Հա

Համայնք

04/07/2012 - 10:38

altԹեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատունը եւ իրականացւող շինարարական աշխատանքները երկար ժամանակ է, ինչ հետապնդւում են ազգային իշխանութեան եւ յարակից մարմինների կողմից: Ահաւասիկ, այդ աշխատանքների արգասիքը կարելի է մասամբ տեսնել վերջին օրերում: Այդ առումով՝ օրերս Թ. Հ. Թեմական խորհուրդը կազմակերպել է գերեզմանատան ողջ տարածքում հիմնական մաքրութեան եւ շիրիմների շրջապատի կանաչապատման աշխատանքներ: Աշխատանքը պայմանագրային կարգով եւ յստակ յանձնարարութեամբ վստահւել է մի հայկական ընկերութեան, որն իր աշխատանքը սկսել է 2012 թ. յունիսի 21-ից:

Իրականացւող աշխատանքները ժողովրդի սեփականութիւնը դարձնելու նպատակով՝ այցելեցինք Նոր Բուրաստան գերեզմանատուն: Այցի ընթացքում զրուցեցինք նաեւ շինարարական աշխատանքներին վերահսկող ճարտարապետ Զարէի հետ:
Նա խօսելով Խաւարշահրի ընդյատակեայ անցումի աշխատանքների մասին՝ նշեց, որ այդ նախագիծը սկսւել է իրանական 1388 թւականին, այսինքն՝ 2009-2010 թւականներին: 1389 թ. յիշեալ անցումի նախնական մի շարք քայլեր իրականացւեցին, որը հիմնական ձեւով սկսւեց 1390 թւականին: Քանի որ գետնանցումի պատճառով՝ Նոր Բուրաստան գերեզմանատան մուտքից սկսեալ մի շարք շէնքեր ու տարածք այդ նախագծի բերումով քանդւում էին, ուստի՝ դրա փոխարէն՝ Բեհեշթէ Զահրայի կողմից Նոր Բուրաստանի հիւսիսային տարածքում շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածութեամբ հողատարածք յատկացւեց Նոր Բուրաստանին, որի շուրջ պատ է շարւել: Ապա նախկին կառոյցների փոխարէն սկսեցին կառուցւել նոր շէնքեր՝ ըստ Թ. Հ. Թեմական խորհրդի ներկայացրած նախագծի: Յիշեալ նախագիծը կատարելապէս աւարտւելու է մինչեւ հոկտ. 21-ը, որը պայմանագրում ճշտւած թւականն է: Այժմ նախագծի 3/4-րդն իրականացել է եւ արագ թափով շարունակում է աշխատանքի մնացեալ բաժինը: Հիմնական աշխատանքն աւարտւել է եւ մնացել է միայն տարածքի ձեւաւորման աշխատանքը: Մուտքի դուռը եւս պատրաստ է տեղադրման համար:
alt200000 քառակուսի մետր տարածութեամբ Նոր Բուրաստան գերեզմանատանն իրականացւող աշխատանքներից են նորակառոյց տարածքներում ջրամատակարարման խողովակաշարի տեղադրումը, լուսաւորման նոր սարքերի տեղակայումը, իսկ կանաչապատման աշխատանքների շրջագծում են՝ չորացած ծառերի հատումը եւ նոր ծառեր տնկելը, չորացած խոտատարածքները վերացնելը եւ կանաչապատելը:
Նոր Բուրաստանում եղած ժամանակ ականատեսը եղանք գերեզմանատան պատասխանատու անձանց սրտցաւ եւ անշահախնդիր աշխատանքների:
Նոր Բուրաստան գերեզմանատան կառավարիչ Նժդիկ Սինանեանի հետ ունեցած զրոյցի ժամանակ նա գերեզմանատուն այցելողներին խորհուրդ տւեց, որ իրենք եւս մաքուր պահեն շրջապատը, անձեռոցիկը կամ բաժակը նետեն աղբարկղ եւ այսպիսով՝ բոլորս միասին յարգենք մեր ննջեցեալներին՝ մաքուր պահելով միջավայրը:

Մաքրազարդում՝ Դուլաբի գերեզմանատանը

Թեհրանի առաջին եւ վաղեմի գերեզմանատուն համարւող Դուլաբի գերեզմանատունը, որ պարփակում է Թեհրանի հայ համայնքի պատմութիւնը, այսօր եւս իր իւրայատուկ տեղն է գրաւում ազգային իշխանութեան մօտ եւ այնտեղ եւս իրականացւում են բարեկարգման աշխատանքներ:
Գերեզմանատունը, որ պարփակում է համայնքիս ազգային-հասարակական ու գաղափարական գործիչների հսկայ փաղանգի աճիւնները, օրեր առաջ մաքրազարդւել է ազգային իշխանութեան կողմից: 70000 քառակուսի մետր տարածութեամբ յիշեալ գերեզմանատունը եւս մաքրւել է չորացած խոտերից ու աղբից՝ ստանալով իրեն յարիր տեսք:

Զրուցավար՝ Կ. ԴԱՒԹԵԱՆ

alt

alt

alt

alt

alt

alt

alt

Լուսանկարիչներ՝ Ա. ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ, Ռ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։