Հա

Համայնք

30/06/2012 - 13:43

alt«ԱԼԻՔ» - Երէկ՝ ուրբաթ, յունիսի 29-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ շուրջ երեք տարի առաջ իր մահկանացուն կնքած իրանահայ ազգային-հասարակական բազմավաստակ գործիչ, Իրանի արդի հոգեբուժութեան հիմնադիր, ակադեմիկոս դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանի կիսանդրու բացումը, որը գործն է հայաստանցի արձանագործ Գագիկ Ստեփանեանի:
Նախ Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Տ. Մակար վրդ. Աշգարեանի, կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ դոկտ. Հարմիկ Դաւթեանի հոգու հանգստութեան համար, ապա եկեղեցու շրջափակում ծրագրի հաղորդավար Ռոբերտ Մարգարեանը Կազմակերպիչ յանձնախմբի անունից հանդէս եկաւ բացման խօսքով, որից յետոյ՝ Տ. Մակար վրդ. Աշգարեանի, Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ՝ դոկտ. Հադդադ Ադէլի եւ դոկտ. Կարէն Խանլարեանի, Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանի եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի ձեռամբ քողազերծւեց դոկտ. Հարմիկ Դաւթեանի կիսանդրին:

Այնուհետեւ Տ. Մակար վրդ. Աշգարեանն ընթերցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը, որից յետոյ հերթաբար իրենց արտայայտութիւններն ունեցան՝ Թ. Հ. Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Իսլ. խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Հադդադ Ադէլը, Թեհրանի եւ հիւս. իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, հոգեբոյժներ՝ դոկտ. Նուրբալան ու դոկտ. Մոհիթը եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամ Հրաչ Զարիֆեանը, որոնք վեր հանեցին դոկտ. Հարմիկ Դաւթեանի վաստակը եւ բնութագիրը՝ որպէս հայրենասիրական ու մարդասիրական վեհ յատկանիշերով օժտւած անհատ, ազգային-հասարակական յանձնառու գործիչ, բարձրարժէք գիտնական-հոգեբոյժ եւ պարսից գրականութեանը լաւածանօթ մտաւորական:

alt

Միջոցառման գեղարւեստական բաժնում, որի պատասխանատուն էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախմբի ղեկավար Արաքս Խաչատրեանը, ելոյթ ունեցան՝ Արա Կարապետեանը՝ կատարելով «Աւէ Մարիա» ու «Պիետրա Սինիորէ» երգերը եւ Արմօ Աւանէսեանն ու Արթուր Գալստեանը՝ «Մարտիկի երգը» եւ «Չինար ես» զուգերգերը: Երգերին նւագակցում էին՝ Արին Աւանէսեանը (դաշնամուր ու երգեհոն) եւ Վահագն Սարգսեանը (գիտառ):
Գեղարւեստական բաժինը եզրափակւեց «Իրան» երգով՝ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի ղեկավար Էդիկ Թամրազեանի կատարմամբ, որից յետոյ դոկտ. Հարմիկ Դաւթեանի այրին՝ տկն. Հռիփսիմէ Դաւթեանն իր շնորհակալական խօսքում նաեւ յուշերի կարգով անդրադարձաւ դոկտորի բազմակողմանի արժանիքներին՝ ընդգծելով, որ ամուսին լինելուց բացի՝ նա իր համար լաւ զրուցակից եւ տարբեր մարզերում ուսուցիչ-խորհրդատու էր:

alt

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի կազմակերպման մէջ դերակատար էր Ս. Աստւածածին եկեղեցու խորհրդի, «Հայ կին» եւ Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութիւնների անդամներից կազմւած յանձնախումբը:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, Իրանի Բժշկական գիտութիւնների ակադեմիայի նախագահ դոկտ. Բահադորին, ակադեմիկոս եւ արձակագիր Հուշանգ Մորադի Քերմանին, հայ ու պարսիկ բժիշկներ եւ հոծ թւով հասարակութիւն, որոնք եկել էին մեծարելու դոկտ. Հարմիկ Դաւթեանի յիշատակը:
Այսպիսով՝ Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում Յովհաննէս խան Մասեհեանի եւ Եփրեմ խանի կիսանդրիների կողքին՝ վեր խոյացաւ Իրանին կարեւոր ծառայութիւններ մատուցած մի այլ հայորդու՝ դոկտ. Հարմիկ Դաւթեանի կիսանդրին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։