Հա

Համայնք

Շաբաթ, 11 Մարտի 2017 12:20

Թեհրանում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւն, արմատներ եւ հետեւանքներ (1915-1923 թթ.)» գրքի պարսկերէն հատորը

Թեհրանում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւն, արմատներ եւ հետեւանքներ (1915-1923 թթ.)» պարսկերէն հատորը՝ Կովկասի եւ Թուրքիայի հարցերի փորձագէտ Իսակ Իւնանէսեանի աշխատասիրութեամբ: Գիրքը հրատարակւել է 1000 օրինակով, «Սալէս» հրատարակչութեան կողմից: 

«alikonline.ir» - Թեհրանում լոյս է տեսել «Հայոց Ցեղասպանութիւն, արմատներ եւ հետեւանքներ (1915-1923 թթ.)» պարսկերէն հատորը՝ Կովկասի եւ Թուրքիայի հարցերի փորձագէտ Իսակ Իւնանէսեանի աշխատասիրութեամբ: Գիրքը հրատարակւել է 1000 օրինակով, «Սալէս» հրատարակչութեան կողմից: 

Սոյն աշխատանքը բաղկացած է տասը մասերից: Առաջին գլխում հեղինակն ամփոփ կերպով ներկայացրել է հայոց պատմութեան փոթորկալից էջերն, անդրադարձել Օսմանեան կայսրութեան կազմաւորման, պանթուրքիստական եւ պանթուրանիստական տեսութիւնների արմատներին, ապա` Արեւմտեան Հայաստանում բնակւող հայ ժողովրդի եւ Օսմանեան պետութեան դիմակայումներին: 

Երկրորդ գլխում լուսաբանւել են հայութեան հանդէպ օսմանցիների կողմից թշնամանքի սկզբնաւորման պատճառները, Հայ Դատի ծագումը եւ այն պայմանագրերը, որոնք ապացուցում են օտար պետութիւնների ուղղակի դերակատարութիւնը հայ ժողովրդի ցաւալի ճակատագրի որոշման մէջ: Գրում է «akunq.net»-ը: 

Երրորդ գլխում վերլուծւել է Արեւմտեան Հայաստանում տիրող իրավիճակը 20-րդ դարասկզբին, կոտորածների սկսումը, Ցեղասպանութեան դրդապատճառներն ու մեխանիզմը եւ դրանց զուգահեռ՝ Օսմանեան կայսրութիւնում աշխատող օտարերկրացի դիւանագէտների եւ ականատեսների վկայութիւնները: 

Չորրորդ գլուխը յատկացւած է Հայոց Ցեղասպանութեան ոչ այնքան յայտնի ծալքերից մէկին, այսինքն՝ Առաջին աշխարհամարտի ընթացքին Թուրքիայի ռազմաւարական դաշնակից Գերմանիայի դերակատարութեանը եւ միաժամանակ այդ դէպքերի վերաբերեալ գերմանացի դիւանագէտների արձանագրած զեկոյցներին: Այդ զեկոյցները կարեւորւում են այն առումով, որ գերմանացի դիւանագէտներն իրենց զեկոյցներում կտրականապէս մերժել են Օսմանեան կայսրութեան հանդէպ հայերի ցուցաբերած դաւաճանութեան մասին հրապարակւած թուրքական կեղծիքները եւ երեւան են հանել «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան պարագլուխների հետապնդած պանթուրքիստական նպատակները՝ հայ ժողովրդի կոտորածների միջոցով: 

Հինգերորդ գլուխը ամենակարեւոր բաժիններից է, որտեղ ներկայացւած են այն փաստաթղթերը, որոնք մեծ մասամբ երեւան են եկել թուրքական արխիւներից եւ պարունակում են այդ երկրի քաղաքական այրերի արտայայտութիւնները: Այդ փաստագրւած ապացոյցերի ուսումնասիրումը կարող է փարատել Ցեղասպանութեան վերաբերեալ առկայ ամէն կասկածանք ու երկբայութիւն, եւ ի դերեւ հանել թուրք քաղաքական գործիչների ու պատմաբանների հաւակնած վարկածները՝ պատերազմական իրավիճակի հրամայական պատճառներով հայ ժողովրդի բռնագաղթեցման եւ կոտորման մասին, որոնք իբրեւ թէ համաճարակ հիւանդութիւնների եւ սովի հետեւանքներ են եղել: 

Վեցերորդ գլուխը յատկացւած է ականատեսների վկայութիւններին, եւրոպացի եւ ամերիկացի փորձագէտների արտայայտութիւններից հատընտիր մէջբերումներին եւ համաշխարհային հեղինակութիւն վայելող մամուլում հրապարակւած զեկոյցներին: 

Եօթերորդ գլխում խօսւելով Ցեղասպանութեան մասին` քննարկւել է այդ ողբերգութեան առաջացրած բարոյական եւ նիւթական վնասները: 

Ութերորդ եւ իններորդ գլուխները յատկացւած են միջազգային հանրութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի քննարկմանը եւ թուրք մտաւորականութեան տեսակէտներին ու գաղափարներին՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: 

Աւարտական բաժնում հեղինակն իրանահայ փորձագէտի դիտանկիւնից վերլուծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան որդեգրած քաղաքականութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարցի հանդէպ եւ այդ բաժնի շարունակութեան մէջ ներկայացրել որոշ  իրանցի ականատեսների նկարագրութիւնները եւ Իրանի Իսլամական յեղափոխութիւնից առաջ ու յետոյ գործած մի շարք քաղաքական գործիչների արտայայտութիւններն այդ թեմայի վերաբերեալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կը բնութագրէք Լիսբոնի տղաների գործողութիւնը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։