Հա

Համայնք

05/12/2016

Տպաւորութիւններ՝ Գրքի 14-րդ ցուցահանդէսից

Գրքի 14-րդ շրջանի ցուցահանդէսն էլ հասաւ իր աւարտին, իր բոլոր դրական եւ բացասական կողմերով: Դրական կէտերից կարելի է նշել այն, որ նախապէս իրենց համար որոշւած օրերին եւ ժամերին ներկայ էին գտնւում դպրոցի աշակերտները:

Գրքի 14-րդ շրջանի ցուցահանդէսն էլ հասաւ իր աւարտին, իր բոլոր դրական եւ բացասական կողմերով: Դրական կէտերից կարելի է նշել այն, որ նախապէս իրենց համար որոշւած օրերին եւ ժամերին ներկայ էին գտնւում դպրոցի աշակերտները:
Դրական միւս կէտը կարելի է համարել իրանահայ գրողների աչքառու մասնակցութիւնը ցուցահանդէսի ժամանակ, ԻԳՄ-ի վարչութեան կողմից որոշւել էր՝ ցուցահանդէսի ընթացքում բանաստեղծները ներկայ գտնւեն սրահում, եւ սերտ կապ ստեղծեն աշակերտների հետ, նրանց հետ ունենան զրոյց, ազգային եւ մշակութային բոլոր ոլորտների շուրջ եւ նաեւ բացատրութիւններ տան տառերի գիւտի մեծ դերի մասին, մանաւանդ մեր հայապահպանման ասպարէզում:
Ուստի ներկայ գտնւեցին վաստակաւոր եւ նշանաւոր ուսուցիչ բանաստեղծներ՝ Վարանդը, Տիգրան Պօղոսեանը եւ Ալմինը: Աշակերտները շատ հաճոյքով լսեցին նրանց խօսքերը, մի շարք էլ ասուլիսներ տեղի ունեցան եւ ի վերջոյ աշակերտները գոհ եւ ոգեւորւած վերադարձան իրենց դպրոցները:
Իհարկէ մի քանի օր էլ այդ պարտականութիւնը յանձնւեց տողերիս գրողին, որը նմանապէս լաւ ընթացք ունեցաւ:
Բանաստեղծ բանախօսները աշակերտներին նաեւ քաջալերում էին, որ իրենց ընկեր-ընկերուհիների տարեդարձների ժամանակ նրանց գիրք նւիրեն: Եւ ամէն մէկը ունենայ իր ինքնուրոյն փոքրիկ գրադարանը, նաեւ խորհուրդ էին տալիս, որ աշակերտները միայն յաճախեն Առաքելական եկեղեցիները, քանի որ մեր՝ ազգութիւնը, հայրենասիրութիւնը եւ կրօնը շաղախւած են միմեանց հետ, եւ ամէն մէկը միւսով է լրանում: Շեշտւեց նաեւ, որ աշակերտները պէտք է շատ սիրեն իրենց հայոց լեզուն, քանի որ ըստ Լորդ Բայրոնի ասածի. «Աստծոյ հետ խօսելու լեզուն՝ հայերէնն է...»: Այդ շեշտադրումը առհասարակ մեր աշակերտուհիների հետ էր, քանի որ նրանք են, որ հետագայ սերունդներին պիտի դաստիարակեն հայկական շնչով:
161205d02aՇատ քաղցր ու հաճելի էին մանկապարտէզի երեխաները, ովքեր թէ՛ քաղցր արտասանում էին եւ թէ՛ խմբովին երգում: Յիշատակելի է, որ բոլոր մանկապարտէզների ուսուցչական եւ ծնողական կազմերը գերազանց կերպով էին ղեկավարում իրենց սաներին:
Որոշ դպրոցներ կարգապահօրէն էին ներկայ գտնւում, որոնցից կարելի է նշել՝ «Արաքս»-ը, «Ռոստոմ»-ը, «Թունեան»-ը, «Մարիամ» հաստատութիւնը եւ ...
Ոչ-արդիւնաւէտ իմաստով նաեւ դպրոցներ կային, որ կարծես զբօսայգի էին եկել, եւ աւելի վատ այն, որ դեռ մի քանի րոպէ չանցած նրանց փոխտեսուչը շտապեցնում էր աշակերտներին թէ՝ շուտ արէ՛ք, դեռ պէտք է գնաք վերեւ եւ շարադրութիւն գրէք: Այս աշակերտները քանի րոպէում ի՞նչ էին տպաւորւելու, որ ի՞նչ գրէին: Իհարկէ՝ որոշ դպրոցներ, որոնցից աւելի շատ էինք սպասում: Դժբախտաբար այս երեւոյթը կրկնւեց եկեղեցում, քանի որ քահանայ հօրը ստիպում էին շուտ վերջացնել իր հոգեւոր տւեալ խօսքերը: Արդեօք այս արարքով մենք չենք հեռացնում մեր նոր սերնդին գիր ու գրականութիւնից:
Ցուցահանդէսին մասնակցել էին՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը, ազգային առաջնորդարանը, միջեկեղեցականը, «Ալիք»-ը, իրանահայ Գրողների միութիւնը եւ «Նայիրի» հրատարակչութիւնը:
«Նայիրի» հրատարակչութիւնը աւելի ակտիւ էր, մանաւանդ գրքերի այլազանութեամբ, որոնք բերւել էր Հայաստանից, բոլոր գրքերը գերազանց որակով էին եւ հրապուրիչգրաւիչ կազմերով: Այնտեղ կային մանկական հանրագիտարաններ, բառարաններ, Երեւանում նոր լոյս տեսած թանկարժէք գրքեր եւ այլն:
Գրքերի կողքին վաճառւում էին նաեւ տարբեր տեսակի՝ զարդեր, խաչեր, թեւնոցներ, որոնք ազգային եւ կրօնական բնոյթներ ունէին: Տկն. Շաքէ Եղիայեանի որոշումով այդ զարդերը աշակերտներին վաճառւում էին կէս գնով, եւ անգամ նրանց, որոնց դրամը պակաս էր լինում տրւում էր դեռ աւելի քիչ գնով, իհարկէ այս ընթացքը կատարւում էր նաեւ գրքերի բաժնում:
Գրողների միութեան բաժնում շատ ակտիւ եւ բարեհաճ մասնակցութիւն ունէին ճարտարագէտ Էդւարդ Յարութիւնեանը եւ բանասէր Յովիկ Մինասեանը:
Վերջում, կարեւոր է շնորհակալութիւն յայտնել Սրբազան Հօրը, այս գեղեցիկ առիթը ստեղծելու համար, նաեւ տկն. Շաքէին եւ իրեն օժանդակող մարմնին, Ս. Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցական խորհրդին, մանաւանդ տկն. Սեդային, որ ամենայն բարեխղճութեամբ շուրջ տասներկու օր խնամեցին եւ սպասարկեցին՝ սուրճով, թէյով եւ համեղ թխւածքներով:
Եկեղեցական խորհուրդն ու տկն. Սեդան մի առիթով բոլոր կազմերին հրաւիրեցին համեղ ճաշի, եւ հրաժեշտի պահին էլ մատակարարեցին աւանդական համեղ սպաս:
Ուժ ու կորով նրանց եւ վարձքներն ի կատար:
Առաջարկներ
1- Զարդերի մասը առանձնանայ՝ գրքերի սրահից:
2- Դպրոցի կազմի կողմից, աշակերտներին աւելի շատ ժամանակ տրւի, եւ աշակերտներին խորհուրդ տան, թէ ի՛նչ գրքեր են նրանց տարիքին յարմար:
3- Աշակերտների ծնողների համար էլ աշակերտութեան նման՝ օր որոշւի:
4- Զարկ տալ մանկական գրականութեանը:

Շնորհակալութեամբ՝
Մ. ՕՀԱՆՋԱՆԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։