Հա

Համայնք

21/07/2014 - 10:20

ՅԻՇԱՏԱԿ - «Իրանի լեռնագնացութեան աստղ» Գեղամ Մինասեանի վախճանման 40-օրեակի առթիւ

Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ, իրանահայ մէկ այլ երիտասարդ լեռնագնաց Իշխան Ֆախուրեանի հետ համագործակցաբար հիմնում է «Մասիս» լեռնագնացական խումբը, որը պաշտօնապէս գրանցւում է ֆեդերացիայի կողմից՝ որպէս Իրանում միակ հայկական զուտ լենագնացական մարզակումբ, որը մի առ ժամանակ փայլուն գործունէութիւն ծաւալեց:

(Ներկայ իրանահայ երիտասարդ սերունդին անծանօթ դէմք)


Իրանահայ վետերան լեռնագնաց Գեղամ Մինասեանը յունիսի 4-ին իր մահկանացուն կնքեց Լոս Անջելէսում, կեանքի 92-րդ պատկառելի տարիքում: Իրանի մարզաշխարհի զարգացմանը բոլորանւէր ծառայած մի իրանահայ աստղ եւս հանգաւ, ով լեռնագնացութեան ասպարէզում յիրաւի արժանացել էր «Իրանի լեռնագնացութեան հայր եւ աստղ» կոչումին՝ իր մարզած հարիւրաւոր իրանցի լեռնագնացների կողմից, որը, ցաւօք, ներկայ իրանահայ երիտասարդութեան համար այլեւս անծանօթ անուն է, երբ լեռնագնացների պարսկական շրջանակում դեռեւս յարգւած երախտաւոր իրանահայ է համարւում:
Ծնւել է Իրանի հարաւում գտնւող ոչ հայաբնակ Քերման քաղաքում, որտեղ ժամանակաւորապէս հաստատւել էր ընտանիքը, որը 1929 թւականին փոխադրւում է Թեհրան եւ հաստատւում մշտապէս:
Պատանեկան տարիքից Թեհրանում Գեղամը սկսում է հետեւել մարմնամարզութեան եւ որոնում իր նախասիրութիւնը սպորտի տարբեր ճիւղերում: Ի վերջոյ, հրապուրւում է լեռնագագաթներ նւաճելու վտանգալի, բայց եւ դիւթիչ մարզաձեւով՝ որպէս ապագայ կեանքի ասպարէզ, որի ընթացքում թէ՛ կտրում է Իրանի լեռնագագաթներից շուրջ 250-ի վերելքի ուղին, եւ թէ՛ որպէս հմուտ ու բազմափորձ մարզիչ՝ տասնամեակներ շարունակ նւիրւում երիտասարդ լեռնագնացների մի քանի սերունդներ մարզելու եւ խմբեր ղեկավարելու համբերատար աշխատանքին: Այսպիսով՝ կեանքի հետագայ տարիներից շուրջ 50-ը անցնում են լերկ լեռներով հարուստ Իրանի բնութեան գրկում, եւ այդ տարիների ընթացքում Իրանի բարձրագոյն լեռնագագաթ Դամաւենդից բացի՝ բարձրանում է շուրջ 250-ի հասնող 4000 մետրից բարձր գագաթներ, որոնց մի մասը առաջին անգամ յայտնաբերեց ինքը՝ իր ղեկավարած խմբերի հետ եւ անւանակոչւեց իր միջոցով: Այդ անւանակոչումները ժամանակի ընթացքում պաշտօնապէս գրանցւեցին ու տեղ գտան Իրանի աշխարհագրական քարտէզների վրայ, օրինակ՝ «Գորդէ Ալմանիհա», «Խեռսան» զոյգ գագաթները, «Խոլենօ» («Քոլունբասթէ» լեռնախմբի գլխաւոր գագաթը», «Սենբոռան» (հարաւային Զագրոս լեռնաշղթայում՝ 4505 մ. բարձրութեամբ) եւ այլն: Այդ արշաւների ընթացքում միշտ իր կողքին են եղել իրանահայ լեռնագնացներ՝ Սարգիս Ոսկանեանը եւ Ստեփան Մուրադեանը:
1953 թւականին՝ ինքը եւ իր կրտսեր եղբայր նոյնպէս շնորհալի եւ հմուտ լեռնագնաց Նորայր Մինասեանը մասնակցում են Իրանում կազմակերպւած լեռնագնացութեան տեխնիկայի դասընթացներին, որից յետոյ որպէս ուսուցող մարզիչներ՝ զբաղւում են այդ մարզաձեւի հիմունքների ուսուցմամբ (Այստեղ անմիջապէս պէտք է յիշատակել, որ Գեղամի եղբայր լեռնագնաց ճրտ. Նորայր Մինասեանը 1958 (կամ 1957) թ. օգոստ. 12-ին Գեղամի աչքի առջեւ Ալամքուհ լեռնաշղթայում գահավիժեց եւ զոհւեց 26-7 տարեկան հասակում): Լեռնագնացութեան մարզիչ-ղեկավարի հանգամանքի կողքին՝ Գեղամը ունէր նաեւ Իրանի լեռնագնացութեան ֆեդերացիայի տեխնիկ հարցերի գծով պատասխանատու հանգամանք եւ իր տւած ուղղութիւններով նեցուկ էր լինում Իրանի աւագ ու երիտասարդ լեռնագնացներին ու մարզախմբերին: Արժանացել էր Իրանի եւ մի քանի այլ երկրների լեռնագնացական ֆեդերացիաների գնահատագրերի:
Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ, իրանահայ մէկ այլ երիտասարդ լեռնագնաց Իշխան Ֆախուրեանի հետ համագործակցաբար հիմնում է «Մասիս» լեռնագնացական խումբը, որը պաշտօնապէս գրանցւում է ֆեդերացիայի կողմից՝ որպէս Իրանում միակ հայկական զուտ լենագնացական մարզակումբ, որը մի առ ժամանակ փայլուն գործունէութիւն ծաւալեց: Գ. Մինասեանը 1990-ականներին ընտանեօք տեղափոխւեց Ամերիկայի Լոս Անջելէս քաղաքը, որտեղ անցկացրեց իր կեանքի առաջացած տարիները եւ մահկանացուն կնքեց՝ փայլուն անուն թողնելով իր կատարած բարի գործով Իրանի լեռնագնացութեան ասպարէզում:

ԱՐԱ Յ.


Յ. Գ.- Կենսագրական տւեալները վերցւել են հանգուցեալի գրած՝ ինքնակենսագրութեան ձեռագրից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։