Հա

Համայնք

20/02/2013

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա - Շաբաթ, փետրւարի 9-ին, կէսօրից յետոյ ժամը 2:30-ին, Սպահանի Իսլամական առաջնորդութեան եւ մշակոյթի հիմնարկի Փոքրամասնութիւնների բաժնի կազմակերպութեամբ, եգիպտացի լրագրողների, քաղաքական կուսակցութիւնների գործիչների եւ համալսարանի դասախօսներից բաղկացած 7-հոգանոց մի պատւիրակութիւն ժամանեց Ս. Ամենափրկչեան վանք եւ Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի հետ:

alt

Հանդիպմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Աշոտ Դաւթեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը, նոյն խորհրդի անդամ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ Ջանսոն Աղաբաբայեանը:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը բարիգալստեան խօսք ուղղեց հիւրերին, ապա պատասխանելով նրանց հարցումներին՝ ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց թեմի կառոյցի եւ գործունէութեան վերաբերեալ, խօսեց Իրանում եկեղեցական եւ կրօնական ոլորտներում հայութեան իրաւունքների ու ազատութեան մասին: Յաւելեալ մանրամասնութիւններ հաղորդեց Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը՝ հայոց եկեղեցիների եւ դպրոցների ծրագրերի ու հնարաւորութիւնների վերաբերեալ: Նոէլ Մինասեանը, ողջունելով պատւիրակութեան անդամներին, տեղեկութիւններ փոխանցեց մասնաւորաբար Սպահանի հայոց թեմի տարածքում ապրող հայութեան հասարակական, մշակութային, կրօնական եւ ազգային գործունէութեան ու իրավիճակի մասին: Նա իր խօսքում ասաց. «Նոր Ջուղան իր էութեամբ եւ 400-ամեայ գոյութեամբ, միշտ հանդիսանալով բազմաթիւ կրօնների համերաշխ համակեցութեան եւ խաղաղ երկխօսութեան բնօրրան, կարող է լաւագոյն օրինակ հանդիսանալ աշխարհի այլ երկրների համար՝ հանդուրժողականութեան եւ մարդկային իրաւանց սկզբունքների յարգման եւ իրագործման ուղղութեամբ»: Իր խօսքի վերջին բաժնում պրն. Մինասեանը երախտագիտութեամբ արտայայտւեց 1915 թւականին թուրք ջարդարարների միջոցով կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան կոտորածից փրկւած եւ Եգիպտոս գաղթած հայութեանը ապաստան տալու եգիպտացի ժողովրդի վերաբերմունքի մասին՝ միաժամանակ կարեւոր համարելով Իրան-Եգիպտոս քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների առաւել զարգացումն ու բարելաւումը:
Հանդիպումից յետոյ՝ խումբն այցելեց Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։