Հա

Համայնք

17/01/2013

ՅԻՇԱՏԱԿ - Վարուժան Իսախանեանի յիշատակին

altՎարուժ Իսախանեանը ծնւել էր 1944 թւականին՝ Սպահանի նահանգի Փերիա գաւառի Նամակերտ գիւղում, մի բարեպաշտ ու նահապետական ընտանիքում: Մանկութիւնը անց է կացրել նոյն գիւղում եւ յաճախելով գիւղի տարրական դպրոցը՝ ստանում  նախնական կրթութիւն:
Տասներկու տարեկան հասակում ընտանիքով փոխադրւում են Թեհրան ու Վարուժը լինելով բազմանդամ ընտանիքի անդրանիկ զաւակը՝ անցնում է աշխատանքի եւ իր կրթութիւնը լրացնում է ինքնազարգացմամբ:

Թեհրանում անցնում է աշխատանքի Լաթիանի ջրամբարի արհեստանոցում, որպէս հաստոցագործ, մինչեւ 1975 թւականը, ապա Նարմաք քաղաքամասում, գետափում, հիմնում է իր արհեստանոցը եւ աշխատում իր սեփական խանութում: Մի քանի տարի առաջ արհեստանոցը փոխադրում են Խաքսեֆիդ:
1968 թւականին ամուսնանում է Պերճուհի Հախնազարեանի հետ եւ բախտաւորւում են չորս շնորհալի զաւակներով՝ Յովիկ, Հենրիկ, Հրաչ եւ Հայկ անւամբ:
Նորոգ հանգուցեալն իր ընտանիքի կեանքն ապահովելուց բացի՝ իր անժխտելի գործուն մասնակցութիւնն է բերել գաղափարական, ազգային-հասարակական կեանքին, ի մասնաւորի՝ Սասուն քաղաքամասում:
Հաւատաւոր գաղափարական էր Վարուժ Իսախանեանը: Նա Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարին էր փարւել 1970-ական թւականներին եւ այնուհետեւ իր կեանքի ողջ ընթացքում բարոյապէս ու նիւթապէս իր ներդրումն է ունեցել յանուն իր սկզբունքների:
Նա անդամ էր Հ. Մ. «Սիփան» միութեան ու տարիներ շարունակ եղել է միութեան Երէցների բաժանմունքի անդամ, վարչութեան անդամ եւ մի քանի շրջան՝ բաժանմունքի նախագահ: Սոյն շրջաններում կազմակերպել է Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւն, որը յաջողութեամբ է պսակւել:
Սասուն քաղաքամասում անգամներ նշանակւել է որպէս հոգաբարձու «Սասուն» մանկապարտէզի ու ստանձնել է նախագահութեան պաշտօնը:
Դպրոցների դժւարին ժամանակաշրջանում տարիներ շարունակ ընտրւել է ծնողական խորհրդի անդամ ու նաեւ խորհրդի նախագահ: Իր գիտակից, խոհեմ ու չափաւոր բնաւորութեամբ նպաստել է խնդիրների լուծման գործին:
Վարուժը 1986 թւականին կորցրեց իր տիկնոջը, երբ դեռ իր կրտսեր զաւակը հազիւ մէկ տարեկան էր, այդ վիշտը նրա համար շատ մեծ էր եւ անտանելի, սակայն նա մնաց կայուն ու հաստատակամ՝ յանուն իր զաւակների բարօրութեան ու դաստիարակութեան՝ կատարելապէս ստանձնելով իր ծնողական պարտականութիւնները: Նա կարողացաւ իր ընտանիքի օջախը վառ պահել ու կատարել իր վրայ դրւած ընտանեկան մեծ պարտականութիւնը:
Վարուժի հետ ունէինք մտերմիկ ընկերական ջերմ շրջանակ: Նա յարգալից էր բոլոր ընկերների նկատմամբ, սրախօս, զւարճախօս ու առակախօս էր, ամէն խնդրի նկատմամբ ունէր իր յստակ տեսակէտը ու լուրջ էր ազգային խնդիրների վերաբերեալ:
Երկամեայ ծանր հիւանդութիւնից յետոյ՝ նա իր մահկանացուն կնքեց 2012 թւականի նոյեմբերի 28-ին՝ խոր վիշտ պատճառելով իր ընտանիքին, ընկերներին ու հարազատներին:
Յիշատակդ միշտ վառ կը մնայ, սիրելի ընկեր:

Գ. ԱԲՈՒԼԵԱՆ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։