Հա

Համայնք

11/09/2012 - 12:08

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

1942 թւականի ամռանը Թեհրանի Բեհջաթաբադ քաղաքամասում բնակւող մի շարք հայեր նոյն քաղաքամասում եւ յարակից քաղաքամասերում բնակութիւն հաստատած սոցիալապէս անապահով հայ ընտանիքների զաւակների կրթութեան հարցով մտահոգւելով՝ որոշում են այդ շրջանում մի հայկական կրթօջախ հիմնել՝ նոր սերունդին հայեցի ուսում եւ դաստիարակութիւն փոխանցելու նպատակով, քանզի քաջ գիտակցում էին, որ չկայ աւելի վեհ գործ, քան նոր սերունդին հայեցի կրթութիւն փոխանցելը:

alt

Ուստի՝ 1942-43 ուսումնական տարւայ սկզբում Բեհջաթաբադ քաղաքամասում բնակւող մի խումբ ազգանւէր ու մշակութասէր անձինք՝ Մէոս եւ Երւանդ Համբարչեաններ, Վաղարշակ Աղաջանեան, Շահբազ Գրիգորեան, Լեւոն Ազալբարեան, Այազ Թիլիմեան եւ Խորէն Տէր-Վրոյրեան, նոյն քաղաքամասում հիմնում են մի չորսդասեան դպրոց՝ Խորէն Տէր-Վրոյրեանի (1914-1982) տեսչութեամբ:
Այդ դպրոցում արձանագրւում են 127 երկսեռ աշակերտներ: Որպէս ուսուցչուհի՝ վարձում են երկու հոգու:

alt

Նկատի ունենալով շէնքի անյարմար վիճակը՝ յաջորդ (1943-44) ուսումնական տարեշրջանում այդ դպրոցը փոխադրւում է Ֆիշերաբադ (ներկայ Ղարանի) պողոտայի փողոցներից մէկի մի վարձու շէնք (նախկին «Թի. Բի. Թի.»-ի դիմաց) եւ ստանում է «Դանայի» անւանումը: Այդ տարեշրջանում դպրոցի երկսեռ աշակերտութեան թիւը լինում է 210: Ուսուցչական կազմը բաղկացած է լինում 6 հոգուց:
1943 թւականից մինչեւ 1947 թթ. աշակերտութեան թիւը բարձրանում է մինչեւ 300-ի, որի համեմատ՝ աճում է ուսուցիչների թիւը եւս:
1945-46 ուս. տարեշրջանում որպէս ներքին տեսուչ՝ հրաւիրւում է բանաստեղծ Արամ Գառօնէն (1905-1974): Դպրոցին պաշտօնական հանգամանք տալու համար՝ կրթական նախարարութիւնը դպրոցի պաշտօնական տեսչուհի է նշանակում Շահնազ Նասիր Աջուդանիին: Դպրոցը այդ ժամանակ դեռ պահում էր իր չորսդասեան կարգավիճակը:

alt

Դպրոցի շէնքը փոքր լինելու պատճառով՝ այն աստիճանաբար ընդարձակւում է նոր սենեակների կառուցմամբ:
1946 թւականին տկն. Աջուդանին եւ Արամ Գառօնէն հրաժարւում են դպրոցի պաշտօնական եւ ներքին տեսչական հանգամանքներից: Նրանց փոխարինում են՝ Նւարդ Մասումեանը (1899-1977) եւ Խաչատուր Սաղաթելեանը (1893-1975)՝ հերթաբար որպէս պաշտօնական եւ ներքին տեսուչներ, որոնք պաշտօնավարում են մինչեւ դպրոցի փակումը: Այդ ժամանակաշրջանում ստացւում է դպրոցի արտօնութիւնը՝                պրոֆ. Գասպար Յակոբեանի (1892-1962) անւամբ:
1947-48 թթ. երբ ներգաղթի ձախողման պատճառով՝ հայկական գիւղերից տարագրւած ժողովուրդը բնակութիւն է հաստատում Բեհջաթաբադ քաղաքամասում, «Դանայի» դպրոցի աշակերտութեան թիւը զգալիօրէն յաւելում է կրում:
Դպրոցը 1950-51 ուս. տարեշրջանից դարձել է վեցդասեան տարրական՝ աղջիկների, իսկ 1958-59-ից՝ տղաների համար:
1954-55 ուս. տարեշրջանում աշակերտութեան թիւը մեծ աճ է արձանագրում՝ հասնելով մինչեւ 500 հոգու, սակայն հէնց նոյն թւականներին քաղաքապետարանի կողմից Բեհջաթաբադի հիւղակների քանդումով՝ հայութիւնը այդ շրջանից մասամբ հեռանում է, հետեւաբար՝ «Դանայի» դպրոցի աշակերտութեան թիւը աստիճանաբար անկում է արձանագրում:

alt

Ըստ Կարօ Գէորգեանի «Ամենուն տարեգրքի» 1958 թւականի համարի՝ «Դանայի» դպրոցը 1957-58 ուս. տարեշրջանում ունեցել է 462 աշակերտ, որոնցից 252-ը աղջիկ եւ 210-ը տղայ էին: Ուսուցչական կազմը՝ 19 հոգի, որոնցից 14-ը հայ եւ 5-ը պարսիկ էին, 12-ը՝ կին եւ 7-ը՝ տղամարդ: Նոյն տարեշրջանում դպրոցի տարեկան բիւջէն կազմում էր 88000 թուման:
«Դանայի» դպրոցին կից աշխատել են՝ հոգաբարձութիւն, օժանդակ մարմին, ծնողական խորհուրդ, գաւառացիների երիտասարդական մշակութային միութիւն, որոնք դպրոցին նիւթական ու բարոյական օժանդակութիւններ են ցուցաբերել, սաներ են պահել եւ հագուստ մատակարարել կարիքաւոր աշակերտներին: Սկզբնական շրջանում օժանդակ մարմնի պարտականութիւնը սիրայօժար կերպով յանձն է առել Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութիւնը:
Հարկ է նշել, որ գաւառացիների երիտասարդական մշակութային միութիւնը, որի նախագահը եղել է Յովհաննէս Շահիջանեանը (1918-1962), դպրոցի օգտին կազմակերպել է գեղարւեստական ձեռնարկներ եւ ուրախ երեկոներ, որոնց ընթացքում բեմադրւել են թատերգութիւններ՝ դպրոցի ուսուցիչ Դանիէլ Եգանեանի (1909-1979) ղեկավարութեամբ, ինչպէս օրինակ՝ «Ես մեռայ», «Դդումի վաճառական», «Շփոթւած ծառան», եղել են՝ ասմունքներ, մեներգեր, խմբական երգեր եւ պարեր:

alt

«Դանայի» դպրոցն ունեցել է շուրջ 60-ի հասնող երգչախումբ, որի ղեկավարն է եղել ազգային-հասարակական եւ կրթական բազմամեայ գործիչ Ադամ Գրիգորեանի որդին՝ Գրիգոր Գրիգորեանը:
Դպրոցն ունեցել է գրադարան՝ 3000 տարբեր բնագաւառների պատկանող ընտիր գրքերով:
Նշենք, որ շուրջ 10 տարի Բեհջաթաբադ քաղաքամասում կրթական աշխատանք տարած «Արամ Աբովեան» դպրոցը 1960-61 թթ. ուսումնական տարում փակւելով՝ նրա աշակերտութիւնը փոխանցւում է «Դանայի» դպրոց:
«Դանայի» դպրոցի 26 տարւայ գոյութեան ընթացքում, տեսչութեան, ուսուցչական եւ ծնողական խորհուրդների կազմերի ջանքերով, դպրոցում նշւել են ազգային ու կրօնական տօները, տեղի են ունեցել Ամանորի ու տարեվերջի հանդէսներ եւ կազմակերպւել են դասախօսութիւններ: Մի խօսքով՝ դպրոցն իր կազմակերպած միջոցառումներով բաւականաչափ գոհացում է տւել Բեհջաթաբադ եւ Վիլլա քաղաքամասերի հայութեան մշակութային պահանջներին եւ հայեցի ոգի ներշնչել:
«Դանայի» դպրոցը 1953 թւականի մարտի 11-ին տօնել է իր հիմնադրութեան 10-ամեակը, 1963 թւականի մայիսի 2-ին «Արարատ» կազմակերպութեան կենտրոնատեղիի սրահում մեծ շուքով տօնել է իր 20-ամեակը՝ ժամանակի թեմակալ առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի նախագահութեամբ եւ ազգային իշխանութեան, միութիւնների եւ դպրոցի հոգաբարձութիւնից կազմւած յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ, իսկ 1968 թւականի ապրիլի 28-ին, Հայ ակումբի սրահում, նախաձեռնութեամբ դպրոցի հոգաբարձութեան, նրա հիմնադրութեան 25-ամեակի առթիւ, տեղի է ունեցել երեկոյթ-հիւրընկալութիւն:
Ցաւօք՝ «Դանայի» դպրոցը, տնտեսական դժւարութիւնների եւ աշակերտութեան թւի նւազման պատճառով, 1968 թւականի սեպտեմբերին դադարեցնում է իր աշխատանքները, եւ նրա աշակերտութիւնը միանում է «Արաքս» հայոց ազգային դպրոցի աշակերտութեանը:
«Դանայի» դպրոցում պաշտօնավարած ուսուցիչներից կարողացանք ձեռք բերել միայն հետեւեալների անունները.
Դանիէլ եւ Շուշանիկ Եգանեաններ, Սողոմոն Մելիք-Յակոբեան, Արուսեակ Ներսիսեան, Արմենակ Մելիք-Աբրահամեան, Ոստանիկ Յովհաննիսեան, Վահան Միրզայեան, Արշալոյս Ամիրեան, Սաթենիկ Սարգսեան, Ջեմմա Տէր-Ղազարեան, Ամալիա Աղաբէկեան, Ասանէթ Յովհաննիսեան, Դարիւշ Ալիզադէ, Նժդեհ Յակոբեան, Փարւինդոխտ Բոհլուլեան, Փարւինդոխտ Ղոդդուսի, Էմմա Սանեան, Խորշիդմեհր Բանգի, Մահինդոխտ Արաբի, Էֆֆաթ Ֆադաքար, Ռուբէն Նարինեան, Դաւիթ Երիցեան, Նորա, Գեղանուշ, Բաբգէն եւ Սրապիոն Խաչատրեան:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։