Հա

Համայնք

08/06/2013 - 11:25

alt«yerkirmedia.am» - Վաշինգտոնը պէտք է Թուրքիայի առջեւ նախապայմաններ դնի՝ վերացնել Հայաստանի անօրինական շրջափակումը եւ Կիպրոսի ապօրինի բռնազաւթումը: Միայն այդ դէպքում Թուրքիա-ԱՄՆ առեւտրի որեւէ համաձայնագիր կարող է կնքւել: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն է օրերս հանդէս եկել նման յայտարարութեամբ: Յանձնախմբի ներկայացուցիչ Քէյթ Նահապետեանը ելոյթ է ունեցել ԱՄՆ-ի Առեւտրի քաղաքականութեան հարցերով յանձնաժողովում, որին մասնակցել են ԱՄՆ-ի ֆինանսների, առեւտրի, տրանսպորտի, առողջապահութեան, հանրային ծառայութիւնների նախարարութիւնների, ինչպէս նաեւ՝ պետքարտուղարութեան ներկայացուցիչներ:

«Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում երաշխաւորել, որ Թուրքիայի Հանրապետութեան հետ առեւտրային ցանկացած համաձայնագիր կնքելիս՝ ինչպէս երկկողմանի, այնպէս էլ Եւրոմիութեան հետ համաձայնագրի շրջանակում, որպէս օրինական ուժ ունեցող նախապայման, Անկարայից պահանջելու է դադարեցնել Հայաստանի անօրինական տնտեսական շրջափակումը»,- ասել է Քէյթ Նահապետեանը:
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթներ առաջ յայտարարեց, որ Վաշինգտոնը շուտով բանակցութիւններ է սկսելու Եւրոմիութեան հետ՝ անդրատլանտեան ազատ առեւտրի գօտի ստեղծելու վերաբերեալ:
ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչը նաեւ իրենց պահանջը հիմնաւորող պատմական ակնարկ է ներկայացրել:
«Թուրքիան արդէն աւելի քան երկու տասնամեակ է, ինչ շրջափակման մէջ է պահում դէպի ծով ելք չունեցող Հայաստանը եւ խոչընդոտում է Արեւելք-Արեւմուտք առեւտրային ճանապարհի գործունէութիւնը, եւ սա նորագոյն պատմութեան ամենաերկարատեւ շրջափակումն է: Շրջափակումն աւելի վիրաւորական է դարձնում այն հանգամանքը, որ այն իրականացնում է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ հայ ժողովրդին բնաջնջելու փորձ կատարած Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ պետութեան կողմից»,- նշել է Քէյթ Նահապետեանը:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչը նաեւ հաւաքւածներին յիշեցրել է, որ Թուրքիան բազմիցս «ապացուցել է», որ կարող է հրաժարւել ցանկացած միջազգային պայմանագրի կատարումից: 2009 թ. հոկտեմբերին, առանց նախապայմանների Հայաստանի շրջափակումը վերացնելու վերաբերեալ համաձայնագրի ստորագրումից օրեր անց, Թուրքիան խախտեց պայմանաւորւածութիւնը եւ յայտարարեց, որ չի հրաժարւի շրջափակումից, քանի դեռ Ղարաբաղեան հակամարտութիւնը չի լուծւել յօգուտ Ադրբեջանի:
«Յատկապէս, մտահոգիչ է այն, որ Թուրքիան հրաժարւում է իրականացնել նախկինում կնքած առեւտրային պայմանագրերի դրոյթները: 2005 թւականին Թուրքիան Եւրոմիութեան հետ Մաքսային միութեան շրջանակում համաձայնագիր կնքեց՝ պարտաւորւելով կարգաւորել յարաբերութիւնները՝ Կիպրոսի հետ եւ բացել իր նաւահանգիստներն ու օդանաւակայանները՝ Կիպրոսի համար, սակայն չկատարեց»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչը:
Անդրատլանտեան առեւտրային եւ ներդրումային համաձայնագրի շրջանակում Թուրքիային որեւէ արտօնութիւն շնորհելուց առաջ՝ Թուրքիան պէտք է երաշխաւորի, որ այլեւս կոպտօրէն չի խախտելու առեւտրային պարտաւորութիւնները: Սա ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի պահանջն է Օբամայի վարչակարգից:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։