Հա

Համայնք

06/11/2016

Յուշեր՝ «Նայիրի» տարրական դպրոցից

Մեր դպրոցի տարիների վերակացուն ու միաժամանակ հայոց լեզւի ուսուցիչն էր հանգուցեալ պրն. Նազար Նազարեանը: Նիհարակազմ, երկար հասակով, սպիտակ ու խիտ մազերով այս անհատականութիւնը «ահ ու սարսափն» էր մեր դպրոցի:

Մեր դպրոցի տարիների վերակացուն ու միաժամանակ հայոց լեզւի ուսուցիչն էր հանգուցեալ պրն. Նազար Նազարեանը: Նիհարակազմ, երկար հասակով, սպիտակ ու խիտ մազերով այս անհատականութիւնը «ահ ու սարսափն» էր մեր դպրոցի:
Հակառակ ներկայ կացութեանը մեր ժամանակաշրջանի «Նայիրի»-ին իր մէջ էր ամփոփում աւելի քան հազար աշակերտ-աշակերտուհիների. պատկառելի այդ թւաքանակի վերահսկումը, յատկապէս դասամիջոցներին՝ վստահւած էր սոյն գործի վարպետ պրն. Նազարին:
Նա անողոք էր իւրաքանչիւր աշակերտի հանդէպ, ով իր վարք ու բարքով սպառնում էր իրենից թոյլերին՝ խախտելով դպրոցի անդորրը:
Եօթանասունական թւականներին դպրոցներում ներկայի պէս խորհրդատու-հոգեբան եւ... հանգամանքներ գոյութիւն չունէին, ուստի՝ աշակերտութեան նման թիւը կարելի էր համարել մի տեսակ խառնարան՝ բաղկացած ժիր ու ծոյլ, խոշոր ու պզտիկ, հոգեպէս անհանգիստ կամ բնական հոգեկանով եւ ինչու չէ նաեւ միեւնոյն դասարանում տարիքային տարբերութեամբ աշակերտներից: Բազմազան այս հաւաքածոյի տնօրինումն ու կառավարումը մեծ ներուժ էր պահանջում ե՛ւ տեսչութիւնից, ե՛ւ պաշտօնէութիւնից ու ուսուցչական կազմից, իսկ աշակերտների ազատ ժամերի հսկումն ու կարգաւորումը կրկնակի ուժ էր պահանջում իւրաքանչիւր վերակացուից:
Այս դժւարին ու պատասխանատու պաշտօնը, բնականաբար, վստահւած էր գործին ատակ պրն. Նազարին:
Տեսչանոցի պատշգամբից փայտեայ տողաշարը ձեռքին (որը իրականում որպէս ճիպոտ էր ծառայում) նա զննում էր որեւէ շարժում. իր սրատես աչքերից ոչ մի բան թաքուն չէր մնում ու բակի անդորրը խարխլւելուն պէս, փարթամ արծւի նման «իջնում» էր դէպքի վայր՝ կանխելով որեւէ հրմշտոց ու հաւանական ծեծկռտուք:
Մեր բակի չգրւած անտառային օրէնքի համաձայն կամ պիտի լինէիր հնազանդ՝ խոյս տալու համար ուժեղի գոռոզութիւնից եւ կամ գտնւելով հակառակ դիրքում, մերթընդմերթ դասամիջոցներին ծեծի բռնւէիր քեզանից հասակով ու տարիքով մի խելառի հետ, ու ամենակարեւորը այս բոլորը թաքուն պահէիր պրն. Նազարի աչքերից:
Երեւի դա էր պատճառը, որ դպրոցի իւրաքանչիւր տարեմուտին, երբ ինձ ստիպում էին գրատախտակին նկարչութիւն անել ու ես ինչպէս միշտ «սպիտակով սեւի վրայ» ուրւագծում էի ինձ այնքան հարազատ կենադանու՝ նժոյգի մանրամասները՝ նրա մէջ տեսնելով անհնազանդ ու ազատատենչ հոգով այդ էակին...
Ինչեւէ պրն. Նազարի, դպրոցի բակում յայտնւելու ժամանակ բոլորը լռում, անշարժանում ու կամ «ոչ խարանում» էին մի որոշ տարածութիւն պահելով իր հետ, ասես նա վանող մագնիսի էր նմանում:
Դպրոցի դասամիջոցներից մէկում մի գեղեցիկ օր, ուր ուսումնական կեանքը իր «բնականոն հունով» էր ընթանում, տեսչանոցի պատշգամբի բարձունքից, որից յաճախ էինք ցատկոտում, հեռւից պրն. Նազարին տեսայ, այդ երբ եւ ոնց էր յայտնւել բակի խորքում, ինձ այդպէս էլ պարզ չեղաւ, սակայն դէպի տեսչանոց վերադարձող մեր վերակացուի վախւորած դէմքը խօսում էր եւս մի դէպքի մասին: Նրա ձեռքերում էր ուշագնաց վտիտ մարմնով մի աշակերտ, ու նա պատասխանատւութեան զգացումով շտապում էր վայրկեան առաջ ենթակային հասցնել տեսչանոց նախնական բուժօգնութիւն ցուցաբերելու համար:
Իրականում հանգուցեալ պրն. Նազարը ուսուցիչ էր ու իր կողակից տկն. Ժանետ Յորդանանեանի հետ տարիներ քաղաքամասի հայոց դպրոցներում դասաւանդել են հայկական ոգով ու իմացութեամբ, կրթելով բազում հայ աշակերտ-աշակերտուհիների, դրան զուգահեռ հարկ եղած ժամանակ մասնակցելով քաղաքամասի թատերական խմբերին, ստանձնելով իրենց առաջադրւած դերը:
Հայ գիրն ու գրականութիւնը, նրանց սրբութիւնն ու կարմիր գիծն էր, դասարանում եւս որպէս ուսուցիչ անխնայ էր, յատկապէս՝ դասից խոյս տւող ու կարգը խանգարող աշակերտի հանդէպ, փայտեայ տողաշարի ուժգնութիւնը շատերս էինք «համտեսել», տողաշարի հարւածները ձեռքի թաթերին կամ դասարանի պատի դէմը կանգնել մէկ ոտքը օդում կախած ընդհանրացած պատիժներ էին, որոնք մեզ ստիպում էին «մարդ դառնալ»...:
Նրա անհատականութեան թաքուն երեսը ի յայտ էր գալիս, երբ իր աշակերտ-աշակերտուհիներից որեւէ մէկը մշակութային հանդէսներում ասմունքում կամ ներկայանում էր հայ արւեստով:
Նա բարի էր ու ազնիւ՝ հայոց լեզուն սիրող ու հայկական առարկաները իւրացնող աշակերտի նկատմամբ եւ ինչպէս ասւեց՝ հայ գիր ու գրականութիւնը նրա սրբութիւնն էին...
Ու մեր դպրոցում քիչ չէին նման անձնուրած ուսուցիչներ, տեսուչներ, ինչպիսին էին՝ տկն. Նալբանդեանը, պրն. Ջանիկը, տկն. Բժշկեանը, Ֆիլօ եւ Լոժէն քոյրերը, տկն. Քնարը եւ շատ ուրիշներ:
Այդ դպրութեան մշակների երկա-րաշունչ ու ժրաջան աշխատանքի շնորհիւ մեր բակի խառնարանում կոփւեցին ու հասարակութեան մէջ մտան զանազան մասնագիտութիւններով ու արհեստներով օժտւած բազում անհատներ:

 

ԱՐՄԱՆ ԲԱՆԴԱՐԻ

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայոց թեմի Շինարարական մարմնի գործունէութեան զեկոյց - 2
    Թեհրանի հայոց թեմի Շինարարական մարմնի գործունէութեան զեկոյց - 2

    Պարբերաբար ներկայացնելով Շինարարական մարմնի անցեալ 5 ամսւայ ընթացքին կատարւած աշխատանքները, այժմ ներկայացնում ենք մի քանի ազգային դպրոցներում կատարւած նորոգութիւնները.

  • Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ
    Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ

    Հոկտեմբերի 28-ին Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը 2017-2018 դպրոցական տարեշրջանի տարեմուտի առիթով այցելել է հայոց ազգային «Նայիրի» եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցներ:

  • Սկաուտական վերակենդանացած յուշեր
    Սկաուտական վերակենդանացած յուշեր

    «Սկաուտութիւնը եղբայրութիւն է»,- ասում է պատանի տարիքում հայկական սկաուտութեանն անդամակցած, ծնունդով Լիբանանից, բայց Ղամիշլիում մեծացած Կարապետ Գասպարեանը՝ նայելով ձեռքում պահած հին լուսանկարներին:

  • Ուղերձ
    Ուղերձ

    Վերջերս նշւեց Թեհրանի հայոց ազգ. «Նայիրի» տարր. դպրոցի հիմնադրման 60-ամեակը: Այդ առիթով դպրոցի հիմնադիր տեսուչ՝ հանգուցեալ Յովհաննէս Տէր-Պետրոսեանի ընտանիքից ստացել ենք ստորեւ ներկայացւող ուղերձը:

  • ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - «Նայիրի» ու նայիրցիներ
    ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - «Նայիրի» ու նայիրցիներ

    «ՆԱՅԻՐԻ՜», դու ոչ միֆ ես, ոչ առասպել. Հայաստանն ես դու, Երեւանն ու Վանը, Ստեփանակերտն ու Կարսը, Ջաւախքն ու Սասունը, Նախիջեւանն ու Մուշը... Դու Թեհրանի Սասուն քաղաքամասի հայութեան համար 60-ամեայ կրթօջախդպրոց ես մի, ուսումնադաստիարակչական մի օրրան՝ մանկութեամբ, երիտասարդութեամբ ու հասունութեամբ առլեցուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։