Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Յուլիսի 2017 11:00

Եկեղեցական միջազգային խորհրդակցութիւն եւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Գործադիր վարչութեան ժողովը Չիանկմայում (10-15 յուլիս 2017 թ.)

Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Ընդհանուր քարտուղարութիւնը խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջեկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջեկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։

Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Ընդհանուր քարտուղարութիւնը խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջեկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջեկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։

Սոյն խորհրդակցութեան մասնակցեցին վաթսուն փորձագէտ անձնաւորութիւններ Ասիայի բոլոր երկրների եկեղեցիներից։ Խորհրդակցութիւնը տարածւած էր երկու օրերի վրայ 11 եւ 12 Յուլիս 2017։

Սոյն խորհրդակցութեան հրաւիրւած էր նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որպէս Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան անդամ եւ փորձագէտ իսլամ-քրիստոնեայ երկխօսութեան։ Հրաւիրեալների շարքին էր նաեւ Համաշխարհային Եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչ՝ դկտ. Սաուքան, որ միաժամանակ տեղակալն է ընդհանուր քարտուղարին։

Խորհրդակցութիւնը սկսաւ առաւօտեան աստւածապաշտական արարողութեամբ, որին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Սեպուհ Սրբազանը։ Առաւօտեան կրօնական արարողութիւնից անմիջապէս յետոյ, Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Մատթիու Ջորջը խօսքն առնելով, բարի գալուստ մաղթեց բոլորին եւ ապա առանձնաբար ներկայացրեց մասնակցողներին՝ թւով 61 հոգի, եկած ողջ Ասիայի տարածքից։ Ընդհանուր քարտուղարը իր խօսքի մէջ կարեւորութեամբ շեշտեց միջեկեղեցական յարաբերութեան վերաշխուժացման անհրաժեշտութիւնը, հակառակ այն իրողութեան, որ այսօր միջեկեղեցական յարաբերութիւնները բոլոր մակարդակների վրայ մեծ մարտահրաւէրների առաջ է կանգնած, հետեւաբար եկեղեցիներն ու միջեկեղեցական խորհուրդները Ասիայում յարատեւօրէն երկխօսութեան մէջ լինելու են ի վկայութիւն իրենց յանձնառութեամբ. «Այն երկրամասում, որտեղ քրիստոնեաները փոքրամասնութիւն են կազմում, առաւել եւս կարեւոր է յանձնառու գործակցութիւն եւ յարաբերութիւն, այլեւ անկեղծ ու հարազատ երկխօսութիւն, քրիստոնեայ համայնքների մէջ եւ նաեւ միջկրօնական երկխօսութիւն տարբեր կրօնների որդիների հետ» շեշտեց ընդհանուր քարտուղարը։

Այնուհետ իրերայաջորդ ելոյթներով դասախօսներ կարեւորութեամբ շեշտեցին նման խորհրդակցութիւնների հրամայական պահանջքը։

Առաջին օրւայ յետ միջօրէի գլխաւոր թեման էր «Միջեկեղեցական յարաբերութիւնների շարժումը, յարաբերաբար կրօնական անհանդուրժողութեան եւ կրօնական ազատութեան»։ Այս բաժնին ատենապետեց Սեպուհ Սրբազանը, որ նախ մեծապէս գնահատեց խորհրդակցութեան ծրագրի այս մասը, որտեղ ներկայացւելու է քրիստոնեայ համայնքների վիճակը Ասիայում մեծամասնութեամբ իսլամական,  պուտտայական եւ հինդուիզմի երկրներում։

Սեպուհ Սրբազանը առանձին դասախօսները հրաւիրելուց առաջ խօսեց յատկապէս Իրանի մէջ ապրող փոքրամասնութիւնների եւ յատկապէս քրիստոնեաների մասին յաւելելով, որ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները սահմանադրութեամբ պաշտպանւած են եւ որպէս իրանցի քաղաքացիներ վայելում են պետութեան հովանաւորութիւնը. «Իրանի մեծագոյն թեմի Թեհրանի իմ առաջնորդութեան 18 տարիների ընթացքին ուրախութեամբ նկատած եմ պետական այրերի, կառոյցների, մշակութային հաստատութիւնների մօտ հանդուրժողականութիւն եւ սիրալիր ու յարգալից վերաբերում փոքրամասնութիւնների նկատմամբ» շեշտեց Սեպուհ Սրբազանը, աւելացնելով որ սա իրանեան ընկերութեան աւանդութիւնն է, որ արմատացած է պատմութեան մէջ։ Այնուհետ Ինդոնեզիայի, Բանգլադեշի եւ Պակիստանի եկեղեցիների ներկայացուցիչները իրենց ելոյթներով անդրադարձան իրենց երկրներում տիրող անհանդուրժողութեան մասին։

Երկու օրերի վրայ տարածւած խորհրդակցութիւնը իր աշխատանքները եզրակացրեց մի հաղորդագրութեամբ, որի մէջ գոհունակցութեամբ անդրադարձ եղաւ ներկայացւած թեմաների այժմէականութեան եւ կոչ ուղղւեց բոլոր եկեղեցիներին շարունակելու իրենց յանձնառու գործունէութիւնը միջեկեղեցական եւ միջկրօնական կալւածներից ներս։

Սոյն երկօրեայ խորհրդակցութեան յաջորդեց Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովը նոյն վայրում 13-15 յուլիս 2017 թ.-ին։

Ժողովական աշխատանքները, սկսւեցին առաւօտեան պաշտամունքով, որից յետոյ ընդհանուր քարտուղարը ներկայացրեց իր տեղեկագիրը, որտեղ բաւական ծաւալուն եւ աշխոյժ գործունէութեան պատկեր էր ներկայացւած, մի բան որ մեծապէս գնահատւեց բոլոր ժողովականների կողմից։

Յաջորդական նիստերում ներկայացւեցին խորհրդի ծրագրերի, հաշւապահութեան եւ խորհրդի մի կալւածի եւ Հոնկոնգի բանկում եղած մի գումարի շահագործման կարելութիւնները։ Ժողովականները կարեւորութեամբ շեշտեցին խորհրդի նիւթական գործառնութեան թափանցիկութիւնը։

Մի այլ բաժնում ժողովականները քննարկեցին հոկտեմբերին Եանկոնում- իանմար տեղի ունենալիք խորհրդի 60-ամեակի տօնակատարութիւնների եւ այդ առիթով տեղի ունենալիք քառօրեայ համագումարի մասին 11-16 հոկտեմբեր 2017 թ.։

Ընդհանուր քարտուղարը զեկուցեց նաեւ Խորհրդի միաւորների գործունէութեան բարւօք ընթացքի մասին, շեշտելով միաժամանակ անհրաժեշտութիւնը Խորհուրդը սեփական կենտրոնով օժտելը։

Երկուշաբթի 17 յուլիսի 2017 թ.-ին Սեպուհ Սրբազանը ներկայ գտնւեց խորհրդի կանանց բաժնի ղեկավարութեան կազմակերպած համագումարին, որին նաեւ Թեհրանի թեմից մասնակցում էր դոկտ. Ալիս Խաչեանը։ Սրբազան Հայրը նախ մասնակցեց առաւօտեան պաշտամունքին եւ ապա յանուն Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ողջունեց ներկաներին, շեշտեց կարեւորութիւնը նման համագումարների եւ ասաց «Կինը մարդկային ընկերութեան եւ եկեղեցու կեանքում ունի վճռական շատ կարեւոր դերակատարութիւն։ Քրիստոսի եկեղեցին կարեւորել ու կարեւորում է կնոջ դերը եկեղեցում»,- ասաց Սրբազան Հայրը։

Այնուհետ Սեպուհ Սրբազանը ընկերակցութեամբ Բանքոկի ազգայիններից բնիկ պաղտատցի՝ պրն. Ռոստոմ Ալէքեան այցելեց Թայլանդում Հայաստանի պատւոյ հիւպատոսարանը եւ հանդիպեց հիւպատոսարանի եւ «Արթինեան» Հաստատութեան պաշտօնէութեան հետ գլխաւորութեամբ Հաստատութեան փոխտնօրէն՝ պրն. Սարօ Արթինեանի։

Սեպուհ Սրբազանը Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեանը յանուն Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրաւիրեց Անթիլիաս-Լիբանան ունենալու համար իր հերթական նիստը յառաջիկայ տարւայ՝ 2018-ի յուլիսին։

Ժողովականները յատուկ սիրով եւ յարգանքով ընդունեցին Վեհափառ Հայրապետի հրաւէրը։

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։