Հա

Համայնք

05/05/2014 - 13:50

Մեծարանքի օր ի յիշատակ հանգուցեալ Լեւոն Մինասեանի

Թեհրանի գրքի միջազգային 27-րդ ցուցահանդէսի շրջագծում երէկ կէսօրին կազմակերպւել էր մեծարանք՝ ի յիշատակ իրանահայ վաստակաւոր ուսուցիչ, բանահաւաք եւ մտաւորական հանգուցեալ Լեւոն Մինասեանի:
Միջոցառումը նախաձեռնել էր Իրան-Հայաստան բարեկամութեան պալատը:

Թեհրանի գրքի միջազգային 27-րդ ցուցահանդէսի շրջագծում

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան - Թեհրանի գրքի միջազգային 27-րդ ցուցահանդէսի շրջագծում երէկ կէսօրին կազմակերպւել էր մեծարանք՝ ի յիշատակ իրանահայ վաստակաւոր ուսուցիչ, բանահաւաք եւ մտաւորական հանգուցեալ Լեւոն Մինասեանի:
Միջոցառումը նախաձեռնել էր Իրան-Հայաստան բարեկամութեան պալատը:
Ցուցահանդէսի միջազգային բաժնի Պարսից ծոցի անւան դահլիճում կազմակերպւած ծրագրին Իրան-Հայաստան բարեկամութեան պալատի նախագահ Մոհամմադռեզա Դամաւանդին խօսելով հանգուցեալ Լեւոն Մինասեանի գրական անցեալի մասին, կարեւորութեամբ անդրադարձաւ նրա մշակութային աշխատանքներին եւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանում ու մատենադարանում նրա բազմամեայ ծառայութեանը: Օրւայ բանախօսն էր իրանահայ ճարտարապետ մտաւորական Էդւարդ Յարութիւնեանը, որը մանրամասն ներկայացրեց հանգուցեալի կենսագրական տւեալները, անհատականութիւնը եւ ուսուցչական վաստակը, որոնց բանախօսը անդրադարձել էր «Պայման» եռամսեայի 62-րդ համարում: Նա նաեւ նշեց որ հանգուցեալի թաղման արարողութեան ընթացքում արտայայտւել էր Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որի խօսքը եւս տպագրւել էր «Պայման»-ի հէնց այդ համարում:
Ծրագրի ընթացքում արտայայտւեց մշակութային ու գիտա-հետազօտական հարցերով փորձագէտ Մաջիդ Ղոլամի Ջալիսէն, որի պատմած յուշերի ընդմիջից վեր հանւեցին հանգուցեալ Լեւոն Մինասեանի անհատական իւրայատկութիւնները: Միջոցառման աւարտին կազմակերպիչներին ու ներկաներին շնորհակալական խօսք ասաց հանգուցեալի որդին՝ Սեպուհ Մինասեանը, պատասխանելով ուղղւած հարցերին:
Ի դէպ, նշւեց, որ այս տարւայ գրքի միջազգային ցուցահանդէսին միջազգային բաժնում առանձին տաղաւարներով եւ գրքերով ներկայ են՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը, Իրան-Հայաստան բարեկամութեան պալատը, որի հետ համագործակցել է «Նայիրի» հրատարակչութիւնը:
Իսկ համալսարանական հրատարակչութիւնների բաժնի 17-րդ սրահի 296-րդ տաղաւարին՝ «Էլմօհարեքաթ եւ «Աւանգ», մասնակցել են հայ հրատարակիչներ՝ Ռուբէն եւ Ռոզիկ Շահվերդեանները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։