Հա

Համայնք

21/01/2013 - 11:39

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա - Շաբաթ, յունւարի 5-ին, կէսօրւայ ժամը 12։00-ին, Ս. Ամենափրկիչ վանք այցելեցին Սպահան քաղաքի Քաղխորհրդի նախագահ պրն. Հաջռասուլիհան եւ 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասարզադեգանը:

alt

Հիւրերն ընդունելութիւն գտան Ս. Ա.մենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում: Հանդիպմանը ներկայ էին՝ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Աշոտ Դաւթեանը, Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը եւ Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանը:
Սկզբում Սրբազան Հայրը բարիգալստեան խօսք ուղղեց հիւրերին եւ գովասանքով արտայայտւեց քաղաքապետարանի եւ Քաղխորհրդի գործունէութեան վերաբերեալ՝ նրանց աշխատանքների յաջողութեան արգասիքը համարելով Սպահան քաղաքի բարօր եւ ծաղկուն կարգավիճակը: Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով միաստւածեան կրօնների համակեցութեան եւ բարիդրացիական յարաբերութիւններին՝ յիշեցրեց, որ նկատի առնելով իսլամական սուգի օրերի զուգադիպումը 2013 թւականի Ամանորի օրերին, առաջնորդարանի կողմից հայ համայնքին յայտարարւել է տօնական միջոցառումներն աւելի զուսպ եւ պատշաճ կազմակերպել՝ յարգելով իսլամական սգոյ օրերի տրամադրութիւնը:

alt

Քաղխորհրդի նախագահ պրն. Հաջռասուլիհան շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ իր շնորհաւորանքները փոխանցեց առաջնորդ Սրբազան Հօրը, ազգային մարմիններին եւ հայ համայնքին՝ Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առթիւ եւ դրւատանքով արտայայտւեց առաջնորդարանի կեցւածքի ու գործունէութեան մասին:
5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասարզադեգանը, շնորհաւորանքներ փոխանցելուց յետոյ, որպէս առաւել ծանօթացում՝ մանրամասն տեղեկութիւններ փոխանցեց պրն. Հաջռասուլիհայի անցեալի եւ ներկայի գործունէութեան եւ վարած պաշտօնների մասին:
Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, գոհունակութիւն յայտնելով հայ համայնքի նկատմամբ Սպահանի պետական մարմինների տածած ուշադրութեան համար, Նոր Ջուղայի, յատկապէս Ս. Ամենափրկիչ վանքի շրջապատի անվտանգութեան, մասնաւորաբար բարեկեցութեան, հնագիտական արժէքի պահպանման եւ հայկական թաղամասերում մեծ թւով ճաշարանների գոյացման թողած բացասական ազդեցութիւնների ուղղութեամբ մի շարք մտահոգութիւններ փոխանցեց հիւրերին, ովքեր նկատի ունենալով խնդիրների լրջութիւնը՝ խոստացան այդ պարագաները յատուկ ուշադրութեան արժանացնել եւ պատշաճ որոշումներ կայացնել:
Հանդիպման աւարտին պետական հիւրերը յուշանւէր յանձնեցին առաջնորդարանին, որից յետոյ պատւիրակութիւնն այցելեց Ս. Ամենափրկիչ վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարան եւ Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցի, որտեղ նրանց համապատասխան բացատրութիւններ փոխանցւեց: Թանգարան այցելած բարձրաստիճան հիւրերին յատուկ յուշամատեանում իր տպաւորութիւնների մասին արձանագրութիւն թողեց պրն. Հաջռասուլիհան:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։