Հա

Համայնք

14/01/2013

ՇԱՀԻՆՇԱՀՐ - Տօնական վաճառք՝ Շահինշահրում

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը 2012 թւականի դեկտեմբերի 16-17-ը Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպել էր տօնական վաճառք: Վաճառքի բացմանը ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր հովիւ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամներն ու բազմաթիւ այցելուներ:

alt

Հանդիսաւոր բացումը կատարեց եւ ժապաւէնը կտրեց Տէր Հայրը: Շնորհաւորելով ցուցահանդէս-վաճառքը՝ Տէր Հայրը հայ կանանց ցանկացաւ՝ առողջութիւն, ուժ, կորով եւ եռանդ: «Բոլոր այս աշխատանքները, որ ստեղծւել են հայ կնոջ բազմաշնորհ ձեռքերով, իրենց մէջ ներառում են գեղեցկութիւն եւ նուրբ ճաշակ: Նայելով այս բազմաոճ, բազմաճաշակ ու բազմագոյն աշխատանքներին՝ մեզ մնում է միայն ցանկանալ, որ նոր տարին առողջութիւն եւ յաջողութիւն բերի հայ ընտանիքներին, իսկ հայ կնոջը մայրական անսահման երջանկութիւն՝ իրենց ընտանեկան օջախի ներքոյ»,- ասաց նա:
Այնուհետեւ ցուցահանդէս-վաճառքին բարի ընթացք մաղթեց Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը: Բարի ու գեղեցիկ խօսքերի թւում ասւեց հետեւեալը. «Երբ գրադարանում թերթում էի հայ կնոջ մասին մի գիրք, տեսայ, թէ հայ կինը ինչ դեր ունի Իրանի արւեստի եւ արհեստի պատմութեան մէջ. կապ չունի, թէ որտեղ եւ ինչ պայմաններում լինի, հայ կինը մնում է միշտ ստեղծագործող:
Յաջողութիւն ցանկանալով ցուցահանդէս-վաճառքին՝ նա շնորհաւորեց բոլորի Նոր տարին, ցանկացաւ աշխարհին խաղաղութիւն եւ հայ ընտանիքներին՝ բարեկեցութիւն:
Ցուցահանդէս-վաճառքին յաջողութիւն մաղթեց Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախագահ Անահիտ Օհանեանը: «Այսօրւայ վաճառասեղաններին բազմաթիւ ապրանքները հայ կնոջ ձեռքի շնորհքն է, որ նա բաժին է հանել նաեւ ամբողջ համայնքին»,- ասաց նա: Շնորհաւորելով բոլորի Նոր տարին՝ նա նաեւ ցանկացաւ՝ առողջութիւն, յաջողութիւն եւ երջանկութիւն:
Շրջելով տօնավաճառում՝ կարելի էր տեսնել ամէն ինչ՝ մի սեղանիկի մօտ տօնական խաղալիքներ ու զարդեր, մի ուրիշ սեղանի մօտ՝ պերճանքի առարկաներ, ձեռագործ, շարֆեր, գլխարկներ, հագուստներ, իսկ մի առանձին հատւածում հայ կինը մարդկանց հետ կիսում է իր համադամ ուտելիքները՝ գաթաներ, քաղցրաւենիք, թթուներ, գեղեցիկ ու ճաշակով ձեւաւորւած չիր ու չամիչ մի խօսքով՝ իսկական տօնավաճառ, որտեղ տիրում էր տօնական մթնոլորտ:
Ցուցահանդէս-վաճառքը մեծ խանդավառութիւն առաջացրեց բնակչութեան շրջանում եւ ունեցաւ բազմաթիւ այցելուներ:
Վաճառքի ամբողջ հասոյթը Նոր տարւայ առիթով միութիւնը տրամադրեց Շահինշահրի կարիքաւորներին:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից
Վ. ՊՕՂՈՍԵԱՆ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։