Հա

Համայնք

22/06/2017 - 11:10

Սրբազան Հօր հարցազրոյցը Հայաստանի «Փաստ» օրաթերթի հետ

Հայաստանի հասարակական-քաղաքական «Փաստ» օրաթերթը, թւականիս մայիսին հարցազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ:

Հայաստանի հասարակական-քաղաքական «Փաստ» օրաթերթը, թւականիս մայիսին հարցազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցը.

 

- Բարով էք եկել, Սրբազան Հայր: Ի՞նչ առիթով էք Հայաստանում:

- Շնորհակալ եմ: Այս անգամ երկու առիթ կար: Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Լեռնային Ղարաբաղի Կիչան գիւղում վերակառուցման մեծ ծրագիր է իրականացնում: Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից վերակառուցւելիք թաղամասը վերամկրտւել է Նոր Կիլիկիա անունով: Շինարարութեան առաջին փուլն աւարտւել էր 2 տարի առաջ: Այս անգամ աւարտին էր հասցւել 32 տան կառուցում: Դրանց պաշտօնական բացումը եւ օրհնութիւնը կատարելու համար Ղարաբաղ էր ժամանել Կիլիկոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը` ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդը, մեր կենտրոնական վարչութեան անդամներից պարոն Տիգրան Ջրբաշեանը: Եւ ես էի: Գնացինք, միասին բացումը կատարեցինք: Իսկ երկրորդ առիթը Շուշիի ազատագրման 25-ամեակի միջոցառումներին մասնակցելն էր:

 

- Իրանը թերեւս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը գոնէ կրօնական տեսակէտից խնդիրներ չունի: Պետութիւն-համայնք այդ փոխադարձ յարգանքը ինչի՞ վրայ է կառուցւած:

- Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարաւոր տարիներ ապրում է այդ հողի վրայ: Նոյնիսկ Քրիստոսից առաջ 5-րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300-400 տարիների ընթացքում, երբ կրօնական գործօնը Իրանում աւելի ուժեղացաւ, մեր ժողովուրդը պահեց իր կրօնական ինքնուրոյնութիւնը: Եւ պարսիկներն այս երեւոյթը մեծապէս գնահատեցին: Իսլամական յեղափոխութիւնից յետոյ առաջին անգամ Սահմանադրութեան մէջ մեր եւ միւս փոքրամասնութիւնների իրաւունքները գրաւոր կերպով պաշտպանւեցին: Այսինքն, քրիստոնեաները որպէս փոքրամասնութիւն իրաւունք ստացան իրենց կեանքը վարել իրենց եկեղեցական, կրօնական օրէնքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաեւ մեր ժողովուրդը` որպէս բնիկ տեղացի, շաղախւած է պարսիկ ընկերութեան եւ ժողովրդի կեանքի մէջ:

 

- Պետութեան բացակայութեան պայմաններում եկեղեցին միշտ եղել է հայապահպան, միաւորող այն առանցքը, որի շուրջ համայնքը կենտրոնացել է: Այսօր, երբ արդէն կայ Հայաստան պետութիւնը, եկեղեցին շարունակո՞ւմ է իր այդ գործառոյթը, ո՞րն է նրա դերն ու նշանակութիւնը համայնքի համար:

- Բնականաբար, շարունակում է, որովհետեւ, ի վերջոյ, Հայաստանից դուրս գտնւող գաղութներն ունեն իրենց կեանքի ձեւը, իւրահատուկ հանգամանքները, կարգավիճակը: Վերջապէս հայ համայնքը իրանցի է, իրանահայ է: Տւեալ երկրի պայմաններում ապրելով հանդերձ, նաեւ իրենց կապւածութիւնն են պահում իրենց հայրենիքի հետ: Եւ դա, բնականաբար, առաւելութիւն է այն իմաստով, որ ժողովուրդն իրանցի լինելով` նաեւ կապւում է իր հայրենիքի հետ: Ես երբեմն ասում եմ, որ Իրանը մեր ծննդավայր-հայրենիքն է, իսկ մեր պատմական հայրենիքը Հայաստանն է:

 

- Իսկ Իրանում հայկական եկեղեցիներ շա՞տ կան եւ արդեօ՞ք դրանք գործող են:

- Ընդհանուր առմամբ, Իրանի տարածքում ունեցել ենք աւելի քան 300 եկեղեցի: Բայց շրջանների մի մասը ինչ-ինչ պատճառներով հայաթափւած է: Հետեւաբար այդ շրջանների եկեղեցիները տարիների ընթացքում բնութիւնից, առանձնութիւնից կիսաքանդ-աւերակ վիճակում են յայտնւել: Բայց կան նաեւ որոշ չափով պատմական եկեղեցիներ, վանքեր, որոնց պահպանումն իրականացնում է կառավարութիւնը: Ինչպէս, օրինակ, Սուրբ Թադէի վանքը, Սուրբ Ստեփանոսի տաճարը, Ձորձորի վանքը: Եթէ պետութեան օժանդակութիւնը չլինի, մենք չենք կարող պահպանել դրանք, որովհետեւ իւրաքանչիւրի պահպանումը տարեկան միլիոնաւոր գումարների խնդիր է:

Տարբեր քաղաքներում կան նաեւ գործող եկեղեցիներ: Օրինակ, Թեհրանում ունենք 7 գործող եկեղեցի եւ 4 մատուռ: Թեհրանի թեմում, որն ընդգրկում է Ղազւին, Ռաշտ, Անզալի, Գորգան, Համադան քաղաքները, նոյնպէս հայկական եկեղեցիներ ունենք: Ժամանակին այդ քաղաքներում մեծաթիւ գաղութ ենք ունեցել: Բայց հիմա դրանք հայաթափւած են: Ամէն շրջանում 15-20 ընտանիք է մնացել: Այնտեղ էլ տարին մէկ անգամ ուխտագնացութիւն ենք կազմակերպում եւ պատարագ ենք մատուցում: Իսկ Թաւրիզում ունենք չորս եկեղեցի, որտեղ պարբերաբար պատարագ է մատուցւում: Սպահանում ունենք 14 եկեղեցի: Դրանցից ամենայայտնիները Սուրբ Ամենափրկչի վանքն ու Սուրբ Յովսէփ Արեմաթացի եկեղեցին են, որտեղ տօնական օրերին պատարագ է մատուցւում, միեւնոյն ժամանակ հանդիսաւոր արարողութիւններ են կատարւում: Իսկ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ միշտ է պատարագ լինում:

 

- Իսկ մարդիկ յաճա՞խ են այցելում եկեղեցի: Կապը եկեղեցու հետ ամո՞ւր է:

- Իսլամական ովկիանոսում մեր քրիստոնէական ինքնութիւնը մենք պահպանում ենք: Նաեւ մեր դպրոցների միջոցով ենք այն պահում: Թեհրանում ունենք 16 դպրոց եւ 4 մանկապարտէզ: Դրանք, իհարկե, պատկանում են համայնքին, բայց կայ ուսուցման պետական ծրագիր, որին հետեւում ենք: Թէպէտ ունենք նաեւ մեր` հայկական ծրագրերը, որոնք նոյնէես զուգահեռաբար իրականացնում ենք: Բացի այդ, պետությունն ինքն է մեզ ուսուցիչներ տրամադրում:

 

- Այսօր Իրանում մեր համայնքը մե՞ծ է: Քանի՞ հայ է ապրում:

- Իրանում ապրում է մօտաւորապէս 70000-80000 հայ` գլխաւորապէս չորս քաղաքներում` Թեհրանում, որտեղ ապրում է գրեթէ 60000 հայ, Սպահանում, որտեղ մօտ 5000 հայ կայ, Թաւրիզում այդ թիւը աւելի քիչ է, իսկ Ուրմիայում` 1200-ի չափ: Իսկ Թեհրանի թեմի միւս քաղաքներում ապրում են 15-20-ական հայ ընտանիքներ:

Թաւրիզի շրջանի հայութիւնը շատ վաղ ժամանակներից է հաստատւել այնտեղ: Իսկ Թեհրանում, Ռաշտում, Ղազւինում, Անզալիում, Գորգանում հայերի մի մասը հաստատւել է Ցեղասպանութիւնից, միւս մասն էլ` Շահ Աբասի բռնագաղթից յետոյ:

 

- Այսինքն, վերջին տարիներին հոսք դէպի համայնք չկայ:

- Դժբախտաբար, արտահոսք կայ: Պատճառը կարծում եմ հետեւեալն է: «Հայազ» կոչւող հրեական կազմակերպութիւն կայ: Այն մասնագիտացած է յատկապէս հայերի արտագաղթի կազմակերպման հարցերում դէպի Միացեալ Նահանգներ: Դիւրութիւններ է տալիս այնտեղ տեղափոխւելու համար: Եւ շատերն օգտւում են այդ առիթից ու հեռանում:

 

- Կարծում էք` միտո՞ւմ կայ այդտեղ:

- Այո, համարում եմ, որ միտումնաւոր է արւում: Որովհետեւ մեր գաղութի զաւակներից շատ-շատերը, ովքեր հեռացել են, ունէին տուն-տեղ, գործարան կամ համալսարանի դասախօսներ էին: Սա ոչ մի կերպ չի բացատրւում: Բացի միայն` մէկը միւսի հետեւից գնալու սովորութիւնից: Մենք սիրում ենք տեղափոխւել մի տեղից միւսը: Իհարկէ, մարդկանց շարժն ընդհանուր երեւոյթ է ամբողջ աշխարհում: Բայց, դժբախտաբար, մեր ժողովուրդը օտարամոլութեամբ մի փոքր աւելի է տարւում:

 

- Իսկ համայնքի ամենակարեւոր խնդիրները որո՞նք են:

- Մեր առջեւ դրւած հիմնահարցը մեր նոր սերնդին ազգային եւ կրօնական դաստիարակութիւն տալն է: Եւ մեր նոր սերնդի գիտակցութեան մէջ մեր ազգային պահանջատիրական պայքարը, մեր հայրենիքի նկատմամբ նախանձախնդրութիւնը, հանձնառութիւնը վառ պահելը: Ի վերջոյ, ցանկացած ժողովրդի գոյութեան յաւերժութեան առանցքը հողն է, հայրենիքն է: Հետեւաբար, որքան հնարաւոր է` փորձում ենք նոր սերնդին դաստիարակել այս հասկացողութեամբ: Ինքնութեան պահպանումը նաեւ լեզւի, հաւատի պահպանումով է լինում: Խաչատուր Աբովեանն էր ասում` եթէ չլինեն լեզուն եւ հաւատը, մարդն ինչի՞ նման կը լինի:

 

- Որքան գիտեմ, Իրանում բաւականին աշխոյժ է համայնքի մշակութային կեանքը: Նաեւ թերթեր են լոյս ընծայւում:

- Այո, ունենք «Ալիք» օրաթերթը, ունենք «Պայման» պարբերաթերթը, որ պարսկերէնով է լոյս տեսնում եւ մեր պարսիկ եղբայրներին ու քոյրերին իրանահայութեան խնդիրներին ծանօթացնելու առաքելութիւն ունի: Ունենք նաեւ համացանցային կայքեր: Հրատակչական աշխատանքներն ենք առաջ տանում:

 

- Իսկ համայնքն Իրանի քաղաքական-հասարակական կեանքին ի՞նչ մասնակցութիւն ունի:

- Քաղաքական կեանքին մասնակցում ենք մեր պատգամաւորների միջոցով: Իրանի խորհրդարանում երկու պատգամաւոր ունենք: Նաեւ պետական մարմիններում ունենք հայ պաշտօնեաներ: Որեւէ մէկ տեղ հայ պաշտօնեաների ներկայութիւնը օրհնութիւն է: Անշուշտ, չենք ակնկալում, որ հրաշքներ կը գործեն: Բայց այդ միջավայրում լինելը, նրանց մասնակցութիւնը քաղաքական մթնոլորտի ձեւաւորմանը, ինքնին ձեռքբերում ենք համարում:

Յարակից լուրեր

  • Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով
    Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով

    Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

    Մօտալուտ Նոր տարւայ - Նոռուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

    Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

  • Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան
    Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

    Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։