Հա

Համայնք

02/07/2012

altՀինգշաբթի, յունիսի 7-ին Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութիւնում տեղի ունեցաւ երկու բաժնից բաղկացած դասախօսութիւն: Առաջին բաժնում, «Լուսային ապականութիւն» թեմայով, ելոյթ ունեցաւ լուսաւորութեան հմուտ փորձագէտ եւ էլեկտրականութեան ճարտարագէտ Մոհամմադ Ֆարիդ Հանիֆին: Երկրորդ բաժնում միութեան անդամ ճրտպ. Առլէն Ստեփանեանը դրւագներ ներկայացրեց Ս. Թադէի եւ Ս. Ստեփանոս Նախավկայի լուսայարդարման նախագծից:

altԾրագրի բացումը կատարեց միութեան փոխնախագահը, որն օրւայ նիւթերին ակնարկելով եւ ներկայացնելով երկու դասախօսների ամփոփ կենսագրականը՝ ճրտգ. Հանիֆիին հրաւիրեց՝ լոյսի ապականութեան մասին իր նիւթը ներկայացնելու:
Դասախօսը նախ պարզաբանեց, թէ ինչ է լուսային ապականութիւնը, այն ինչպէս է առաջանում եւ ինչ հետեւանքներ է ունենում: Ըստ դասախօսի բացատրութեան՝ ապականութիւնը որեւէ արտաքին նիւթի առկայութիւնն է, որ խախտում կամ խանգարում է բնութեան գործընթացները, անցանկալի ազդեցութիւններ առաջացնում կենսոլորտում ու վնասում կենդանի էակների առողջութեանը: Դասախօսը շեշտեց, որ լոյսը ինքնին զերծ է ապականութիւնից, բայց լոյսով կարելի է ապականութիւն առաջացնել: Լուսային ապականութիւնը, անհրաժեշտից, ստանդարդից աւելի, անցանկալի եղանակով արհեստական լոյսի օգտագործումն է, ինչը բացասական ազդեցութիւն է թողնում տեսողութեան վրայ, սահմանափակում տեսադաշտը, նեարդայնացնում մարդուն:
Դասախօսի բացատրութեամբ՝ ճիշտ ու չափաւոր լուսաւորութիւնը նպաստում է անհատի հանգստաւէտութեանը՝ թէ՛ տանը, եւ թէ՛ դրսում:
Դասախօսը լուսապատկերներով ցուցադրեց տեսարաններ՝ գիշերային Թեհրանից, Մաշհադից, Դուբայից եւ այլ քաղաքներից՝ իւրաքանչիւր պատկերի վրայ նշելով լուսաւորութեան թերի ու բացասական կողմերը: Շէնքերի արտաքին լուսաւորումը կամ լուսայարդարումը, ըստ դասախօսի, յաճախ ճիշտ չի կատարւում: Առատ ու աչք ծակող լոյսերը, երթուղիների աններդաշնակ լուսաւորումն անընդունելի են, հեռու են գեղագիտական հիմունքներից, նոյնիսկ կարող են աւտովթարի պատճառ դառնալ: Լուսային ապականութիւնը խախտում է բնութեան հաւասարակշռոյթը, միջատների ոչնչացման, բոյսերի թերաճման, չւող թռչունների ընթացքի խանգարման պատճառ դառնում:
Այսօր լուսայարդարումը համարւում է շատ կարեւոր մասնագիտութիւն, որով զբաղւում են ոլորտին տիրապետող մասնագէտները:
Երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ միութենական ճրտպ. Առլէն Ստեփանեանը: Նա աւարտել է Թեհրանի համալսարանի Ճարտարապետական ֆակուլտետը՝ 1982 թւականին: Հեղինակն է մամուլում ու մասնագիտական հանդէսներում լոյս տեսած մի շարք մասնագիտական յօդւածների: Թարգմանել է լուսաւորութեան թեմայով մի հատոր: Լուսայարդարման միաւորի դասատու է Թեհրանի համալսարանի ճարտարապետութեան բարձրագոյն կուրսերում: Հիմնադիր անդամն ու վարչութեան նախագահն է Իրանեան լուսաւորութեան ու լուսայարդարման միութեան՝ հիմնւած 2010 թւականին:
Ճրտպ. Առլէն Ստեփանեանը բացատրութիւններով ցուցադրեց Ս. Թադէի եւ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքերի եւ շրջակայ տարածքների լուսայարդարման նախագծից պատկերներ, որտեղ արտաքին լուսաւորումը կատարւել է ուսումնասիրւած կերպով՝ ըստ կառոյցների դերի ու ֆունկցիայի: Այդ նախագծի պատւիրատուն է Մշակութային ժառանգութեան կազմակերպութիւնը:
Ծրագրի վերջում միութեան վարչութեան կողմից շնորհակալական խօսք ուղղւեց դասախօսներին եւ գնահատագիր յանձնւեց նրանց:

Է. Յ.

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։