ 1991-ին ՀՀ անկախութեան վերականգնմանը, ասաց. «1991 թւականի անկախութեանը յաջորդեցին հսկայածաւալ ռազմական գործողութիւններ Արցախեան ճակատում՝ Հայ Դատի հերթական մի հանգրւանում, որտեղ դարձեալ մենք որպէս ժողովուրդ, ազգ եւ միասնականութիւն հաստատեցինք, թէ հայ ժողովուրդը, Հայաստանը եւ ամբողջ աշխարհը պէտք է իմանայ՝ Արցախը հայկական է եւ Արցախում ապրող ժողովուրդը հայ ժողովուրդն է»։

Բանախօսն անդրադառնալով 90-ական թւականների Հայաստանի ապազգային իշխանութեանն ու պատկան գործողութիւններին, որն աւարտւեց 1998 թւականի ընդվզումներով եւ ազգային ձգտում ունեցող ուժերի իշխանութեան գլուխն անցնելով, կարեւորեց այն փաստը, թէ ինչպէս դրանից յետոյ մեծաքանակ երկրներ սկսեցին ճանաչել հայութեան Արդար Դատը։

Պրն. Մինասեանն իր ելոյթի շարունակութեան մէջ նշելով, որ այսօր ներքին պառակտումը, թշնամանքը, ատելութիւնը եւ մեր ներսում պարտադիր դաւադիր ուժեր տեսնելու մոլուցքը եւ օտարի օրակարգով գործող իշխանականների առկայութիւնը սպառնում է մեզ, կարեւորութեամբ ընդգծեց. «Օտարածին օրակարգը սպառնում է մեր ազգային եւ աւանդական արժէքները, եկեղեցին, ընտանիքը, մշակոյթն ու լեզուն։ Եթէ մենք այսօր միասնաբար ոչ չասենք այս դրսեւորումներին, վաղը կանգնելու ենք փաստերի առջեւ։ Եթէ մենք այսօր չպահանջենք վերջ տալ Հայաստանի ներքին թշնամանքին ու ատելութեանը եւ մեր արժէքների նկատմամբ ոտնձգութիւններին, կարող ենք կորցնել նաեւ այս պետականութիւնը»։

Բանախօսն իր խօսքի եզրափակիչ բաժնում յայտնելով, որ հարկաւոր է մեր ժողովուրդը եւս մի անգամ արթնանայ եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական պատասխանատուներից պահանջի ճիշտ մշակել ու ներգրաւել մեր համազգային նպատակները, շեշտեց, թէ ՀՅԴ կուսակցութիւնը որպէս քաղաքական ուժ լինելու է Հայ ժողովրդի իղձերն արտայայտող, քանի որ իր սնուցման աղբիւրն ազգն է եւ չի սնուցւում օտարից։ Նա շեշտեց նաեւ, որ անկախ եւ միացեալ Հայաստանի կերտումը նշանակում է, թէ այսօրւանից սկսած Հայաստանի եւ Սփիւռքի հայերը միասնականօրէն պէտք է հետամուտ լինեն հայ ժողովրդի նպատակներին ու ձգտումներին եւ տէր կանգնեն անկախութեանը՝ իրենց երազանքների պետութիւնն ու հայրենիքը կերտելու համար։

Պաշտօնական բաժնի աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը։ Թեմակալ առաջնորդն իր խօսքում շնորհաւորելով առիթի կապակցութեամբ եւ օրւայ բանախօսական ելոյթը ճշմարտութեան ակնոցով դիտւած հաշւետւութիւն համարելով, Հայաստանի իշխանութիւնը նմանեցրեց ընտանիքի ծնողների, իսկ ժողովրդին՝ զաւակների եւ ասաց, որ երբ ծնողներն ինքնագիտակցութեամբ հաշւետւութեան առաջ կանգնեն ու վերահաստատեն սէրը, յարգանքը, համերաշխութիւնն ու միասնականութիւնը, այդ տունը՝ այսինքը հայրենիքը զօրեղ կը լինի, սակայն երբ ծնողները արտաքին միջամտութեամբ ու թելադրանքով կամ մենատիրութեամբ որեւէ սխալ ընթացքի մէջ մտնեն եւ չկարողանան ընդունել երկրորդ կարծիք, այն ժամանակ այդ տունը դատապարտւած է կորստի եւ քայքայման։ Նա շեշտեց յատկապէս, որ Սպահանի հայոց թեմը պարտականութիւն ունի զօրավիգ կանգնելու ազգին ու հայրենիքին՝ իր արդար ուղին վերագտնելու համար։

Տօնախմբութեան գեղարւեստական բաժինը յագեցած էր ասմունքներով, պարային համարներով եւ հայրենասիրական-ժողովրդական երգերի կատարումներով, որոնք իրականացւեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի կրտսեր պարախմբի, նոյն համոյթի ասմունքի խմբի անդամուհիներ՝ Լեռնիկ Ծատուրեանի ու Ալինա Տէր-Սուքիասեանի եւ Թեհրանից ժամանած մեներգիչ Արմէն Փիլոսեանի միջոցով։ Երգերի նւագակցութիւնը կատարեցին մեներգիչը, Րաֆֆի Շահնազարեանն ու Էդմոնդ Ստեփանեանը։

Յարակից լուրեր

  • Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն
    Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն

    Տեղի է ունեցել ոչ թէ զբաղւածութեան ընդլայնում, այլ ընդհակառակը` նւազել են աշխատանքային ռեսուրսները: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնաժողովների համակարգող Արծւիկ Մինասեանը՝ ակնարկելով, որ գործազուրկների թիւը նւազել է արտագաղթի հետեւանքով:

  • Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաների այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ
    Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաների այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ

    Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի գովելի մտահղացմամբ, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ սոյն դպրոցի սաներն այցելեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք, հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ին։

  • Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք
    Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

    Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

  • Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը
    Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

    Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

  • Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում
    Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

    129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

    ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։