Հա

Համայնք

16/11/2016 - 09:50

ԶՐՈՅՑ - «Սիփան» պարախումբ՝ «Զարթօնք»-ի արդիւնք է

Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբը, վաղը եւ ուրբաթ, նոյեմբերի 17-ին եւ 18-ին, գլխաւորութեամբ՝ Լոռեթա Աւետիսեանի իրականացնելու է իր անդրանիկ ելոյթը, որով խումբը պատրաստւում է անակնկալներով լեցուն երեկոյ պարգեւել հանդիսատեսին:

Զրոյց՝ «Սիփան» եւ «Զարթօնք» պարախմբերի գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեանի հետ


Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբը, վաղը եւ ուրբաթ, նոյեմբերի 17-ին եւ 18-ին, գլխաւորութեամբ՝ Լոռեթա Աւետիսեանի իրականացնելու է իր անդրանիկ ելոյթը, որով խումբը պատրաստւում է անակնկալներով լեցուն երեկոյ պարգեւել հանդիսատեսին:
«Սիփան» պարախմբի տարեկան այս ելոյթը կարելի է համարել Լոռեթա Աւետիսեանի մագիստրոտուրայի ընդունմանը յաջորդող սիփանցիների առաջին լուրջ փորձութիւնը, որը տեղի կունենայ ուսուցման գործում Լոռեթային ընկերակցող պարուսոյցների՝ Թենի Ռաղանեանսի, Արիգա Միրզախանեանի, եւ Դալար Քեշիշեանի անմիջական ներկայութեամբ ու համագործակցութեամբ:
Լոռեթա Աւետիսեանի հետ ունեցած մեր վերջին հանդիպման ընթացքում, երբ լատինօ-ամերիկեան սպորտային պարերի թեման էր զրոյցի առարկայ, շօշափւող հարցերի լուսանցքում ակնարկ արւեց նաեւ իր Երեւանի «Խաչատուր Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարւեստի ամբիոն»-ից շրջանաւարտ լինելուն, ինչը լինելով մեր հանդիպման հիմնական շարժառիթը, մեզ դրդեց անդրադառնալ նաեւ նրա ենթակայ խմբերից՝ «Սիփան» պարախմբին եւ ծաւալւող գործունէութեանն ու ապագայ ծրագրերին:

 

«Զարթօնք»-ի հայաստանեան բերքառատ ամառը

Լոռեթա Աւետիսեանը անդրադառնալով ամռանը Հայաստանում եւ Արցախում «Զարթօնք» պարախմբի ունեցած ելոյթներին, նշեց, որ այն Հայաստանում եղել է, որպէս իր համալսարանական ուսումնական շրջանի Խրէոգրաֆիայի աւարտականը ներկայացնելու փորձ, ինչը արդիւնաւորւեց նաեւ բարձր գնահատականներով: Նա շարունակելով թեման անդրադարձաւ նաեւ «Զարթօնք»-ի արցախեան շրջագայութեանն ու ունեցած ելոյթներին, որոնք ըստ պարուսոյցի՝ երկար ժամանակ արժանացել են արցախեան վիրտուալ եւ տպագիր մամուլի ուշադրութեանը:

 

Մօտ ապագայում տեղի ունենալիք ծրագրերի մասին

«Սիփան» պարախմբի գեղարւեստական ղեկավարը խօսելով «Զարթօնք» եւ «Սիփան» պարախմբերի մասին, բաց անելով փակագծերը յայտնեց, որ Հայաստանից վերադառնալուց յետոյ «Զարթօնք»-ը ոչ միայն մասնակցել է, կարեւորութեամբ իւրայատուկ, համայնքային տարբեր միջոցառումների, ինչպիսին էր Համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը, այլ շարունակելու է իր ակտիւ մասնակցութիւնը ցուցաբերել նմանօրինակ իրադարձութիւններին, այդ թւում՝ Վեհափառ Հայրապետի սպասւող այցի շրջագծում իրականացւելիք միջոցառումներին եւ այլն:
Լոռեթա Աւետիսեանը յաւելեց նաեւ, որ ազգային մշակոյթով կրթւած երիտասարդին հայրենասիրական ոգով դաստիարակելն ու պատասխանատւութեան զգացումով բեմ հանելը ոչ միայն պարտքի զգացում է, այլ մեր եւ միւս գործիչների առաքելութիւնն է: Նա յաւելեց, որ շուտով արցախեան պայքարն իրենց ուսերին կրող հայ զինւորներին նւիրւած համերգով պիտի հանդէս գայ «Զարթօնք»-ը, «...որից գոյացած հասոյթը ամբողջութեամբ նւիրելու ենք մեր զինւորներին»,- ասաց իրանահայ անւանի խրէոգրաֆը:

 

Երկու գարուն գլորած «Սիփան» պարախումբը

Առասպելական Մադամ Ելենային աշակերտած պարուսոյցը խօսելով Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ ձեւաւորւած «Սիփան» պարախմբի մասին նշեց, որ այն արդէն բոլորում է իր երկրորդ տարին եւ յոյս յայտնեց, որ ինչպէս «Զարթօնք»-ի սաների դէպքում է, «Սիփան»-ի սաները եւս կը հասնեն այն մակարդակի, որտեղ հնարաւոր լինի ապրեցնել տեսածն ու սովորածը եւ այն փոխանցել մատաղ սերնդին: «Այստեղ՝ «Սիփան» միութեան յարկի ներքոյ նոյնանուն մի խմբի հետ երկու տարի աշխատելուց յետոյ հասցրել ենք ոչ միայն պարը որպէս՝ արւեստ մատուցել եւ սիրեցնել, այլ նաեւ քայլեր ձեռնարկել, որպէսզի ծնողները ժամանակ առ ժամանակ կազմակերպւած ելոյթների ու ներկայացումների միջոցով իրենց բալիկների ուսուցման ընթացքը տեսնել եւ կատարւած աշխատանքներին ծանօթանալու առիթներ ունենան»,- նշելով Լոռեթա Աւետիսեանը, փորձեց խօսել ծնողների հետ անմիջական կապի կարեւորութեան մասին: «Իսկ վաղը «Սիփան»-ում սպասւող մեր այս խմբի անդրանիկ համերգի մասին միայն այսքանը, որ ներկայացման ընթացքում խումբը կատարելու է 23 պարային համարներ, որին մասնակցելու են մեր բոլոր 84 անդամները»,- խօսելով ներկայացման մասին տկն. Աւետիսեանը յաւելեց, որ համերգը ընթանալու է առանց ընդմիջումների, որով ըստ համերգի գեղարւեստական ղեկավարի՝ հնարաւոր կը դառնայ զգալու պարախմբի մատուցած թախիծն ու փոխանցւելիք շնչերանգը:

161116d03a

Ոճային բազմազանութիւն

Համերգով ներկայացւելիք պարային կատարումների մասին խօսելով տկն. Աւետիսեանը կարեւորեց, որ սպասւող համարներով փորձ է արւելու ապահովել ներկայացման ոճային բազմազանութիւնը, ինչով առաւել երեւելի կը դառնայ պարարւեստով հետաքրքրւած բալիկների, ինչպէս նաեւ երիտասարդ կատարողների պարային գիտելիքներն ու ունակութիւնները:
Ծրագրի բովանդակութեան մասին խօսելիս «Սիփան» պարախմբի գեղարւեստական ղեկավարը նշեց, որ, քանի որ երեխաները շատ փոքր են եւ գտնւում են պարասպարէզի սկզբնական փուլերում, փորձ է արւել դասարանային մուդին յարիր պարերով եւ համապատասխան ռիթմերի ներքոյ, նոյնիսկ 4 տարեկան բալիկներին ներգրաւած տեսնել անդրանիկ այս ելոյթին:

161116d03b

«Սիփան»-ը՝ «Զարթօնք»-ի արդիւնք էր

Յայտնի պարուսոյցը խօսելով «Սիփան» պարախմբի ստեղծման ու հիմնադրման մասին նշեց, որ պարախմբի սաների 90 տոկոսից աւելին 4-ից՝ 12 տարեկան փոքրիկներն են, այդ թւում՝ տասնչորս՝ 5-ից 8 տարեկան տղաներ: Փոքրիկների խմբին կից իր պարապմունքներն է շարունակում մեր երիտասարդ կատարողների խումբը: Իսկ այս բոլորի հետ հիմնականում աշխատում եւ պարապում են «Զարթօնք»-ի ամենավաղ շրջանից նրա հովանու տակ աճած ու պարապած երեք պարուսոյցներ՝ Թենի Ռաղանեանսը, Արիգա Միրզախանեանը, եւ Դալար Քեշիշեանը, որոնք նաեւ «Սիփան» պարախմբի տարեկան այս համերգի հիմնական նախաձեռնողներն ու պարուսոյցներն են: «Երեւի աւելորդ կը լինի նշելը, որ երեխաներն այստեղ միայն պարի չէ, որ յաճախում են: Նրանք այստեղ առիթներ են ունենում հայկական առողջ մթնոլորտում միմեանց հետ շփւելու, ընկերանալու եւ դաստիարակւելու՝ միութենական ոգով: Եւ իհարկէ, որ սրանցից եւ ոչ մէկը իրականութիւն դառնալ չէր կարող, եթէ չլինէր մեր ծնողների ներկայութիւնը, նրանց ջանքերը, եւ յատկապէս 8 հոգուց կազմւած մեր ծնողական խմբի նւիրւած աշխատանքները: Եւ ինչպէս չյիշել՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան, ինչպէս նաեւ Արւեստից բաժանմունքի հոգատար ներկայութիւնն ու ջերմ վերաբերմունքը»,-փորձելով եզրափակել զրոյցը, ասաց Լոռեթա Աւետիսեանը:
Լոռեթա Աւետիսեանը թերթելով «Զարթօնք» պարախմբի անցեալի էջերը նշեց, որ պարախումբն արդէն իսկ բոլորել է իր հիմնադրման 28 տարին եւ, թող անհամեստութիւն չլինի ասելը, որ այժմ այն հասցրել է համայնքին պարգեւել կատարողներից ու պարուսոյցներից կազմւած գրագէտ մի սերունդ, ովքեր մանկապարտէզից ցայսօր պարապել եւ դաստիարակւել են «Զարթօնք»-ի հետ միասին: Նա նշեց նաեւ, որ «Զարթօնք»-ի տղաները համերգին ներգրաւած են լինելու եւ պարային կատարումների ժամանակ ընկերակցելու են մեր երիտասարդների խմբին:

Հ. Մ. «Սիփան» միութեան
Հանրութեան հետ կապ
Լուսանկարները՝
ՄԵԼԻՆԷ ՄՈՒՐԱԴԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։