Հա

Համայնք

03/12/2016 - 10:00

Իրանահայ Ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ՝ հոգեհանգստեան արարողութիւն՝ հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների յիշատակին

Արդէն տարիների աւանդոյթի է վերածւել իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին եւ մշակոյթի ամսեակի աւարտին նախաձեռնութեամբ իրանահայ Ուսուցիչների միութեան հոգեհանգստեան արարողութիւն՝ ընդհանրապէս հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ մասնաւորապէս այդ տարւայ ընթացքում Թեհրանի հայկական համայնքում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների յիշատակին:

Արդէն տարիների աւանդոյթի է վերածւել իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին եւ մշակոյթի ամսեակի աւարտին նախաձեռնութեամբ իրանահայ Ուսուցիչների միութեան հոգեհանգստեան արարողութիւն՝ ընդհանրապէս հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ մասնաւորապէս այդ տարւայ ընթացքում Թեհրանի հայկական համայնքում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների յիշատակին:
Երկար տարիներ յիշեալ հոգեհանգստեան արարողութիւնը կատարւում էր Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, քանզի իրանահայ առաջին ուսուցչի դին ամփոփւած է եկեղեցու բակում, սակայն եկեղեցու վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով արդէն երկու տարի է, արարողութիւնը իրականանում է Ս. Աստւածածին եկեղեցում:
Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սհպուհ արք. Սարգսեանի, թւականիս նոյեմբերի 18-ին, Ս. Աստւածածին եկեղեցում նախ մատուցւեց ս. պատարագ, ապա Սրբազան Հօր ձեռամբ հոգեհանգստեան արարողութիւն: Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդը իր քարոզիմի բաժնում այսպէս ասաց. «Այսօր մենք բոլորս հաւաքւել ենք այստեղ, պատարագի աւարտին մասնակցելու հոգեհանգստեան արարողութեան, որը ամէն տարի մօտաւորապէս այս օրերին կազմակերպւում է Ուսուցիչների միութեան վարչութեան կողմից, ի յարգանքս եւ ի յիշատակ բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդի կեանքում Աստծուց շնորհւած շնորհքը փոխանցում են մեր ժողովրդի զաւակներին՝ ուսուցողութեամբ եւ վարդապետութեամբ»: 161203d02aԹեմակալ առաջնորդը կարեւորեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է, բոլորս մեր կեանքով օրինակ հանդիսանանք մեր մատաղ սերնդին եւ աւելացրեց. «Երբ լցւում ենք մեր հայրենի կեանքով, երբ լցւում ենք մեր պատմութեան հրաշալի դէպքերով եւ անձնաւորութիւններով, մեր կեանքը տարբեր է լինում, գիտակցական կեանքը աւելի պայծառ եւ աւելի հաստատակամ ձեւով դէպի ապագայ է ընթանում, որովհետեւ մեր հայրերը իրենց ողջ պատմութեան ընթացքում բազմաթիւ նեղութիւններից անցնելով, ապրել են, բայց երբեք չեն յուսայատւել, որովհետւ իրենց ժողովրդի պատմութեան ամբողջական գիտակցութիւնն են ունեցել»: Ապա թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների, ի մասնաւորի 2016-ին մեզանից առյաւէտ հեռացածների՝ Սիրանուշ Աղաջանեանի, Ստելլա Ռաթէոս-Դաւթեանի, Էլսօ Զարգարեան-Եդգարեանի, Սեդա Ստեփանեան-Բարսեղեանի, Ռոզա Հասրաթեան-Սարուխանեանի, Արմենուհի Աղաջանեանի, Նորայր Շահնազարեանի եւ Երւանդ Զամանիի:
Յաւարտ եկեղեցական արարողութեան, եկեղեցուն կից «Վաչէ Յովսէփեան» համալիրում կազմակերպւել էր գեղարւեստական-բանախօսական համեստ միջոցառում, զուգորդւած ընդունելութեամբ: Թեմակալ առաջնորդին, քահանայ հայրերին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցչին, հանգուցեալ ուսուցիչների հարազատներին եւ ներկաներին ողջոյնի խօսք ասաց իրանահայ Ուսուցիչների միութեան ատենապետ Անահիտ Արտաշեան-Աւագեանը եւ ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտընկայս լռութեամբ յարգեն բոլոր հանգուցեալ ուսուցիչների յիշատակը:
Ընթացքում, Ուսուցիչների միութեան ատենապետը անդրադառնալով, միութեան հիմնադրմանը, թւարկեց հիմնադիրների ցանկը ըստ հետեւեալի. Նադիա Մելքոնեան, Միշա Հայրապետեան, Արտուշ Քեշիշեան եւ Ստելլա Դաւթեան:
161203d02bՕրւան յարիր գեղարւեստական ծրագրին՝ ժամանակի աշակերտի անխառն զգացումները արտացոլեց Ադրինէ Դաւթեանը, Աննա Զարգարեանը արտասանեց իր տատիկի Էլսօ Զարգարեանի բանաստեղծութիւններից, «Ռոստոմ» տղայոց դպրոցի 6-րդ դասարանցի Արմէն Թորոսեանը հանդէս եկաւ արտասանութեամբ, իսկ ուսուցչին նւիրած երգով ելոյթ ունեցաւ Անահիտ Քեշիշեանը:
Յիշատակի միջոցառման բանախօս էր հրաւիրւած իրանահայ բանաստեղծ, ուսուցիչ եւ թարգմանիչ Տիգրան Պօղոսեանը: Բանախօսը համապարփակ գծերով ներկայացրեց ազգապահպանման հարցով հայ մշակոյթի անժխտելի դերը եւ այն՝ մատաղ սերնդին փոխանցելու գծով նւիրեալ հայ ուսուցչի դերակատարութիւնը: Իր ելոյթի մի բաժնում բանախօսն այսպէս արտայայտւեց. «Երբ փորձում ենք գնահատել առհասարակ ուսուցչի եւ այս դէպքում յատկապէս հայ ուսուցչի դերն ու դիրքը եւ ստանձնած ծանր պարտականութեան նշանակութիւնն ու արժէքը՝ հասարակութիւնների եւ սերունդների հետ փոխադարձ յարաբերութիւնների համատեքստում, ակամայ մտովի փոխադրւում ենք Ոսկեդար, ուր ծնունդ առան հայ ժողովրդի ամբողջ պատմութեան հոգե-մտաւոր կառուցւածքի հիմնաքարերը դնող սքանչելի մարդիկ, որոնք պիտի դառնային մեր առաջատարները՝ դպրութեան, ուսումնակրթութեան, եւ մէկ խօսքով ուսուցչութեան սրբազան ասպարէզի, որոնց բոլորի յաւերժ ապրող թանկագին յիշատակի առջեւ այսօր խոնարհւում ենք երկիւղածօրէն»:
Իր արտայայտութիւնների ընթացքում, օրւայ բանախօսը անդրադառնալով հայոց գրերի գիւտի անհրաժեշտութեանը հայ ժողովրդի գոյատեւման գործում, Մեսրոպեան հրաշագործութեան կարեւորութեան մասին յաւելեց. «Հայոց հանճարի ցոլքերը մշտավառ ու մշտաբորբոք փայլատակել են մեր գոյութեան երկնակամարում համատարած, հայոց աշխարհի երկնակամարում հորիզոնից-հորիզոն վառել են բիւր աստղեր՝ արարելով անկորնչելի ու անմար համաստեղութիւնը՝ հայոց հոգեմտաւոր արժէքների: Եւ ահաւասիկ, այսօր հակառակ բազմաթիւ ու բազմատեսք արհաւիրքներին, որոնց դէմ է առել հայ ժողովուրդն իր ողջ պատմութեան ընթացքում, դեռ կանգուն է Հայկի տունն ու Հայոց կաղնին, դեռ հայոց աշխարհում թէպէտ բազմիցս խոցւած ու կոտորակւած, սակայն յաւերժական երթի կամքով գոյատեւում է հայ ժողովուրդը... Իսկ ով տւեց մեզ այդ կամքի ուժը, եթէ ոչ մի օր՝ մեր նախահայր Հայկը, ու մի ուրիշ օր՝ Մեսրոպը Ոսկեբերան, որ յաւերժ չխամրի կրակը մեր հոգու... Եւ այդ դասերն առնելով ու լաւ ստեղծելով, մենք սովորեցինք գոյատեւելու գաղտնիքը»:
Օրւայ բանախօսի արտայայտութիւններից յետոյ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու թեմակալ առաջնորդը: Իր արտայայտութիւնների մի բաժնում թեմակալ առաջնորդն ասաց. «Արդար եւ իրաւ է ու վաւերական ամէն յարգանքի արտայայտութիւն հայ ուսուցչին եւ ընդհանրապէս ուսուցչութեան, որովհետեւ ուսուցչութիւնն ամէն բանից առաջ առաքելութիւն է եւ կոչում է եւ իբրեւ այդպիսին դու չես կարող այդ առաքելութիւնը եւ կոչումը լոկ պարզ բառերով սահմանել եւ գնահատել»: Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց իրանահայ Ուսուցիչների միութեանը, որ իւրաքանչիւր տարի նման միջոցառում է կազմակերպում եւ կարեւորեց այն հանգամանքը, որ ուսուցիչները իրենց աշակերտներին քաջալերեն է՛լ աւելի հաղորդ դառնալու եւ դերակատար լինել ազգային-կրօնական միջոցառումներին եւ աւելացրեց, որ գործով է անհրաժեշտ փառաբանել Մեսրոպ Մաշտոցին եւ ոչ միայն խօսքով: Թեմակալ առաջնորդը միաժամանակ դժգոհանք յայտնեց, որ ուսուցիչներին նւիրւած հոգեհանգիստ-միջոցառմանը ներկայ չեն գործող եւ երիտասարդ մեծ թւով ուսուցիչներ: Աւարտ գեղարւեստական ծրագրի՝ կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից՝ Կ. ԴԱՒԹԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։