Հա

Համայնք

Կիրակի, 26 Փետրւարի 2017 08:45

Անձնուրաց Էդւարդ Նազարեանի յուղարկաւորումը

Վախճանւեց քիմիական պայթիւնից տուժած վիրաւոր հայ զինւոր՝ Էդւարդ Նազարեանը: Այս մասին տեղեկացնում է Թ.Հ.Թ. Հայ անձնուրացների յանձնախումբ:

«alikonline.ir»- Վախճանւեց քիմիական պայթիւնից տուժած վիրաւոր հայ զինւոր՝ Էդւարդ Նազարեանը: Այս մասին տեղեկացնում է Թ.Հ.Թ. Հայ անձնուրացների յանձնախումբ:

Փետրւարի 20-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, հոծ բազմութեան ներկայութեամբ, տեղի ունեցաւ հանգուցեալ Էդւարդ Նազարեանի թաղման կրօնական արարողութիւնը:

Արարողութեան ներկայ էին հանգուցեալի զինակից ընկերները, նահատակների եւ անձնուրացների ընտանիքները, թաղի ժողովուրդը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Վարդան Բաբախանեանը, Թ.Հ.Թ.-ի պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբի կազմը, Զէյթուն քաղաքամասի թաղային խորհուրդը եւ Իրանի նահատակների հիմնարկի (بنیاد شهید) տեղակալ հոջ. Մոհամմադ Թաղի Մոհամմադին եւ նոյն հիմնարկի խորհրդատու՝ Արբի Թէյմուրեանն ու Թեհրանի նահատակների հիմնարկի ութերորդ շրջանի նախագահ՝ Դաւարիփուրը, իր գործակիցներով:

Կրօնական արարողութիւնից յետոյ, եկեղեցու շրջափակում հանգուցեալի կենսագրականը ընթերցեց թաղի ծխատէր քահանայ՝ Տ. Մեսրոպ Ռատթէոսեանը, որից յետոյ դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ ամփոփւեց նահատակների բաժնում:

Ցաւակցութիւններն ընդունեցին Զէյթուն քաղաքաքամասի Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան «Սուքերեան» սրահում, որտեղ արտայայտւեց Իսլամական խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա իր խօսքում նշեց. «Իրանահայութիւնը իրան-Իրաք պարտադրեալ պատրեազմի ընթացքում 103 նահատակներ է նւիրել Իրանի սրբազան հողին եւ դարեր շարունակ ամենադժւարին պայմաններում տարբեր ժամանակաշրջաններում կանգնելով իր իսլամ իրանցի եղբայրների կողքին իր զոհաբերութիւնն է բերել հայրենիքի համար: Իրան-Իրաք պատերազմում ունեցել ենք վիրաւորներ եւ գերիներ, որոնք պայքարի մէջ են եղել թշնամու հետ եւ իրենց ամենաթանկագին կեանքն են նւիրել Իրանին»:

Այնուհետեւ արտայայտւեց անձնուրացների յանձնախմբի նախագահ Արման Բանդարին՝ հակիրճ ներկայացնելով Էդւարդի կենսագրութիւնը, որից յետոյ պարսկերէն լեզւով համառոտ զեկոյց ներկայացրեց պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերի մասին:

Վերջում հանգուցեալի աներորդի՝ Վալոդ Հախինեանն իր եւ հանգուցեալի պարագաների կողմից շնորհակալութիւն յայտնեց ներկաներին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։