Հա

Համայնք

02/07/2012 - 10:50

altԴպրոցը որպէս կրթական օջախ՝ այն նւիրական վայրն է, ուր կերտւում ու կազմաւորւում է ապագայ մարդը:
Հայ դպրոցը մեզ համար մի փոքրիկ հոգեւոր հայրենիք է, ուր հայ աշակերտը ամէն օր հաղորդութեան մէջ է մտնում իր անցեալի հայրերի եւ նրանց մեզ ժառանգութիւն թողած նւիրական սրբութիւնների ու աւանդութիւնների հետ եւ այսպիսով՝ ստանում հայեցի դաստիարակութիւն, որը նպատակն է իւրաքանչիւր հայ դպրոցի:
Սեպտեմբեր ամսին հնչեց 2011-2012 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը. դպրոցիս աշակերտութիւնը եւս, ինչպէս նախկին տարիներում, ուրախ ու խանդավառ մուտք գործեց դպրոցի սրբազան շէնքը:

alt

«Սահակեան» ազգ. ոչ-շահադիտական կրթահամալիրի յարկի տակ դպրոցի առաջին օրը բացւած յայտարարւեց Տէրունական աղօթքով եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմներգով: Ապա դպրոցիս տնօրէն Արա Ֆարհադեանն իր բարիգալստեան խօսքն ուղղեց բոլոր աշակերտներին եւ նրանց սիրելի ծնողներին՝ մաղթելով յաջողութիւններով լի ուսումնական տարեշրջան, որից յետոյ դպրոցիս ուղեցոյց օղակի փոխտեսուչ Անդրէ Ներսիսեանն ընթերցեց Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցի առաջին զանգի առիթով: Ապա աշակերտները զգաստ շարքերով եւ բարձր տրամադրութեամբ մուտք գործեցին դասարաններ եւ խոստացան միմեանց, որ գերազանց սերտեն իրենց դասերը, որպէսզի արժանանան դպրոցի տնօրէնութեան եւ ուսուցիչների գնահատանքին:
altԻւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի առաջին օրերում պատիւ ունենք մեր դպրոցի յարկի տակ վայելելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի բարեբեր ներկայութիւնը, որը, ինչ խօսք, մեզ նոր լիցք է փոխանցում՝ նոյն խանդավառութեամբ ու եռանդով շարունակելու եւ աւարտին հասցնելու ուսումնական տարին:
2011-2012 ուսումնական տարեշրջանի սեմին եւս, ինչպէս նախկին տարիների հոկտեմբեր ամսին, առիթ ունեցանք դպրոցիս յարկի տակ վայելելու Սրբազան Հօր ներկայութիւնը, որին ուղեկցում էին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան անդամ Տ. Մակար վրդ. Աշգարեանը եւ թեմիս Կրթական խորհրդի ներկայացուցիչ Ռիմա Աւետեանը:
Այս բարեբաստիկ օրւայ առիթով կազմակերպւել էր փոքրիկ միջոցառում. ծրագրի սկզբում սփռւեց Տէրունական աղօթքը, ապա դպրոցիս տնօրէն Արա Ֆարհադեանը եւ ուսուցչական կազմի կողմից Աշոտ Սինանին իրենց բարիգալստեան եւ ողջոյնի խօսքերն ուղղեցին Սրբազան Հօրը, որից յետոյ տեղի ունեցան ասմունքային կատարումներ՝ ըստ հետեւեալի՝ հերթաբար ասմունքեցին՝ միջնակարգ օղակի առաջին դասարանի աշակերտ Մենուա Մաթեանը եւ երրորդ ուսողական դասարանի աշակերտ Սեւան Երիցեանը՝ իրենց գրչին պատկանող բանաստեղծութիւնները:

alt

Աշակերտական խօսքն ընթերցեց երկրորդ ուսողական դասարանի աշակերտ Վեդի Նազարեանը, ապա ունկնդրեցինք Սրբազան Հօր օրհնութեան խօսքը եւ բարեմաղթանքները: Այցելութիւնն աւարտւեց համեստ ընդունելութեամբ:
«Սահակեան» ազգ. ոչ-շահադիտական տղայոց կրթա-համալիրի տնօրէնն է Արա Ֆարհադեանը, որն իր բծախնդիր կեցւածքով եւ լրջութեամբ հետեւում եւ կառավարում է դպրոցը, իսկ փոխտեսուչներն են՝ Անդրէ Ներսիսեանը (ուղեցոյց օղակ) եւ Արբի Ալլահվերդեանը (միջնակարգ օղակ եւ նախահամալսարանական բաժին), որոնք իրենց պարտականութիւններում ոչ մի ջանք չեն խնայել իրենց լաւագոյնն անելու թէ՛ աշակերտութեան, եւ թէ՛ ծնողների նկատմամբ:
Գրասենեակի աշխատանքները կատարւել են Սոֆիկ Խեչումեանի միջոցով, որն իր լուրջ աշխատանքով, իր հերթին, աւելի դիւրին է դարձրել դպրոցիս աշխատանքները:
Դպրոցում պաշտօնավարում են 29 հոգի՝ բաղկացած ուսուցիչներից եւ անձնակազմից, որոնցից 15-ը հայեր են: Այս ուսումնական տարեշրջանում ունեցել ենք 97 աշակերտներ:
Դպրոցիս աշխատանքները, ինչպէս նախկին տարիներում, սկսւել են առաւօտեան ժամը 7:30-ից՝ տեւելով մինչեւ կ. յ. ժամը 2:30-ը: Այս ուսումնական տարեշրջանում նախահամալսարանական բաժնի աշակերտները շաբաթական երեք օր մինչեւ երեկոյեան ժամը 6-ը ունեցել են յաւելեալ պարապմունքներ:
Դպրոցս օժտւած է եղել նաեւ երթեւեկութեան յարմարութեամբ:

Մարզական աշխատանքներ

2011-2012 ուսումնական տարեշրջանում դպրոցիս աշակերտութիւնը առիթ ունեցաւ շաբաթական մէկ օր հինգշաբթի օրերը մարզական աշխատանքները կատարելու «Արարատ» մարզաւանի շրջափակում:

alt

Մարզական բաժնում դպրոցիս ուղեցոյց օղակը բոլոր դպրոցների կողքին, ըստ անցեալի, մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնած 36-րդ Համադպրոցական խաղերին՝ ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւ ատլետ եւ շախմատ մարզաձեւերում եւ ձեռք բերել յաջողութիւններ՝ ըստ հետեւեալի՝ բասկետբոլում երկրորդ տեղն են գրաւել, թեթեւ ատլետում՝ թէ՛ խմբական, եւ թէ՛ անհատական մրցութիւններում գրաւել են առաջին տեղը: Շախմատում՝ թէ՛ խմբական, եւ թէ՛ անհատական մրցութիւններում առաջին տեղն են գրաւել:
Ուղեցոյց օղակի բասկետբոլի խումբը ուսումնադաստիարակչութեան 7-րդ շրջանի դպրոցների միջեւ գրաւել է երկրորդ տեղը: Հարկ է նշել, որ դպրոցիս ուղեցոյց օղակի բասկետբոլի խմբի անդամներից՝ Արութին Հայրապետեանը եւ Էրիկ Յակոբեանն ընտրւել են որպէս ուսումնադաստիարակչութեան 7-րդ շրջանի բասկետբոլի ընտրեալ խմբի անդամներ:

Ազգային, կրօնական, մշակութային եւ պետական տօների նշում

Բոլոր ազգային, կրօնական, մշակութային եւ պետական տօները նշւել են դպրոցում:
Հայոց լեզւի ուսուցիչների կողմից աշակերտութեանը լուսաբանւել է իւրաքանչիւր տօնի խորհուրդների մասին: Նշւել են պետական տօները, ինչու չէ նաեւ Աշակերտի օրը, Իրանի Իսլամական Հանրապետութեան տարեդարձը եւ բոլոր հայկական տօների առթիւ աշակերտների միջոցով պատրաստւել են գեղեցիկ պատի թերթեր:
Հայոց տառերի գիւտի եւ Մշակոյթի օրւայ առթիւ կատարւել է տօնակատարութիւն:

2009-ից 2011 ուսումնական տարեշրջանների աւարտական հանդէս

Այս տարեշրջանում եւս Մշակոյթի օրւայ առթիւ տեղի ունեցաւ դպրոցիս 2009-2010 եւ 2010-2011 ուսումնական տարեշրջանների ուղեցոյց եւ միջնակարգ օղակների երրորդ դասարանի աշակերտութեան աւարտական վկայագրերի բաշխման ծրագիրը:
Ըստ սովորոյթի վերոյիշեալ, ձեռնարկը դպրոցումս կատարւում է հոկտեմբեր ամսին, որը համընկնում է Մշակոյթի շաբաթւան:
Սոյն ձեռնարկին ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Մակար վրդ. Աշգարեանը, թեմիս Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ՝ Դարւին Աւագեանն ու Յովիկ Գոլազիզեանը, դպրոցիս տնօրէնը եւ անձնակազմը, ինչու չէ նաեւ աշակերտներն ու իրենց սիրելի ծնողները:
Ձեռնարկը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բարիգալստեան եւ ողջոյնի խօսքն ընթերցեց դպրոցիս ուղեցոյց օղակի փոխտեսուչ Անդրէ Ներսիսեանը:
Ծրագրի գեղարւեստական բաժնում տեղի ունեցան՝ երգեհոնի կատարում, ասմունքներ եւ աշակերտական խօսքի ընթերցում:
Գեղարւեստական բաժնի աւարտւելուց յետոյ՝ դպրոցիս տնօրէն Արա Ֆարհադեանն իր ողջոյնի եւ գոհունակութեան խօսքն արտայայտեց, որում շնորհաւորեց թէ՛ աշակերտներին, թէ՛ ծնողներին, եւ թէ՛ դպրոցիս ամբողջ անձնակազմին: Այնուհետեւ բեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը՝ իր օրհնանքի եւ քաջալերանքի խօսքն ուղղելու աշակերտներին: Նա իր օրհնութեան խօսքով մէկ անգամ եւս աշակերտներին յիշեցրեց իրենց ապագայ կրթական ասպարէզում աւելի բարձր նւաճումների ձգտման համար, ինչու չէ նաեւ շնորհաւորելով բոլորին՝ մաղթեց նորանոր յաջողութիւններ: Եւ այսպիսով՝ Սրբազան Հօր, դպրոցիս տնօրէնի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների ձեռամբ յանձնւեցին աշակերտութեան վկայագրերը՝ ջերմ ու հարազատ մթնոլորտում:

Մշակութային փառատօն

Դպրոցիս աշակերտները մասնակցել են Թ. Հ. թեմի Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի միջոցով կազմակերպւած աշակերտական մշակութային մրցոյթ-փառատօնին, որոնք ընտրւել են որպէս լաւագոյն մասնակցողներ :

Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման ձեռնարկ

Հայոց Ցեղասպանութեան 97-րդ տարելիցի առթիւ դպրոցիս ուղեցոյց եւ միջնակարգ օղակի աշակերտները, ծնողական խորհրդի եւ փոխտեսուչների պատասխանատւութեամբ, մասնակցեցին Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի միջոցով կազմակերպւած դպրոցականներին յատկացւած ծրագրին, որը տեղի ունեցաւ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում: Հարկ է նշել, որ վերոյիշեալ ձեռնարկի մշակութային բաժնում նաեւ իրենց մասնակցութիւնը բերեցին դպրոցիս միջնակարգ օղակի աշակերտներ՝ Սեւան Երիցեանը եւ Մենուա Մաթեանը, որոնք ասմունքեցին իրենց գրչին պատկանող բանաստեղծութիւնները՝ նւիրւած Հայոց Մեծ Եղեռնին: Նշելի է, որ այս երկու բանաստեղծութիւնները տպագրւել են «Ալիք» օրաթերթում:

Մասնակցութիւն հոգեւոր մրցոյթին

Իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանում հրամանաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի, տեղի է ունենում նկարչութեան, սաղմոսի եւ ընդհանուր գիտելիքների մրցութիւն՝ հայոց դպրոցների բոլոր օղակների աշակերտութեան համար: Այս ուսումնական տարեշրջանում եւս դպրոցիս ուղեցոյց օղակի աշակերտներից ոմանք մասնակցեցին վերոյիշեալ մրցոյթին, որոնցից Էրիկ Խաչեանը գրաւեց առաջին տեղը՝ ուղեցոյց օղակի առաջին դասարանի աշակերտութեան միջեւ:

Տ. Վարանդ վրդ. Քորթմոսեանի այցելութիւնը՝ դպրոց

Ապրիլ ամսին դպրոց այցելեց Տ. Վարանդ վրդ. Քորթմոսեանը, որը Անթիլիասից Թեհրան էր ժամանել Սրբազան Հօր հրաւէրով՝ Աւագ շաբաթւայ եւ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնի առիթով: Հայր Սուրբը աշակերտներին բացատրեց Աւագ շաբաթւայ եւ Քրիստոսի Յարութեան տօնի իմաստը:

Այլ ձեռնարկներ

Դպրոցիս ծնողական խորհրդի միջոցով կազմակերպւել են ձեռնարկներ եւ տօնակատարութիւններ՝ ըստ հետեւեալի.
* Ճաշկերոյթ
* Ամանորի դիմաւորում- Այս առիթով դպրոցիս սրահում աշակերտութեան համար կազմակերպւել էր խրախճանք-Ձմեռ պապիկի դիմաւորում, որի ընթացքում աշակերտներին Ձմեռ պապիկի միջոցով բաժանւեցին գեղեցիկ կապոցներ:
* Ուրախ երեկոյ, փետրւար ամսին, Հայ ակումբի սրահում՝ դպրոցիս ծնողների համար, որին հրաւիրւել էին բոլոր ծնողները՝ իրենց հարազատների եւ մտերիմների հետ :
* Ս. Զատկի եւ Մայրերի օրւայ առթիւ խրախճանք՝ դպրոցիս սրահում՝ մասնակցութեամբ դպրոցիս աշակերտութեան մայրերի: Նաեւ այս բարեբաստիկ օրւայ առիթով դպրոցիս բոլոր աշակերտներին յանձնւեցին գեղեցիկ շնորհաւորական բացիկներ:
* Ուսուցչի օրւայ տօնակատարութիւն, որին հրաւիրւել էին դպրոցիս ուսուցիչները, որոնք քաջալերւեցին եւ գնահատւեցին դպրոցիս տեսչի կողմից:

Արշաւ - այցելութիւններ

alt2011-2012 ուսումնական տարեշրջանում եւս, ինչպէս նախկին տարիներում, կազմակերպւեցին գիտական արշաւայցելութիւններ՝ դպրոցիս երկու օղակների աշակերտութեան համար: Ուղեցոյց օղակի աշակերտները, «Ալիք» հաստատութեան գործունէութեան 80-ամեակի առիթով, այցելեցին «Ալիք» տպարան: Այնտեղ պատկան պատասխանատուների կողմից տրւեցին բացատրութիւններ՝ տպարանի աշխատանքների վերաբերեալ: Ապա դպրոցիս աշակերտները միասնաբար նշեցին «Ալիք» հաստատութեան 80-ամեակը, որից յետոյ դպրոցիս կողմից յղւած շնորհաւորական ուղերձը ընթերցւեց դպրոցիս փոխտեսուչ Անդրէ Ներսիսեանի միջոցով: Վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Այցելութիւն «Ռոբաթ» մսամթերքի գործարան

Դպրոցիս ուղեցոյց օղակի աշակերտները այցելեցին նաեւ «Ռոբաթ» մսամթերքի գործարան: Այցելութեան սկզբում արտադրութեան պատասխանատուն բացատրութիւններ տւեց գործարանի բոլոր բաժինների գործելակերպի վերաբերեալ, ապա ցուցադրւեց մի տեսաժապաւէն՝ այդ կապակցութեամբ, որից յետոյ հիւրասիրւեցին դպրոցիս աշակերտները:
Ծրագրի երկրորդ բաժնում աշակերտներն այցելեցին գործարանի տարբեր բաժինները:
Դպրոցիս միջնակարգ օղակի աշակերտները եւս այցելեցին «Իրան խոդրօ դիզել» գործարան:

Կրթական ասպարէզ

Կրթական ասպարէզում ուսուցիչները հետեւողականօրէն կատարել են իրենց վերապահւած պարտականութիւնները եւ լաւագոյն աշխատանքով աշակերտների ուսումը հասցրել են ամենաբարձր մակարդակի:
«Սահակեան» ազգ. ոչ-շահադիտական կրթահամալիրի տնօրէնութիւնը եւ ուսուցչական կազմը դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրւանից նպատակադրել է դասարանային պարապմունքներին եւ գրաւոր քննութիւններին զուգընթաց՝ կազմակերպել ամսական թեստային քննութիւններ, որպէսզի աշակերտները ծանօթանան թեստային քննութիւնների ձեւակերպին եւ այսպիսով՝ պատրաստւեն ապագայում կայանալիք համալսարանների մուտքի քննութիւններին:
Իւրաքանչիւր ամսավերջում տեղի են ունեցել թեստային քննութիւններ՝ ուղեցոյց օղակի աշակերտութեան համար, որոնց հարցերը կազմւել են դպրոցիս ուսուցիչների միջոցով, իսկ միջնակարգ օղակի եւ նախահամալսարանական բաժնի աշակերտութիւնը մասնակցել է ուսումնադաստիարակչութեան 7-րդ շրջանի միջոցով կազմակերպւած ուսման զարգացման թեստային քննութիւններին: Նախահամալսարանական բաժնի աշակերտները նաեւ մասնակցել են Ուսումնաքննչական կազմակերպութեան (Սազմանէ սանջեշ) թեստային քննութիւններին:

Ուսանողական մտերմիկ հանդիպում

Դպրոցիս տնօրէնութիւնը նպատակադրեց կեանքի կոչել ուսանողական հաւաք, որի մաս կազմեն նախկին ուսումնական տարեշրջանների համալսարան ընդունւած աշակերտները եւ այսպիսով նրանց առիթ կը տրւի, որ հանդիպեն իրենց ընկերներին, ինչու չէ նաեւ ներկայ ուսումնական տարեշրջանի նախահամալսարանական բաժնի աշակերտներին եւ այսպիսով՝ փոխանցեն իրենց փորձառութիւններն ու տեղեկութիւնները՝ իրենց ընդունւած ճիւղերի վերաբերեալ:
Այս ուսումնական տարեշրջանում եւս, ինչպէս նախկին տարիներում, 2012 թւականի մարտ ամսին տեղի ունեցաւ 2007-ից 2010 ուսումնական տարեշրջանների նախահամալսարանական բաժնի աշակերտութեան հանդիպումը՝ ներկայութեամբ դպրոցիս տնօրէնի եւ ուսուցիչների ներկայացուցչի :
Հանդիպման սկզբում դպրոցիս տնօրէն Արա Ֆարհադեանը դպրոցիս ամբողջ անձնակազմի անունից շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսք ուղղեց համալսարան մուտք գործած աշակերտներին, որից յետոյ ուսուցիչների ներկայացուցիչ Շահէն Բաբախանեանցը եւս արտայայտւեց այդ առիթով:
Հանդիպումն ընթացաւ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում նաեւ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

* * *

«Սահակեան» ազգային ոչ-շահադիտական տղայոց կրթական համալիրը եւս միշտ ջանացել է թէ՛ կրթական, եւ թէ՛ հայեցի դաստիարակութեան ասպարէզներում բծախնդիր կերպով իր սրբազան պարտքը կատարել մատաղ սերունդի դաստիարակութեան գործում: Եւ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ ոչ մի ջանք չեն խնայել՝ դպրոցիս գիտակից ուսուցչական կազմը, փոխտեսուչները եւ ի մասնաւորի՝ դպրոցիս տնօրէնը, որոնք իրենց դրական եւ լուրջ հետեւողականութեամբ ձեռք-ձեռքի տւած՝ արել են իրենց լաւագոյնը՝ այդ ուղղութեամբ: Նաեւ չմոռանանք, որ իրենց սերտ համագործակցութիւնն են բերել դպրոցիս ծնողները, որոնք վստահելով եւ հաւատալով դպրոցիս ամբողջ կազմին՝ իրենց սիրասուն զաւակներին յանձնել են մեզ, ինչու չէ նաեւ ժամանակին օժանդակել ամէն կերպով ու աջակցել դպրոցիս, որի համար յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնները:
Այստեղ հարկ է մեր խորին շնորհակալութիւնները յայտնել թեմիս Կրթական խորհրդին, որի ուշադիր եւ սրտցաւ անդամների հայեցողութեամբ է, որ համայնքի կրթական գործիչները շարունակում են դաստիարակել ազգանւէր սերունդներ:
Շնորհակալական խօսք ենք ուղղում դպրոցիս պահակին եւ հաւաքարարին՝ իրենց բարի կեցւածքի եւ կարգապահ հսկողութեան համար՝ թէ՛ աշակերտների, եւ թէ՛ դպրոցի նկատմամբ: Վերջում լիայոյս ենք, որ մեր աշակերտները տարիներ շարունակ քաջ գիտակցութեամբ աւարտեն ուսումնական շրջանը՝ ինչպէս միշտ, եւ մենք բոլորս ականատեսը լինենք նրանցից իւրաքանչիւրի յաջողութիւնների ու հպարտանանք՝ որպէս հայ տեսուչ, փոխտեսուչ, ուսուցիչ եւ ծնող :
Վարձքներդ ի կատար՝ ամբողջ կազմով:

Հայոց ազգ. «Սահակեան» ոչ-շահադիտական
կրթահամալիրի Հանրային կապ
Յունիս 2012

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։