Հա

Համայնք

16/03/2019 - 12:30

Ինտեգրացիոն նոր հնարաւորութիւններ Հայաստանի համար

Իրանի նկատմամբ ամերիկեան տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ-Չինաստան առեւտրատնտեսական դիմակայութիւնը, Միջին եւ փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից Միացեալ Նահանգների դուրս գալը նպաստում են եւրասիական տարածաշրջանում հիմնական խաղացողների միջեւ շահերի մոբիլիզացման գործընթացների արագացմանը՝ առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական եւ այլ ուղղութիւններով: 

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Իրանի նկատմամբ ամերիկեան տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ-Չինաստան առեւտրատնտեսական դիմակայութիւնը, Միջին եւ փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից Միացեալ Նահանգների դուրս գալը նպաստում են եւրասիական տարածաշրջանում հիմնական խաղացողների միջեւ շահերի մոբիլիզացման գործընթացների արագացմանը՝ առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական եւ այլ ուղղութիւններով: Արդիւնքում` տնտեսական համագործակցութեան զարգացման համար նոր հնարաւորութիւններ են բացւում եւրասիական տնտեսական ինտեգրացիոն ուղղութիւններով: Յօդւածում առաւել հանգամանօրէն կանդրադառնանք եւրասիական, մասնաւորապէս, ԵԱՏՄ-Իրան ձեւաչափով ինտեգրացիոն վերջին զարգացումներին եւ այդ համատեքստում Հայաստանի առեւտրատնտեսական հնարաւորութիւններին:

 

ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին համաձայնագիրը

Վերջին տարիներին սկսել է ակտիւօրէն քննարկւել Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ յարաբերութիւնների ինստիտուցիոնալիզացման հնարաւորութեան հարցը, ինչը 2018 թ. մայիսի 17-ին ամրագրւեց Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ազատ առեւտրի գօտու (ԱԱԳ) ստեղծման մասին ժամանակաւոր, այլ կերպ ասած՝ պարզեցւած առեւտրի համաձայնագրով: Փաստաթուղթը ենթադրում է երկփուլանի ընթացակարգ, որի առաջին փուլով նախատեսւում է նւազեցնել գործող մաքսային տուրքերը, երկրորդ փուլը ենթադրում է 3 տարւայ ընթացքում աւարտին հասցնել ԱԱԳ ձեւաւորման շուրջ վերջնական ու ամբողջական պայմանագիրը, որը տարածւում է ապրանքային ամբողջ անւանացանկի վրայ: Համաձայնագրով` Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրոյքաչափերի միջին մակարդակն արդիւնաբերական ապրանքների նկատմամբ նւազելու է 7%-ով, ԵԱՏՄ մասով՝ 3.3-3.5%-ով։ Պարզեցւած համաձայնագիրը ենթադրում է 300-ից աւելի ապրանքատեսակների վրայ մաքսատուրքերի նւազեցման ընթացակարգ: Այս պահի դրութեամբ` 5 երկրներից երեքը՝ Ռուսաստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը, արդէն վաւերացրել են համաձայնագիրը: Առաջիկայում Հայաստանը եւս կը վաւերացնի:

ԵԱՏՄ-Իրան պարզեցւած առեւտրի համաձայնագիրն իրապէս կարող է նոր տնտեսական հնարաւորութիւններ բացել, այդ թւում` Հայաստանի համար, որը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ պետութիւնն է: Դա կը նպաստի ինչպէս հայ-իրանական երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, այնպէս էլ ԵԱՏՄ-Իրան ինտեգրացիոն տնտեսական գործընթացների ընդլայնմանն` առհասարակ: Ասենք աւելին` Հայաստանը միակ երկիրն է, որը միաժամանակ անդամակցել է ԵԱՏՄ-ին եւ ստորագրել համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիր ԵՄ-ի հետ, որի շնորհիւ Հայաստանը կարող է կամրջել ԵՄ-ն Միջին ու Հեռաւոր Ասիայի երկրների հետ:

 

Հայ-իրանական տնտեսական նախագծերի հեռանկարների շուրջ

Փետրւարի 27-ին Հայաստանի վարչապետ Փաշինեանի պաշտօնական այցը Իրան նոր շունչ կարող է հաղորդել հայ-իրանական առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, մասնաւորապէս` այդ համատեքստում նախագծւած, սակայն այդպէս էլ չգործարկւած, ինչպէս եւ կառուցման ընթացքում գտնւող երկկողմ ու բազմակողմ նախագծերին: Այցի ընթացքում` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից յետոյ, Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցութիւն ծաւալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Բանակցութիւնների ընթացքում կողմերն անդրադարձան ինչպէս Հայաստան-Իրան, այնպէս էլ քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձեւաչափերով բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ուղղութեամբ համագործակցութեան հեռանկարներին: Օրերս պաշտօնապէս յայտարաւեց, որ ընթացիկ տարւայ սեպտեմբերի 1-ին արդէն աւարտւած կը լինեն Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) եւ համապատասխան ենթակայանի կառուցման աշխատանքները։

Երկկողմ բանակցութիւնների ընթացքում քննարկման օրակարգում էին նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապւած հարցերը: Յիշեցնենք, որ իրանական կողմը նախատեսում էր իրանական ներդրողից գնել Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը:

Այսօր միանշանակ չեն Մեղրիի ազատ տնտեսական գօտու (ԱՏԳ) շահագործման հեռանկարները: Նախնական գնահատականներով` տնտեսական գօտու գործունէութեան արդիւնքում առաջիկայ տարիներին նախատեսւում էր ներգրաւել մինչեւ 70 շահագործող կազմակերպութիւններ, որոնք կիրականացնեն մինչեւ 130 մլն. դոլարի ներդրումներ՝ ստեղծելով շուրջ 1500 նոր աշխատատեղեր: Մեղրիի ազատ տնտեսական գօտում իրանական կողմի առեւտրատնտեսական ակտիւութեան խնդիրը բարդանում է նաեւ այն պատճառով, որ հարեւան Իրանը գտնւում է ամերիկեան տնտեսական պատժամիջոցների ներքոյ: Միւս կողմից` անհրաժեշտ քայլերի դէպքում թերեւս կարող են այդ ուղղութեամբ հնարաւորութիւններ բացւել ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի շրջանակներում, ինչի մասին հայկական կողմը քանիցս յայտարարել է:

Այսօր աւելի քան ակտուալ է դառնում Հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքում Հայաստանի՝ որպէս Պարսից ծոցը Սեւ ծովի նաւահանգիստների յետկամրջող տարանցիկ երկիր ներկայանալու հարցը: Այդ համատեքստում կարեւորւում է Եւրոպայից Իրան եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ (տարբեր տրանսպորտային միջոցներով` երկաթուղային, օդային, ծովային) բեռնափոխադրումների ծրագրի աշխուժացման խնդիրը, որտեղ Հայաստանն իրապէս կարող է դառնալ այլընտրանքային տարանցիկ երկիր: Յիշեցնեմ, որ ժամանակին փորձնական տարբերակով 2 կոնտէյներ էր ջրային ճանապարհով տեղափոխւել Փոթի, այնուհետեւ երկաթուղով՝ Հայաստան (Երասխ կայարան), որտեղից էլ աւտոտրանսպորտով՝ հարեւան Իրան: Ի դէպ, Փաշինեանի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահը յայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցման աշխատանքներին:

Կարելի է խօսել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման յաւակնոտ նախագծի ու դրա իրագործման խիստ անհրաժեշտութեան մասին, թէեւ այսօր մեծ չէ դրա կեանքի կոչման հաւանականութիւնը՝ նախեւառաջ հարցի ֆինանսական մասով: Աւելին` Փաշինեան-Ռոհանի հանդիպման ընթացքում ուշագրաւ էր Իրանի նախագահի յայտարարութիւնը, որի համաձայն` «իրանական կողմը պատրաստակամ է աւելացնել իրանական գազի մատակարարումների ծաւալները, նաեւ զարգացնել եռակողմ համագործակցութիւն` գազ արտահանել դէպի Վրաստան»:

 

Ակնկալիքներ ԵԱՏՄ-ՉԺՀ ձեւաչափից

Հայաստանի տեսանկիւնից` ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագիրը կարեւորւում է նաեւ աւելի լայն իմաստով՝ դիտարկելով «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնութեան շրջանակում առեւտրատնտեսական մեծ հնարաւորութիւնները: Բերենք մի քանի տւեալ. 2015 թ. յունւար-սեպտեմբեր ամիսներին «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան սահմանակից երկրները Չինաստանում ստեղծել են աւելի քան 1600 ձեռնարկութիւն, իսկ օտարերկրեայ ներդրումների ընդհանուր ծաւալը կազմել է 6.12 մլրդ. դոլար: Չինական կողմն իր հերթին «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեան սահմանակից 48 երկրներում իրականացրել է աւելի քան 12 մլրդ. դոլար ընդհանուր ծաւալով ներդրում: Չինաստանի պաշտօնական աղբիւրներով` 2015 թ. յունւար-սեպտեմբեր ամիսներին չինական ձեռնարկութիւնները 57 երկրներում ստորագրել են աւելի քան 3000 պայմանագիր՝ 59 մլրդ. դոլար ընդհանուր ծաւալով:

Յաւելենք նաեւ, որ շուրջ երկու տարի տեւած բանակցութիւնների արդիւնքում 2018 թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրւեց ԵԱՏՄ-Չինաստանի առեւտրատնտեսական համագործակցութեան մասին համաձայնագիրը: Սա իսկապէս Հայաստանի՝ որպէս ԵԱՏՄ անդամ-պետութեան համար լաւ հնարաւորութիւն է ընդլայնելու առեւտրատնտեսական կապերը ինչպէս ԵԱՏՄ-ում, այնպէս էլ ներգրաււելու «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» հարթակներում: Այդ ամէնի ուղղութեամբ յաւելեալ ակտիւացումը մեզ չէր խանգարի: Աւելին` մարտի սկզբներին Բուխարեստում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ բեռնափոխադրումների ուղեգիծ անցկացնելու հարցը: Կողմերը յուշագիր են ստորագրել, որով հաստատւում է նրանց պատրաստակամութիւնը` սեղմ ժամկէտներում կեանքի կոչել այդ նախագիծը: Առաջիկայում նախատեսւում է ձեւաւորել փորձագիտական աշխատանքային խումբ` ընթացիկ տեխնիկական հարցերի լուծման համար: Նշենք, որ Ադրբեջանը (ինչպէսեւ Վրաստանը) այսօր ակտիւ աշխատանքներ է տանում, որպէսզի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնութեան շրջանակներում հաղորդակցական հնարաւոր նախագծերն ու տարանցիկ միջանցքները օգտագործւեն յօգուտ իրեն:

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։