Հա

Համայնք

29/05/2019 - 13:49

Ազգային-հասարակական գործիչ Նիկոլ Մուսախանեանի յիշատակին

Նիկոլ Մուսախանեանը 2013 թւականի մայիսին հր ազգային եւ հասարակական բազմաբեղուն գործունէութեան շնորհիւ արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից «Կիլիկիոյ Ասպետ» շքանշանին:

40 օրեր են անցել այն օրւանից, երբ հողին յանձնեցինք ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ եւ ազնիւ հայ մարդու տիպար հանդիսացող Նիկոլ Մուսախանեանին:

Մարդ, ով իր բծախնդիր մօտեցմամբ եւ մանրակրկիտ դիտողութիւններով որտեղ որ լինէր այն Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողով, թէ իր փայփայած Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւն, փորձում էր լաւագոյնը իրականացել ազգային կեանքում:

Հանգուցեալ Նիկոլ Մուսախանեանը ծնւել էր 1936 թւականին Չհարմահալ գաւառի երբեմնի հայաբնակ Աղբուլաղ գիւղում, նահապետական ընտանիքում: Փոքր տարիքում իր ընտանիքի հետ փոխադրւում է Խուզեստան նահանգի Աղաջարի քաղաք, ուր եւ ստանում է իր նախնական կրթութիւնը: Նա դեռ երիտասարդ էր, որ աշխատանքի է անցնում Իրանի նաւթային ընկերութիւնում, որպէս պաշտօնեայ եւ յետոյ աշխատում «Բիդ Բոլանդ» գազի զտարանում:

1973 թւականին Նիկոլ Մուսախանեանը փոխադրւում է Թեհրան եւ շարունակում իր աշխատանքը: Ուսումնատենչ Նիկոլ Մուսախանեանը աշխատանքին զուգահեռ շարունակում է իր ուսումը եւ Թեհրանում «Ֆարգամ» միջնակարգ դպրոցը աւարտելով, 1974-թւականին ստանում է դիպլոմ՝ մաթեմատիկայի ճիւղում, որից յետոյ 1975 թւականին մուտք է գործում ժամանակի «Փարս» կոչւող համալսարան, որը միաւորւել էր «Ալլամէ Թաբաթաբայի» համալսարանի հետ եւ աւարտելով անգլերէն լեզւի ու գրականութեան ճիւղը, վկայւում գերդիպլոմ աստիճանով, որը ստանում է «Ալլամէ Թաբաթաբայի» համալսարանից:

Նա 1981 թւականին գտնում է իր կեանքի ընկերոջը՝ Ամալիկ Վարդանեանին եւ բախտաւորւում երկու զաւակներով՝ Սեւան եւ Անահիտ Մուսախանեաններ, ովքեր հասակ նետելով ազգային շնչով տոգորւած ընտանիքի ջերմ գրկում, իրենք եւս փորձում են արդարացնել իրենց ծնողների ցանկութիւնները:

Նիկոլ Մուսախանեանը 40-ամեայ իր աշխատանքի ընթացքում միշտ եղել է պարտաճանաչ եւ իր զբաղեցրած զանազան հանգամանքներում միշտ կատարել լաւագոյնը, արժանանալով գնահատանքների եւ հանգստի կոչւել 1996 թւականին, որից յետոյ տարիներ, որպէս խորհրդատու աշխատակցել է «Նամւարան» ընկերութիւնում:

2016 թւականին Իրանի գազի ընկերութեան 50-ամեակի առիթով 50 լաւագոյն պաշտօնեաների թւում Նիկոլ Մուսախանեանը եւս գնահատանքի արժանացաւ այն հանդիսութեան ընթացքում, որին ներկայ էր հանր. նախագահը եւ մեծ թւով պետական պաշտօնեաներ ու հրաւիրեալներ: Այդ առիթով Իրանի պետական ռադիոհեռուստատեսութիւնը նրա հետ ունեցաւ հարցազրոյց, որը պատկերասփռւեց հեռուստատեսութեան առաջին կայանով: Նոյն առիթով գազի ընկերութեան կողմից լոյս տեսած գրքում, որպէս փորձագէտ եւ աւագ պաշտօնեայ ներկայացւած է հանգուցեալի կենսագրական տւեալները:

Անդրադառնալով Նիկոլ Մուսախանեանի ազգային -հասարակական կեանքին, պիտի նշել, որ նա պատանի տարիքից եղել է Աղաջարի քաղաքում Հայոց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամ եւ անդամակցել տեղի մշակութային միութեանը եւ մեծ ներդրում բերել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Աղաջարի մասնաճիւղի աշխատանքներին: 1969 թւականի օգոստոսի 31-ից Նիկոլ Մուսախանեանը Աղաջարիում փոխարինելով «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ Շաւասպ Պետրոսեանին, պաշտօնապէս ստանձնում է «Ալիք» օրաթերթի ներկայացուցչութեան հանգամանքը, մինչեւ 1973 թւականը, երբ տեղափոխւում է Թեհրան: Հանգուցեալը իր ազգային կեցւածքի եւ մի խօսքով խառնւածքի բերումով, մինչեւ իր կեանքի աւարտը միշտ եղաւ «Ալիք»-ի հետ եւ «Ալիք»-ը իր սրտում էր: Նա «Ալիք»-ի 85-ամեակի առիթով 2016-ի սեպտեմբերի 22-ին, օրաթերթի 3-րդ էջում տպագրւած իր յուշերի մէջ նշելով ժամանակի հայահոծ Աղաջարի քաղաքում «Ալիք» օրաթերթի կարեւոր դերի մասին գրում է. «Յիշում եմ այդ օրերին «Ալիք»-ի ընթերցումը յատուկ սէր ու խանդավառութիւն էր առաջացրել այդ փոքրաթիւ համայնքում եւ ինձ մօտ էին արձանագրւում ու բաժանորդագրւում «Ալիք» ստանալու համար: Մեծ ու փոքր իրար հանդիպելով «Ալիք»-ի մէջ լոյս տեսած լուրերի եւ նիւթերի մասին էին խօսում, յատկապէս եթէ կար այդ օրւայ թերթի մէջ լուրեր Աղաջարիից (Օմիդիէ)»:

1973-թւականից Թեհրանում իր անդամակցութիւնն է բերել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը, չխնայելով ոչինչ միութեան աշխատանքների բարգաւաճման համար: Նա տարիներ անդամակցել է միութեան Պատգամաւորական ժողովին, Կենտրոնական վարչութեանը եւ զբաղեցրել քարտուղարի եւ գանձապահի հանգամանքները: Նա նաեւ մաս է կազմել միութեան ծրագիր-կանոնագիրը վերանայման ենթարկող յանձնախմբին: 2013-ից 2017-ի ժամանակաշրջանում եղել է միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ, իսկ 2017-ի մայիսից մինչեւ իր ցաւալի մահը եղել է միութեան Պատգամաւորական ժողովի նախագահ:

Նիկոլ Մուսախանեանի ազգային կեանքը չի սահմանափակւում միայն միութենական ասպարէզում, 1986 թւականից 12 անընդմէջ տարիներ նա եղել է Թ. Հ. թեմի Հաշւեքննիչ մարմնի անդամ, քարտուղարի եւ փոխնախագահի հանգամանքներով եւ ակտիւ գործունէութիւն դրսեւորել նոյն մարմնի կազմում:

Անդամակցել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 14-րդ եւ ներկայ 16-րդ շրջաններին, որպէս Կենտրոն քաղաքամասի պատգամաւոր:

Իր ազգային եւ հասարակական բազմաբեղուն գործունէութեան շնորհիւ արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից «Կիլիկիոյ Ասպետ» շքանշանին, եւ 2013 թւականի մայիսի 16-ին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ պարգեւատրւել շքանշանով:

84-ամեայ Նիկոլ Մուսախանեանը իր բազմաբեղուն ազգային-հասարակական կեանքին հրաժեշտ տւեց 2019 թւականի ապրիլի 18-ին՝ Աւագ հինգշաթի օրը, մեծ վիշտ պատճառելով ոչ միայն իր տիկնոջը, զաւակներին եւ հարազատներին, այլ նաեւ իր ողջ կեանքի ընթացքում փայփայած Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան անդամ-անդամուհիներին եւ բոլոր նրանց, ովքեր զանազան առիթներով շփւել էին նրա հետ:

Հողը թեթեւ գայ վրադ սիրելի Նիկոլ, յիշատակդ միշտ վառ կը մնայ բոլորիս սրտերում:

 

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան

Կենտրոնական վարչութիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։