Հա

Համայնք

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 08:23

Մեծարանքի երեկոյ նւիրւած Նազար Շահվերդեանին

Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի սեպտ. 14-ին, Թ.Հ.Կ. Եկեղեցասէր միութեան սրահում, տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատակից, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանին: Ներկայ էին յիշեալի տարիների աշակերտները, գրչակից ընկերներն ու  գրասէր ազգայիններ: 

Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի սեպտ. 14-ին, Թ.Հ.Կ. Եկեղեցասէր միութեան սրահում, տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատակից, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանին: Ներկայ էին յիշեալի տարիների աշակերտները, գրչակից ընկերներն ու  գրասէր ազգայիններ: 

Բացման խօսքում միութեան նախագահ՝ բանաստեղծ Վարանդը ասաց՝ «Իմ սերնդակիցները կը վկայեն, որ մենք գրականութեան բնագաւառ ենք մտել շնորհիւ ժամանակին հրատարակւող «Ալիք Պատանեկան»-ի եւ այդ օրերից բոլորս տեսել ենք Նազար Շահվերդեանին, որ  նւիրումով  ծառայել է «Ալիք»-ում: Այսօր, տասնամեակներ անց, սիրելի Նազարը նոյնն է մնացել, նոյն բնաւորութիւնը, նոյնիսկ կարելի է ասել՝ նոյն արտաքինը»:

Նազար Շահվերդեանի կեանքն ու գործունէութիւնը ներկայացրեց միութեան վարչութեան անդամ, բանաստեղծ Մարտիրոս Օհանջանեանը: Նազարը ծնւել է Արաքի շրջանի Բուրւարի գաւառում: Նախնական ուսումը ստացել է ծննդավայրի գիւղում, ապա փոխադրւելով Թեհրան, յաճախել է ժամանակի «Դանայի», ապա «Քուշեշ Դաւթեան» դպրոցները: Աւելի ուշ, 1968-72 թթ. հետեւել է Թ.Հ.Թ. հայերէնագիտական երեկոյեան դասընթացներին: Որպէս գրաշար աշխատել  է  նախ «Մոդերն» տպարանում, ապա «Ալիք» օրաթերթում. միաժամանակ որպէս  հայոց լեզւի ուսուցիչ պաշտօնավարել է Թունեան, Ալիշան, Գոհար ու Նայիրի ուղեցոյց դպրոցներում: «Ալիք»-ի 40-ամեակի առթիւ իր գրի առած յուշագրութիւնը արժանանացել է օրաթերթի խմբագրապետ, մտաւորական  Անդրէ Ամուրեանի ուշադրութեան եւ նրա քաջալերանքով Նազար Շահվերդեանը սկսել է գրել՝ մուտք գործելով գրականութեան ասպարէզ:  Իր պատմւածքներն ու երգիծական գրութիւնները լոյս են տեսել «Ալիք» օրաթերթում: Նաեւ աշխատակցել է հայաստանեան եւ արտերկրի մի շարք թերթերին ու պարբերականներին: Առանձին հատորով հրատարակել է պատմւածքների երկու գիրք՝ «Առօրեայիս հետքերով» եւ «Նոր տարւայ նւէրը»: Գրել է նաեւ մանկական պատմւածքներ ու բանաստեղծութիւններ:

Բանախօսի բնորոշմամբ՝ գրողի հերոսները իր նման մաքուր ու ազնիւ անհատներ են, մարդիկ, որոնց նա հանդիպել է իր շրջապատում, իր կեանքի ընթացքին: Որպէս օրինակ բանախօսը ներկայացրեց նրա երեք պատմւածքի բովանդակութիւնն ու այնտեղ ներկայացւած դէմքերը:

Նազար Շահվերդեանի գրչակիցներից բանաստեղծ Ալմինը, ամփոփ արտայայտութեամբ ասաց՝  ինքը հպարտ է, որ նման մի անձնաւորութեան հետ երկար տարիներ Նայիրի ուղեցոյց դպրոցում պաշտօնակից է եղել: Ալմինի խօսքով՝ Նազարը ինքնատիպ գրիչ ունի, պարզ, մտերիմ, երգիծախառն, նրա գրւածքների յաջողութիւնը հէնց այդ պարզութիւնն է.  նա խուսափում է ամպագորգոռ բառերից: Նա համեստութեան ու աշխատասիրութեան տիպար է, խոնարհ հերոսի անկեղծութիւնն ու խոնարհութիւնը կայ նրա մէջ. իր ստեղծագործութեան մէջ էլ երեւում են նոյն յատկութիւնները: «Ի խորոց սրտի շնորհաւորում եմ, - ողջունեց Ալմինը,- տայ Աստւած, որ երկար տարիներ նոյն եռանդուն գրիչը ունենաս»:

Բանաստեղծ Տիգրան Պօղոսեանը իր խօսքում անդրադարձաւ Նազար Շահվերդեանի գրականութեանը: Նրա խօսքով՝ Նազարի պատմւածքները հիմնականում յուշագրութիւն են ապրած-չապրած օրերից, հայկական տեսակի սրտմտանք: Նա ժամանակակից գրական ոճերին չի հետեւում: Նրա ոճը ինքնուրոյն է՝ Նազար Շահվերդեանին իւրայատուկ եւ երգիծանքով տոգորւած: Ազնիւ, ընկերասէր, առաքինի խանւածքով, նա իր գրական մտաշխարհը հարստացրել է նման մտայնութեամբ, իր հերոսներն էլ նոյն խմորից են. նրա արձակը իրանահայ գրականութեան մէջ իր ուրոյն տեղն ունի: Նազարը չի գրել լոկ  գրելու ցանկութեամբ, նրա մօտ ներշնչանքն է տեղ հասել: «Իրանահայ արձակի մէջ Նազար Շահվերդեանի ներկայութեան համար ուրախ ենք, - ասաց Տիգրան Պօղոսեանը, - բախտն ենք ունեցել իր կողքին լինել, միասին ապրել այս կեանքը: Քեզ արեւշատութիւն եմ մաղթում»:

Ներկաներից Ռուբէն Աւագեանը եւս արտայայտւեց, նշելով «Ալիք»-ի գրաշարական անցեալից մի յուշ, որը պատմում է Նազարի զոհաբերութեան մասին  եւ անդրադարձաւ Նազարի առաքինի յատկութիւններին:  Նա գնահատելով Նազարի երկարամեայ գործունէութիւնը ոսուցչական, մամուլի ու գրականութեան ոլորտներում, շնորհաւորեց նրան ու երկար տարիների  ստեղծագործական կեանք մաղթեց:

Ձեռնարկի ընթացքին արտասանութեամբ ելոյթ ունեցան շնորհալի պատանիներ. Նոյ Նազարեանը արտասանեց Վարանդի «Սխրատեսիլ» պոէմից մի հատւած, Էջմին Յարութիւնեանը արտասանեց Քարմէն Թահմասեանի «Գովք Մեսրոպ Մաշտոցի», Սասուն Սարգսեանը՝ Պ. Սեւակի «Ոսկին վերստին ոսկի է մնում» եւ Էրեբունի Յարութիւնեանը՝ Սոնա Արշունեցու «Արդար դատաստան» բանաստեղծութիւնները: Այս շարքի վերջում Նազար Շահվերդեանի գրչին պատկանող Մեսրոպ Մաշտոցին նւիրւած բանաստեղծութիւնը արտասանեց փոքրիկ Արեգ Շահվերդեանը՝ հեղինակի թոռնիկը:

Ընթերցւեց «Ալիք» օրաթերթի խմբագրութեան եւ աշխատակազմի ուղերձը ուղղւած օրաթերթի բազմամեայ աշխատակից՝ Նազար Շահվերդեանին: Ուղերձում բարձր է գնահատւել նրա անմնացորդ նւիրումը, աշխատասիրութիւնը եւ  մեծ վաստակը:

Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Նազար Շահվերդեանը: Նա ընթերցեց իր գրչին յատուկ հիւմորով համեմւած իր ինքնակենսագրականը. երախտագիտութեամբ յիշեց բանաստեղծ Ոստանիկին, ում օժանդակութեամբ հնարաւոր դարձաւ շարունակելու ուսումը: Իր խօսքում նա յատկապէս անդրադարձաւ «Ալիք»-ում աշխատած տարիներին, երբ առիթ է ունեցել անվերջ կարդալու, ինքնազարգացում ապրելու եւ ի մասնաւորի աշխատելու ազգային, յեղափոխախական ու գրական կարկառուն դէմքերի շնչի ներքոյ, որոնց անունները երախտագիտութեամբ ու պատկառանքով յիշատակեց: Ահա այդ անունները. Հայկակ Կոսոյեան, Յովսէփ Թադէոսեան, Վահէ Արծրունի, Անդրէ Տէր-Օհանեան (Ամուրեան), Սերոժ Քոթանջեան, Խաչատուր Սաղաթելեան, Համբարձում ՏԷրտէրեան, Ամատունի Արզումանեան, դոկտ. Բադիկ Մինասեան, Խաժակ Տէր-Գրիգորեան, Արամ Գառօնէ, Հրայր Խալաթեան, Արսէն Մամեան:

Վերջում ԻԳՄ-ի մակագրութեամբ մեծարանքի յուշանւէր յանձնւեց վաստակշատ յոբելեարին, որին յաջորդեց ներկաների ջերմ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները եւ յիշատակի լուսանկարները:

Նիւթը՝ ԷԴՒԱՐԴ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։