Print this page
25/09/2017 - 14:51

Դատապարտելի պատահար Նոր Ջուղայում եւ նողկալի մեկնաբանութիւն «Արաքս Նիւզ»-ի կողմից

Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում, ահա...

Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում, ահա...

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյեան Սպահանում յարձակման է ենթարկւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, երբ թեմի առաջնորդի հետ միասնաբար տուն էին վերադառնում Հայաստանում գումարւած Սփիւռք-Հայաստան 6-րդ խորհրդաժողովից:

Բարեբախտաբար հիւանդանոցից ստացւած տեղեկութիւնների համաձայն պրն. Մինասեանը բուժման մէջ է գտնւում եւ նրա կեանքին վտանգ չի սպառնում, թէեւ լուրջ վնասւածքներ էր ստացել: Ուստի նախեւառաջ ազգային հասարակական գործիչ պրն. Մինասեանին մաղթում ենք շուտափոյթ առողջութիւն եւ յոյս յայտնում, որ օր առաջ ամբողջապէս ապաքինւի եւ պետական՝ ոստիկանական կառոյցներին կը յաջողւի յայտնաբերել ու ձերբակալել նրանց ովքեր ծրագրել ու իրագործել են այս տմարդի գործողութիւնը (ի դէպ՝ յայտնենք, որ վերջին լուրի համաձայն՝ յարձակւողների մեքենավարը (ոչ- հայ քաղաքացի) արդէն իսկ ձերբակալւած է):

Ինչեւէ դէպքը խիստ դատապարտելի է ու արժանի համապատասխան պատժի:

Ու թէեւ բնական է, որ նման դէպքի լուրը լսելով, ամէն ոք փորձում է վերլուծել կամ մեկնաբանութիւններ անել, սակայն, այն ինչ հրապարակել է «Արաքս»-ը՝ նողկալի մակարդակի եւ ինչպէս միշտ՝ անպատասխանատու գործընթաց է:

«Արաքս նիւզ» կայքը իր «Թելեգրամ» եւ «ֆէյսբուք»եան էջում 24 սեպտեմբերի երեկոյան արտացոլում է լրատւութիւնը, փոխելով  նրա «Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրաւորւած տեղափոխւել է հիւանդանոց» խորագիրը՝ աւելացնելով.

«ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել» վերնագիրը. եւ անամօթաբար աւելացնում թէ՝ «Համայնքում խօսւում է, որ դէպքը կազմակերպւել է հէնց Հայաստանից, ՀՅԴ-ի ներքին կարգադրութեամբ…» ու շարունակում հիւանդագին յերիւրանքներն (մէկը լինի հարցնի նրանց, որտեղի՞ց այդքան ինֆորմացիան...) :

Իհարկէ համայնքի լայն շրջանակներում գիտեն ու ինչպէս ինքն է ասում, «խօսւում» է, որ «Արաքս»-ը, այսինքն իրականում նրա խմբագիր ոմն Մովսէս Քեշիշեանը երբեմնի «Գաղտնի Բանակ»-ի ինչ որ ենթաթեւի շրջանակին յարող անձ է, որը ատակ է ամէն տեսակի գործընթացով համայնքում սկանդալ առաջացնելու պատւէրներ իրագործել:

Ահաւասիկ, այդ յօդւածով նկատելի է, որ յօդւածագիրը ոչ հետաքրքրւած է Սպահանի ատենապետի առողջական վիճակով, եւ ոչ էլ դէպքի իրական կողմերի յայտնաբերմամբ. այլ այն, որ ոսկեայ առիթ է, ուր կարելի է կեղտոտ ջրից ամէն գնով ձուկ որսալ ու հերթական անգամ հարւածել հիմնականում Հ. Յ. Դաշնակցութեանը:

Սակայն, զարմանալին այն է, որ Քեշիշեանը իր «թերթ»-ով այս անգամ ինչ դրդապատճառով է այսքան արագ ու այդ մակարդակի ապատեղեկատւութիւն իրականացնում. արդեօք կարող է իր այս գործընթացում թաքնւած դրդապատճառը ապատեղեկատւութիւնից աւելին համարե՞լ եւ արդեօք հակատեղեկատւութիւն է.... յուսանք որ ոչ եւ ականատեսը կը լինենք համապատասխան շտկումների ու վերջ կը դրւի համայնքի անդորրը թունաւորող քայլերին:

Վերջում մէկ անգամ եւս մեր վիրաւոր ընկերոջը մաղթում ենք առողջութիւն եւ իրեն, իր միւս ազգային գործընկերներին ու թեմի առաջնորդին վստահեցնում, որ նման տմարդի արարքները, երբ տիրական է օրէնքի եւ արդարութեան գերիշխանութիւնը, կունենան իրենց տրամաբանական հանգուցալուծումը:

 

 

 

Յարակից լուրեր