Հա

Համայնք

16/01/2013 - 11:03

2012 թւականի դեկտեմբերի 20-ին, երեկոյեան ժամը 8։00-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, կազմակերպութեամբ Սպահանի հայոց թեմի Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի, տեղի ունեցաւ հոգեւոր համերգ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեզմայլ եւ հաւատաբոյր մեղեդիներից, տաղերից ու շարականներից։ Հոգեւոր երգերի այս ձեռնարկը նւիրւած էր Հայ գրքի տարւան։

alt

Ծրագրին ներկայ էր եւ նախագահում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը։ Ներկայ էին նաեւ՝ քահանայ հայրեր, Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի համայնքների անդամներ։
Քրիստոնէական դաստիարակութեան խորհուրդն իր տարեկան ծրագրի մէջ մշտական բաժին է յատկացնում հոգեւոր համերգների կազմակերպմանը, որի համար ամէն տարի Հայաստանից հրաւիրում էր մեր եկեղեցու տաղանդաշատ զաւակներից՝ իրենց հոգեթով ձայնով մեզ հրամցնելու գեղեցիկ պահեր։ Սակայն, այս տարի խորհուրդը համագործակցութեան հրաւիրեց Շահինշահրի հոգեւոր հովիւ Տ. Անանիա վրդ. Գուճանեանին եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի երգչախմբերի անդամներին, ովքեր Արմէն Ամիրխանեանի եւ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ հանդիսատեսին հրամցրեցին բարձր գնահատանքի արժանի հոգեւոր երգ-երաժշտութեան մի համերգ։
Համերգի ընթացքում Հայր Սուրբի, Արսինէ Մարգարեանի, Այլին Քեշիշեանի, Վեհանուշ Աւետումեանի եւ Լալա Ալեքսանդրեանի, Անասիկ Յովսէփեանի, Մելանիա Դաւթեանի, Սօսէ Ասատրեանի, Վեհանուշ Շահիջանեանի, Լալագէ Իսաղուլեանի եւ Նարինէ Ալլահվերդեանի միջոցով հնչեցին Խաչի, Աստւածածնի, Յարութեան եւ Ծննդեան տօներին վերաբերող «Բաց մեզ, Տէր», «Յայս յարկ», «Տիրամայր», «Ո՞ւր ես, մայր իմ», «Վարանիմ ի մեղաց», «Խնկի ծառի նման ես», «Հաւուն-հաւուն», «Ով պարտիզպան», «Ի գերեզման», «Նոր ծաղիկ», «Ջրօրհնեաց շարական», «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան», «Գոհանամք զքէն Տէր» մեղեդիները, տաղերն ու շարականները։
Երգեհոնի նւագակցութեամբ հանդէս եկան՝ Համիկ Ալեքսանդրեանը եւ Թադէ Պօղոսեանը։
Ձեռնարկի աւարտին բեմ հրաւիրւեցին՝ առաջնորդ Սրբազան Հայրը եւ Կրօնական խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը, որոնց միջոցով ծրագրի մասնակիցներին յանձնւեցին գնահատագրեր եւ համեստ յուշանւէրներ։ Ապա Սրբազան Հայրը հայրական խօսք ասաց եւ իր օրհնութիւնը փոխանցեց ներկաներին՝ գնահատելով Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդին՝ ծրագրի կազմակերպման եւ Հայր Սուրբին, յարգելի ղեկավարներին եւ երգիչներին՝ ծրագրի իրականացման համար։ Առաջնորդ Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց, որ Հայոց Եկեղեցու երաժշտական գանձերը հնչում են երիտասարդ անհատների շուրթերից։ Նա բոլորին յորդորեց, որ այլ երգ-երաժշտութեան կողքին՝ նաեւ լաւապէս արժէքաւորեն եւ ունկնդրեն հոգեւոր-եկեղեցական երգերը, որոնք հոգու սնունդ են՝ անկասկած։

Քրիստոնէական դաստիարակութեան
խորհուրդ

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։