Հա

Համայնք

05/11/2016 - 11:20

«Գանձասար»-ի հարցազրոյցը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ

Անդրադառնալով իրանահայ համայնքի պատմութեան, ասեմ, որ այդ շատ երկար ու հարուստ պատմութիւն է լի արւեստի, գրականութեան, ճարտարագիտութեան եւ շինարարական ստեղծագործութիւններով։ Իրանահայ համայնքը դարերի ընթացքում եւ որոշ չափով մինչեւ այսօր էլ իր ներդրումն է բերել եւ բերում իրանեան մշակութային, հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքի զարգացման ընթացքի վրայ։

 

- Համառօտ կերպով կանդրադառնա՞ք իրանահայ համայնքին (թեմեր, եղեղեցիներ, դպրոցներ)։
- Առաջին հերթին ուզում եմ ողջունել «Գանձասար»-ի ողջ ընտանիքին եւ իր ընթերցողներին, որոնք աւելի քան հինգ տարի է, որ սաղմոսերգուի բառերով «մահւան ստւեր»-ը տեսան եւ սակայն չմեռան։ Միշտ ներկայ էք եղել մեր անձնական եւ հասարակական աղօթքների մէջ սիրելի քոյրեր, եղբայրներ։
Անդրադառնալով իրանահայ համայնքի պատմութեան, ասեմ, որ այդ շատ երկար ու հարուստ պատմութիւն է լի արւեստի, գրականութեան, ճարտարագիտութեան եւ շինարարական ստեղծագործութիւններով։ Իրանահայ համայնքը դարերի ընթացքում եւ որոշ չափով մինչեւ այսօր էլ իր ներդրումն է բերել եւ բերում իրանեան մշակութային, հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքի զարգացման ընթացքի վրայ։
Իրանահայ համայնքը գալիս է պատմութեան խորքից, համայնքի թիւը ունեցել է իր մակընթացութիւնը. այսօր պաշտօնական տւեալներով իրանահայութեան թիւը շուրջ 80 հազար է, որի մեծ թիւը ապրում է Թեհրան մայրաքաղաքում։
Ունենք երեք թեմեր. պատմականութեան կարգով՝ Ատրպատականի, Սպահանի (Նոր Ջուղա) եւ Թեհրանի թեմերը։ Իւրաքանչիւր թեմ կառավարւում է իր առանձին կանոնագրութեամբ եւ վերին հսկողութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան։
Իրանը որպէս հարեւան երկիր Հայաստանի, պատմութեան վկայութեամբ, եղել է բարեկամ եւ երբեմն էլ պարագաների բերումով ոչ բարեկամ, բայց ոչ մնայուն ու յարատեւ թշնամի, այլ միշտ բարեկամ։ Հետեւաբար պատմականօրէն մենք Պարսկաստանում ունեցել ենք հարիւրաւոր եկեղեցիներ, որոնք ժամանակին գտնւել են պատմական Հայաստանի տարածքի մէջ։ Խօսւում է շուրջ երեք հարիւր եկեղեցիների մասին, որոնցից շատերը խոնարհւել են, ոմանք կիսաքանդ են, իսկ աւելի լաւ վիճակի մէջ եղողները կառավարութեան ուշադրութեան առարկայ են։
Այսօրւայ տւեալներով ունենք պատմական չորս վանքեր, Ս. Թադէի վանքը, որտեղ ամէն տարի, Ս. Թադէոս Առաքեալի եւ Սանդուխտ կոյսի տօնին, ուխտագնացութիւն է տեղի ունենում հազարաւոր ուխտաւորների մասնակցութեամբ, Ս. Ստեփանոսի, Ծործորի վանքերը եւ Ս. Ամենափրկչեան վանքը Նոր Ջուղայում. իսկ Իրանի գլխաւոր քաղաքներում եւ շրջաններում ունենք բազմաթիւ եկեղեցիներ, այսպէս Նոր Ջուղայում 14, Թեհրան 11, Թաւրիզ 4, Փերիայի գիւղերում 10 եկեղեցիներ, իսկ Արաքում, Ռաշտում, Անզալիում, Մաշհադում, Ղարաղանում, Համադանում, Ուրմիայում եւ Ղազւինում մէկական եկեղեցի գոյութիւն ունի։
Այսօր իրանահայ երեք թեմերում գործում են բազմաթիւ դպրոցներ. Թեհրանում 17 դպրոց եւ 4 մանկապարտէզ, Նոր Ջուղայում մի կրթական համալիրում տեղադրւած դպրոցներ, Թաւրիզը եւ Ուրմիան եւս ունեն իրենց դպրոցները։

 

- Իրանահայութիւնը իւրայատուկ է նաեւ իր եկեղեցական, պատմական կառոյցներով։ Ի՞նչպիսի աշխատանք կը տարւի մշակութային այս ժառանգութեան պահպանման համար։
- Առաջին հարցին պատասխանելիս թւեցինք եկեղեցիներն ու եկեղեցական կառոյցները՝ վանքերը, որոնք ժամանակին եղել են մշակութային կենտրոններ։ Հինաւուրց վանքերը ինչպիսին են Թադէի վանք, Ծործորի եւ Ս. Ստեփանոսի վանքերն ու հետագայում սրանց աւելացած Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքն ու քաղաքներում գործող մեր եկեղեցիները, որոնց շուրջ էր դառնում մեր ազգային եկեղեցական կեանքը։
Այսօր կեանքի պայմանները հիմնովին փոխւել են. վերոյիշեալ վանքերից իւրաքանչիւրը իր տարածքում մինուճար, մենաւոր է մնացել, կարօտ հաւատացեալների այցելութեան։
Մեր վանքերի ու պատմական նշանակութիւն ունեցող եւ որոշ չափով լաւ վիճակում գտնւող, եկեղեցիների պահպանութիւնն ու պաշտպանութիւնը մեր համայնքի կարողութիւններից շատ վեր է. բարեբախտաբար Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հովանու ներքոյ գործող ազգային Ժառանգութեան պահպանման կառոյցը ինքը հովանաւորում, անհրաժեշտութեան պարագայում վերանորոգում եւ պահպանում է վերոյիշեալ վանքերն ու եկեղեցիները։
Մենք մեր հերթին ունենք մեր վանքերի ու եկեղեցիների պահպանման յանձնախումբը, որը համագործակցաբար պետութեան ազգային Ժառանգութեան պահպանման մարմնի հետ փորձում է հնարաւորինս կանգուն պահել մեր վանքերն ու եկեղեցիները եւ նրանց ան- ւամբ կապւած տօների առիթով ուխտագնացութիւններ կազմակերպել ժողովրդին հաղորդակից դարձնելու համար իր ճարտարապետական եւ մշակութային արժէքներին։ Ազգային Ժառանգութեան պահպանման կառոյցում ունենք հայ տնօրէն-պաշտօնեայ, որ մօտկից հետեւում է վերոնշեալ վանքերի եւ եկեղեցիների պահպանման աշխատանքներին։

 

- Նկատի ունենալով ներկայ ժամանակներում Միջին Արեւելքի մէջ տարածւած իսլամական, ծայրայեղական շարժումները եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւն լինելու հանգամանքը, ի՞նչպիսի ազդեցութիւն կարող են ունենալ նման ծայրայեղական շարժումները այս տարածաշրջանում ապրող քրիստոնեայ փոքրամասնութիւնների վրայ։
- Այո՛, այսօր Միջին Արեւելքը երկունքի մէջ է, տեղ-տեղ իսլամական ծայրայեղական շարժումները բուսել են եւ դեռ բուսնում են եւ ողջ շրջանը տագնապեցնում։ Մի բան պիտի յստակ լինի, որ որեւէ ծայրայեղական շարժում, դա լինի կրօնական թէ քաղաքական, առաջին հերթին ինքն իրեն է վնաս հասցնում։
Իսլամական ծայրայեղական շարժումները ճիշտ է եթէ տարածում գտնեն, քրիստոնէութեան ներկայութիւնը կարող է, որ հարցականի տակ դնեն, սակայն այդ շարժումները վստահաբար նոյնքան վնաս են հասցնելու իսլամութեան եւ իսլամական չափաւոր երկրներին մեծ տագնապների եւ անորոշութեան առաջ են դնելու։
Այս կացութեան դիմաց քրիստոնեաներն ու իսլամները ձեռք-ձեռքի տւած պիտի պայքարեն յանուն խաղաղ ու ստեղծագործող կեանքի, հիմնւած փոխադարձ սիրոյ եւ յարգանքի եւ ճանաչողութեան վրայ։ Նման կեանքի գեղեցկագոյն օրինակը Իրանի Իսլամական Հանրապետութիւնն է, որտեղ իսլամները, քրիստոնեաները, հրեաները, զրադաշտականները, հնդիկները, բուդդիսթներն ու սաբայիները համատեղ են ապրում յարգւած իրաւունքներով եւ կրօնական ազատութեամբ։ Հարկ է աւելացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան 13-րդ յօդւածում կարդում ենք. «Զրադաշտ, հրեայ եւ քրիստոնեայ իրանցիները պաշտօնապէս ճանաչւած կրօնական փոքրամասնութիւններ են, որոնք օրէնքի սահմաններում ազատօրէն կարող են կատարել իրենց կրօնական ծէսերը, ինչպէս նաեւ համաձայն իրենց կրօնի, զբաղւել նօտարական գործերով եւ կրօնագիտական աշխատանքներով»։
Անվարան կարող ենք ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը օրինակելի երկիր է, որտեղ ժողովուրդը «անկախ էթնիկան եւ ցեղային պատկանելիութիւնից, օժտւած է հաւասար իրաւունքներով եւ մարդու մաշկի գոյնը, ռասան, լեզուն մէկը միւսի նկատմամբ առաւելութեան պատճառ դառնալ չի կարող» (գլուխ 3 յօդւած 19)։
Ճիշտ է որ այսօր Միջին Արեւելքի որոշ երկրներ, ինչպէս Իրաքը, Սիրիան, Լիբիան, Պաղեստինը պատերազմի եւ ծայրայեղական շարժումների իրերամերժ քաղաքականութեան հետեւանքով, քրիստոնեաների համար անապահով վայրերի են վերածւել։ Միւս կողմից սակայն պատմութիւնը վկայում է, որ ծայրայեղական շարժումները չեն կարողացել եւ վստահաբար չեն էլ կարողանայ երկար գոյատեւել։ Մեզ մնում է որքան հնարաւոր է մեր քրիստոնէական անփոխարինելի ժառանգութեան տէր կանգնել։ Բնականաբար լաւ գիտենք, որ սա հեշտ ու դիւրին չէ, չմոռանանք, որ հոգեւոր ու ազգային, ինչու չէ նաեւ քաղաքական արժէքների պահպանումը իրագործւում է մեծ զոհողութիւններով։

 

- Լինելով կրօնական փոքրամասնութիւն, հայ համայնքը ի՞նչպիսի իրաւունքներ է վայելում Իրանի Իսլամական Հանրապետութիւնում։ Ի՞նչպիսի դժւարութիւններ է դիմագրաւում։
- Ինչպէս յիշւեց կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանւած են երկրի գլխաւոր օրէնսդրութեամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադրութեամբ։
Արդարեւ մեր եկեղեցիներն ու դպրոցները, Թեհրանում 17 դպրոց եւ չորս մանկապարտէզ ու մշակութային, մարզական, հասարակական եւ բարեսիրական, բարեգործական միութիւնները գործում են համաձայն իրենց յատուկ կանոնագրութիւնների։
Մեր ազգային-եկեղեցական կեանքը ընթանում է համաձայն մեր թեմական կանոնագրութեան։
Մամուլն ու հրատարակչական աշխատանքները, ներառեալ Հայ Դատին առնչւած գործունէութիւնը ընթանում են առանց դժւարութեան։
Իրանի Իսլամական խորհրդարանում փոքրամասնութիւնները ունեն իրենց պատգամաւորները՝ երկու հայ, մէկ քաղդէացի-քիլդանի, եւ մէկական հրեայ եւ զրադաշտական, որոնք ընտրւում են իրենց համայնքների կողմից եւ սակայն պատգամաւորի ամբողջական իրաւասութեամբ գործում են խորհրդարանում։
Թերեւս տարօրինակ թւի, սակայն ճշմարտութիւն է, որ, շատ յաճախ, մեր գործող եկեղեցիների նորոգութիւնը կատարւում է տեղական քաղաքապետարանների միջոցով, իսկ եկեղեցիների էլեկտրականութեան վճարումները այնպիսին են, ինչպէս մզկիթների վճարումները։
Այս բոլորով հանդերձ բնականաբար կան նաեւ որոշ դժւարութիւններ, որոնք յաղթահարելի են, սակայն ընդհանուր առմամբ մեր հայակեանքը աշխոյժ է, գործունեայ, ապագայատեսիլ եւ իր նայւածքները միշտ յառած է պահում Արարատին, Մուշին ու Սասունին, Կարսին ու Էրզրումին, այլ խօսքով համայնքը շնչում է իր քրիստոնէական հաւատքով ու պահանջատիրական պայքարի հոգով ու ոգով միշտ այն վառ ու անվրէպ յոյսով, որ այդ մի օր իրականութիւն է դառնալու։
Վերջում մէկ անգամ էլ բիւր ողջոյն Սիրիոյ մեր քաջարի ժողովրդին ու յատկապէս սիրիահայ գաղութի զաւակներին։

 

Շնորհակալութիւն
«Գանձասար»
14 հոկտեմբերի 2016 թ.
Թեհրան-Իրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։