Հա

Համայնք

Կիրակի, 23 Ապրիլի 2017 12:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի Ապրիլի 24-ի պատգամը. Դաժան գաղթականութիւն, սրտաբաց հիւրընկալում

Անցած հարիւր եւ երկու տարիների ընթացքում, Հայ Դատի հետապնդման բոլոր աշխատանքները համայն աշխարհի մարդկութեան, եւ մարդկային իրաւունքների խնդիրներով զբաղւող կազմակերպութիւնների ընդհանրական խղճին ուղղւած ահագնացող ճիչ եղան, հասկացնելու ո՛չ միայն հայի սրտում կտտացող ցաւը, այլեւ փրկելու մարդկութիւնը ցեղասպանութիւնների կրկնութեան հաւանական աղէտից:

Ապրիլեան այս օրերին, երբ մեր Սուրբ Նահատակների բարեխօսութիւնը հայցող ծնրադիր աղօթք ենք կատարում մեր բոլոր եկեղեցիների խորանների առջեւ եւ նահատակաց յուշարձանների դիմաց կանգնած, չենք կարող չմտածել աշխարհի անցուդարձերի մասին, որոնք երբեմն նոր օրինակներ են հանդիսանում մարդկութեան հանդէպ կոտորածների ու շահադիտական ջարդերի:

Անցած հարիւր եւ երկու տարիների ընթացքում, Հայ Դատի հետապնդման բոլոր աշխատանքները համայն աշխարհի մարդկութեան, եւ մարդկային իրաւունքների խնդիրներով զբաղւող կազմակերպութիւնների ընդհանրական խղճին ուղղւած ահագնացող ճիչ եղան, հասկացնելու ո՛չ միայն հայի սրտում կտտացող ցաւը, այլեւ փրկելու մարդկութիւնը ցեղասպանութիւնների կրկնութեան հաւանական աղէտից:

Միջինարեւելեան երկրների աւազանում, խաղաղ բնակչութեան պատճառւած նոր գաղթականութիւնները, ո՛չ թէ մէկ քաղաքից միւսը, այլ՝ երկրից երկիր ցիրուցան լինելու տարաբնոյթ օրինակներով, անհամեմատելի են անշուշտ, Օսմանեան կայսրութեան թուրք երիտասարդ ջարդարարների կողմից հայ ազգի դէմ ծրագրւած ու գործադրւած իւրօրինակ ցեղասպանութեան հետ: Հայոց Ցեղասպանութեան ծրագրման եւ գործադրման նպատակը, իր խորքում մեր ազգի աքսորավարման ու բնաջնջման հեռանկարը ունէր, որը սակայն իր վերջնական արդիւնքին չհասաւ, ցեղասպանութիւնը կրած ու մահից մազապուրծ ազատւած սերնդի վերապրումի աննախադէպ եւ հերոսական ջանքերի շնորհիւ:

Արտաքին իր տեսքով, մեր հայրերի կրած գաղթականութեան կրկնողութիւնը տեսնում ենք յաճախ գաղթականների հեռասփռւող այն պատկերներում, որտեղ նրանք իրենց տներից այն ինչ որ կարելի է տեղափոխել՝ ծրարած ու իրենց ուսերին բարձած փախուստի են դիմում: Այս դժբախտ գաղթականների աղջիկները եւս վաճառւում են կամ բռնաբարւում, հակառակ այն խիստ հսկողութեան, որը կատարւում է Միացեալ Ազգերի Կազմակերպութեան եւ մարդասիրական միջազգային ընկերակցութիւնների կողմից:

Աւելի տխուր եւ վշտալից օրինակներ են ա՛յն դէպքերը, երբ փախստականները փրկութեան դիւրաբեկ լաստերին ապաւինելով իրենց կեանքը, ծովի միւս ափն են տենչում հասնել, բայց իրենց աչքերը փակում են մահւան սեւ գրկում, եւ կամ կորչում անդնդախոր ծովերի մութ յատակում: Տարեցներ, երիտասարդներ, կանայք ու երեխաներ անմասն չեն մնում այս դաժան բախտից: Իսկ այս դժբախտների «բախտաւորներ»-ը նրանք են, որոնք հանդիպակաց երկրի ծովուժի փրկարար ջոկատների կողմից «որսացւում են» եւ ցամաք հանւում խաղաղութեամբ:

Փրկութիւնը, սակայն, դեռեւս բաւարար չէ՛ պատւարժան կեանքով ապրելու, որովհետեւ նրանք յատուկ ճամբարների մէջ են պահւում, յատուկ վրանների տակ եւ կեանքի միայն տարրական պայմանների յատկացմամբ մնում են շրջափակւած, երբեմն անմատոյց բարձրութեամբ ցանկապատերի կալանքի տակ:

Ահա այն տարբերութիւնը, որը ցուցաբերեցին մեր ժողովրդի գաղթականներին հիւրընկալ այն երկրները, որտեղ ծւարեցին մեր նախնիք, թուրքի արնածոր եաթաղանից փրկւելուց անմիջապէս յետոյ: Անապատի արաբական անտաշ ցեղախմբերից սկսած, մինչեւ այդ օրերին ֆրանսիական տիրապետութեան ներքոյ գտնւող Սիրիայի եւ Լիբանանի պետական մարմինները, հայի խլեակների հետ չվարւեցին այնպէս, ինչպէս այսօր վարւում են քաղաքակիրթ համարւող երկրների իշխանութիւնները, նոր գաղթականների հետ:

Դեր Զորի անապատների կիզիչ արեւի տակ խանձւած դէմքերով,  պատառոտւած ցնցոտիներով, կիսամերկ ու բոկոտն բեկորները մեր ազգի, երբ հանդիպեցին հիւրընկալ սիրիացի եւ լիբանանցի ժողովրդին, չձերբակալւեցին եւ ո՛չ էլ ցանկապատւած ճամբարներում արգելափակւեցին մինչեւ իրենց ճակատագրի յստակեցումը, այլ՝ եղբայրական օգնութիւն ստացան նրանցից: Նրանք իրենց առօրեայ հացը կիսեցին աքսորական մեր ժողովրդի զաւակների հետ, իսկ տեղական իշխանութիւնները ո՛չ միայն ապահով երկինք տւեցին նրանց, ո՛չ միայն վաւերաթղթային հպատակութիւն շնորհեցին, այլեւ լիիրաւ քաղաքացու բոլոր իրաւունքները, խորհրդարանական մակարդակի վրայ: Դաժան գաղթականութեան հետեւանքը մեղմացաւ, բալասանւեց ու սպիացաւ, հիւրընկալ երկրների եղբայրական ձեռքի մեկնումով եւ հարազատի վերաբերմունքով:

Տանջւած այս սերունդը, առանց տեղական լեզւի իմացութիւնը ունենալու, վերապրումի հզօր կամքով ու ճակատի արդար քրտինքով, պատւաւոր իր կեանքը կերտեց: Դժւարին պայմաններում, վերապրումի տեսիլքը աչքերին եւ պարկեշտութեան դրոշմը ճակատին, խոնարհագոյն արհեստներից բարձրացաւ այս սերունդը, ազնիւ աշխատանքների ընձեռած հարստութեան հասնելով, առա՛նց գողութեան կամ պատւազրկման: «Աշխատասէր հայեր» անունը ժառանգեցին նրանք, բայց ո՛չ «մուրացիկ հայեր»: Անհաշիւ գումարների հասնող օժանդակութիւնները, որոնք այսօր տրւում են այս կամ այն երկրից գաղթական ժողովուրդների զաւակներին, ո՛չ ոք չտւեց հայ ժողովրդի անտէր ու անպաշտպան գաղթականներին, բացի հիւրընկալ երկրների ժողովուրդների մարդասիրական օժանդակութիւնից, որը բխում էր նրանց երկնատուր խղճմտանքից: Վրանաբնակ, խաշնարած, կիսաքաղաքակիրթ անապատական ցեղախմբերը գուցէ անդրադարձ հակազդեցութեամբ մարդկային մօտեցում ցուցաբերեցին, կմախքացած գաղթականներին մեր տառապակոծ ազգի, բայց արեցին եւ մեր պատմութեան էջերում արձանագրւեցին իբրեւ եղբայր ժողովուրդներ:

Իսկ նահատակները… մեր սո՜ւրբ նահատակները…

Նրանք երկնքի յաւերժութեան անմերձենալի փառահեղ օթեակներում, իրենց գաղթականի ցուպը թողել են արդէն եւ հանգչել յաւիտենական երանութեան լուսեղէն գրկում: Դաժան գաղթականութիւնը նրանց համար «բախտաբեր» չէր եղել, որպէսզի կարողանային սպանդից ազատւելով, հասնել հիւրընկալ երկրներ: Մեր նահատակներից շատերը իրենց տներում, ուրիշները իրենց մշակութեան դաշտերում, եւ կամ՝ ռազմի դաշտում ընկան, հայրենի հողին միախառնելով իրենց մաքրամաքուր արիւնը: Մեր սուրբ նահատակներից դժբախտագոյնները եղան նրանք, որոնք վտարանդի լինելով պապենական երկրից, հայրենազրկւած հայութեան երախայրիքը հանդիսացան, սակայն չեղան այնքան «բախտաւոր», որ ամբողջացնէին աքսորի թշւառ եւ տատասկապատ ճանապարհը: Նրանց էր վիճակւել  տառապանքի այն դառն բաժակը, որից պատմութեան մէջ մէկ օր խմեց նաեւ Աստւածորդին Գողգոթայի կատարին:

Մեր սուրբ նահատակների սրտաբաց հիւրընկալումը եթէ այս աշխարհի խաղաղ երկինքների ներքոյ չեղաւ, բայց եղաւ դրախտո՛ւմ, երբ Խաչեալը ինքը, իր բախտակից եղբայրներին ու քոյրերին ընդունեց գրկաբաց…: Այն կտտանքներին, որոնց ինքն էր ենթարկւել խաչահանների կողմից, նոյնը եւ առաւել անպատմելի ցաւերով տանջահար մէկուկէս միլիոնին դիմաւորեց Նա, դրախտի դռների առջեւ, մխիթարելով եւ փառաց պսակին արժանացնելով նրանց:

Երկնային սրբերամ խմբին պատկանող մեր նահատակների համար աղօթելով, աւարտւած չենք համարում մեր գործը: Մենք պայքարի ժողովուրդ ենք, ու մնալու ենք պայքարող, առաջին հերթին վստահելով մեր սուրբ նահատակների բարեխօսութեանն, ու ապա մեր ազգի երիտասարդ սերնդի հաւաքական յիշողութեանը:

Ամէն գիշեր երկնակամարի լուսազարդ անդաստանում ծլում են ու ծաղկում նոր աստղեր: Մեր մէկուկէս միլիոնը աստղահոյլ է կազմել երկնքում, որտեղ երջանիկ լողում են նրանք անջրպետի արծաթեայ անծայրածիր աւազանի սփոփարար ջրերը վայելելով: Նրանք այնտեղ են, սակայն մենք այստեղ՝ գոյապայքարի այս կեանքում: Նրանց համար մեր վառած իւրաքանչիւր մոմը, պայքարի վառ ջահ է, շարունակելու յաղթարշաւը դէպի արդար պահանջատիրութիւն, դէպի բռնաբարւած մեր իրաւունքների վերադարձ, դէպի վրէժ ու յաղթանակ…:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

22 ապրիլի, 2017 թ.
Ազգ. առաջնորդարան, Թաւրիզ

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ