Հա

Համայնք

17/02/2016 - 10:20

ՅԻՇԱՏԱԿ - Վիգէն Իսախանեան (Մահւան քառանօրեակի առիթով)

Սրանից քառասուն օր առաջ կարճատեւ հիւանդութիւնից յետոյ կեանքից հեռացաւ հանքաբան-ճարտարագէտ Վիգէն Իսախանեանը: Հանգուցեալը անւանի մասնագէտ էր Իրանի հանքարդիւնաբերութեան ոլորտում եւ մեծ ներդրում ունէր արժեքաւոր մետաղների ու քարերի նոր հանքերի բացայայտման ու շահագործման ասպարէզում:

Սրանից քառասուն օր առաջ կարճատեւ հիւանդութիւնից յետոյ կեանքից հեռացաւ հանքաբան-ճարտարագէտ Վիգէն Իսախանեանը: Հանգուցեալը անւանի մասնագէտ էր Իրանի հանքարդիւնաբերութեան ոլորտում եւ մեծ ներդրում ունէր արժեքաւոր մետաղների ու քարերի նոր հանքերի բացայայտման ու շահագործման ասպարէզում: Վիգէն Իսախանեանը ճանաչւած մտաւորական էր իրանահայ համայնքում եւ գործուն մասնակցութիւն ունէր Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագէտների միութեան աշխատանքներին: Փնտրւած հանքագէտը Իրանի արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարութեան կողմից հանգստի կոչւելուց յետոյ դարձել էր նոյն նախարարութեան խորհրդական եւ համակարգում էր Հայաստանի հետ երկրաբանական հետազօտութիւնների աշխատանքը: Ճարտ. Իսախանեանի ազգականները, ընկերներն ու շրջապատը հանգուցեալին յիշում են որպէս ճշտապահ ու աշխատասէր գիտնական եւ միաժամանակ ուրախ, սրամիտ ու կատակասէր մարդ:
Վիգէն Իսախանեանը ծնւել է 1932 թւականին Թաւրիզում. հօր աշխատանքի բերումով նրանց ընտանիքը տեղափոխւում է Աբադան եւ նա իր դպրոցական ուսումը ստանում է այդ քաղաքում: Աւարտական դասարանի համար տեղափոխւում է Թեհրանի նշանաւոր «Ալբորզ» դպրոց, ապա ընդունւում Պոլիտեխնիկ համալսարան: 1958 թւականին հանքաբանութեան մագիստրոսի աստիճանով աշխատանքի է ընդունւում Իրանի այն ժամանակւայ Հանքերի ու մետալուրգիայի նախարարութիւնում:
Պատասխանատու պաշտօններ է վարել հանքահետազօտութեան ասպարէզում, գործուղւել է Ֆրանսիա, Անգլիա եւ տաս ուրիշ երկիր. եղել է Իրանի ներկայացուցիչը Հանքարդիւնաբերութեան տարածաշրջանային միութիւնում: Իրանի Համադան, Չհար Գոնբադ, Զառշուրան եւ այլ շրջաններում մասնակցել է ուրանի, ոսկու, բերիւղի (բերիլ), պղնձի, գետչելիտի, բուքսիտի եւ քաոլինի հանքերի հետազօտման աշխատանքներին. բերիլի (beryl) եւ գետչելիտի (getchellite) հանքերի բացայայտման աշխատանքը գրանցւած է Վիգէն Իսախանեանի անունով: Նախարարութեան երկրաբանութեան հիմնարկի առաջարկով հիմնել է Իրանի առաջին երկրաբանական թանգարանը, ապա ընտրւել է որպէս նոյն հիմնարկի փոխտնօրէն:
Ճարտ. Իսախանեանը նոր եւ արդիական մօտեցումներ է դրսեւորել հանքարդիւնաբերութեան ոլորտում, իր աշխատակիցների հետ կազմել է Իրանի մետալուրգիական քարտէզը, մի շարք հանքերի մասնաւորեցման եւ գործարարներին ընդառաջելու հարցով առաջարկների փաթեթ է ներկայացրել կառավարութեան եւ խորհրդարանին, ջանացել է իրանական հանածօները գնով եւ որակով մրցունակ դարձնել միջազգային շուկայում: Հանքերի մասնաւորեցման կողմնակից լինելով հանդերձ երբեւէ չի փորձել ինքը եւս անձնական հանքեր շահագործել եւ իր գիւտերն ու բացայայտումներն համարել է պետական սեփականութիւն:
Հանքագէտ Իսախանեանն որպէս Իրանի հանքարդիւնաբերութեան հիմնարկի խորհրդական, համակարգել է Հայաստանի հանքաբանների հետ աշխատանքը եւ մեծ թւով հայ մասնագէտների հրաւիրել է Իրանի Ահար, Սոնգուն եւ Ասալուիէ շրջաններ պղնձի հանքերի ուսումնասիրութեան, ապա հորատման համար: Նա իրանցի իր աշխատակիցների հետ անգամներ այցելել է Հայաստան եւ մասնակցել գիտաժողովների եւ գործնական հանդիպումների: Իրանի արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարութեան մեծ թւով մասնագէտներ մասնակցեցին հանգուցեալի յուղարկաւորութեան: Նոյն նախարարութեան աւագ մասնագէտ Մանուչեհր Սադրզադէն իր դամբանական խօսքում վեր հանեց Վիգէն Իսախանեանի մեծ ներդրումն, որն ունեցել է Իրանի հանքարդիւնաբերութեան ճիւղի կայացման եւ զարգացման գործում:
Վիգէն Իսախանեանը, իր մասնագիտական գործունէութեան զուգահեռ գործուն մասնակցութիւն է ունեցել հասարակական, բարեգործական ոլորտներում: Արմատներով Արցախի Շուշւայ քաղաքից լինելով՝ հայրենիքի կանչին ականջալուր, անկախութեան առաջին օրերից նիւթական եւ բարոյական իր աջակցութիւնը չի խնայել: Հովանաւորել է «Հայաստան» Հիմնադրամին, յանձն է առել ազատամարտիկների ընտանիքի հոգածութիւնը, ինչպէս նաեւ գործարար ներդրումներ կատարել թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Արցախում:
Վիգէն Իսախանեանը ամուրի էր, ամբողջութեամբ կլանւած էր իր սիրած մասնագիտութեամբ եւ ապրում էր իր ընկերական հաճելի մթնոլորտով. նա կեանքի վերջին տարիներում եւ յատկապէս ծերութեան ու հիւանդութեան շրջանում վայելում էր Իսախանեան գերդաստանի՝ հօրեղբօր թոռների եւ հայաստանաբնակ սանիկների ջերմագորով փայփայանքն ու հոգածութիւնը:
Մեր խորին ցաւակցութիւններն Իսախանեան գերդաստանի անդամներին, միւս հարազատներին, Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագէտների միութեան եւ Վիգէն Իսախանեանի ընկերական մեծ շրջանակին:

ՏԻԳՐԱՆ ԴԱՒԹԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։