Հա

Համայնք

14/03/2012 - 12:31

altՅունւարի 20- Անսպասելի ու ցնցող լուր՝ Մելինէն ուղեղի ցնցումի հետեւանքով՝ փոխադրւել է հիւանդանոց:
Չհաւատացի: Դեռ երկու օր առաջ խօսել էինք եւ նա պատրաստւում էր ամռանը ընտանիքի հետ արձակուրդըն անցկացնել Հայրենիքում՝ իր ծնողների, եղբօր ընտանիքի եւ հարազատների հետ:
Փետրւարի 5- Կրկին հեռախօսի զանգ... -Մելինէն ոչ եւս է...
. . . . . . . . . . . . . . . . . . . .

Միթէ կեանքն այսքան դաժա՞ն է:
....Ու մտովի վերադառնում եմ հեռու անցեալն ու թերթում յուշերիս տետրը:

Մելինէն փոքր տարիքից Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան անդամ էր եւ տարիներ յետոյ իր կարգապահութեան ու նւիրւածութեան բերումով՝ արդէն նոյն միութեան աստիճանաւոր, ապա՝ դերխմբապետ, ում վստահւած էր պատանի-պարմանուհիների դաստիարակութիւնը:
Նա աւարտել էր Թեհրանի «Մարի Մանուկեան» միջնակարգ դպրոցի տնտեսագիտութեան ճիւղը:
Արեւելահայերէնից բացի՝ նա լաւածանօթ էր արեւմտահայերէնին, պարսկերէն եւ անգլերէն լեզուներին: Սիրւած էր բոլորի կողմից՝ իր ընտանիքի, ծնողների, հարազատների ու ընկերների: Խելօք էր, արժանաւոր դուստր, անձնւէր կին ու մայր:
Մելինէն բեմի նւիրեալներից մէկն էր: Դեռ փոքր տարիքից յաճախել էր Իրանի Բալետի պետական ինստիտուտը. իսկ Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, երբ կենտրոնը փակւեց, նա շարունակեց սովորել Սիւզի Խանջարեանի պարարւեստի դպրոցում՝ մասնակցելով բազմաթիւ պարային հանդէսների:
Փնտրւած ասմունքող էր եւ դերասանուհի ու մասնակցել է մէկ տասնեակ ներկայացումների՝ ստանձնելով առաջին դերեր:
Փառանձեմ թագուհին էր «Արտագերս»-ում, Սոնիան՝ «Քեռի Վանիա»-ում, Մարին՝ «Ճամբուն վրայ»-ում, Արմենոշը՝ «Արմենոշ»-ում, Դ. Վարուժանի կինը՝ Արաքսին՝ «Վերջին արեւագալ»-ում, Կինը՝ «Միւս անգամ»-ում, Թագուհին՝ «Աստծոյ 12 օր»-ում եւ.... Նա անթերի էր իր ստանձնած դերերում: Պարում, ասմունքում եւ խաղում էր ինքնամոռաց ու նւիրւած:
Յիշում եմ նրան Չեխովի «Քեռի Վանիա» ներկայացմանը՝ հանգուցեալ Միշա Հայրապետեանի բեմադրութեամբ եւ նրա երկխօսութիւնը՝ Քեռի Վանիայի հետ (հանգուցեալ Վ. Բաշեանի խաղարկութեամբ):
Վոյնիցկի (Քեռի Վանիա)- Մանկիկս, եթէ իմանայիր որքան ծանր է ինձ համար... եթէ իմանայի՜ր....
Սոնիա- Ի՜նչ արած, պէտք է ապրել: Մենք, քեռի Վանիա, կապրենք: Կապրենք երկար, երկար օրեր, երկար գիշերներ, համբերութեամբ կը կրենք փորձութիւնները, որոնք կուղարկի մեզ բախտը, կաշխատենք ուրիշների համար ե՛ւ այժմ, ե՛ւ ծերութեան օրերին, չունենալով հանգիստ, իսկ երբ կը հասնի մեր ժամը, մենք հնազանդ կը մեռնենք եւ այնտեղ, հանդերձեալ կեանքում կասենք, որ տառապել ենք մենք, որ արտասւել ենք մենք, որ դառն է եղել մեզ համար: Եւ Աստւած կը խղճայ մեզ եւ մենք քեզ հետ, սիրելի քեռի, կը տեսնենք լուսաւոր կեանք, սքանչելի, շքեղ կեանք, մենք կուրախանանք եւ ներկայիս մեր դժւարութիւնների վրայ կը նայենք գորովանքով, ժպիտով ու կը հանգստանանք... Ես հաւատում եմ, քեռի... մենք կը հանգստանա՜նք...
Իսկ Լեւոն Շանթի «Ճամբուն վրայ»-ում Մելինէին էի վստահել Մարիի դերը:
Մարի- ....Իսկ ե՛ս, ես, ընդհակառակը, կատեմ ձեր այդ գոլ սկզբունքը: -Այո՛, թէ սառն է սառոյց, թէ տաք է՝ կրակ. բայց ո՛չ երբեք այդպէս գոլ ու գաղջ:
Ասում էք՝ չմոռնա՞մ, որ սառն ու հուրը կը մաշեն եւ կեանքը եւ այդ բեռներով քառասունի՞ ալ չեմ հասնիր: (Ծիծաղով) - Քառասո՜ւն, կեանքը քառասո՜ւն տարի: (Ոգեւորւած)- Կեա՛նքը բարեկա՛մ, օ՛ր մըն է միայն, օ՛ր մը:
Ալ. Թոփչեանի «Արտագերս» հերոսական մենոդրամայում Մելինէն Փառանձեմ թագուհու դերում ասում է՝ հէյ, ժամանակ սպասիր... սպասիր, երկու արարած մի դէմքով չեն կարող ապրել... Երկուսից մէկը պիտի մեռնի... Ես գիտեմ, դու ոչ սկիզբ ունես, ոչ էլ վերջ, ուրեմն՝ մեռնողը ես եմ... (Գոռալով) Արդէն ասացի, որ ինձ ոչինչ չի կարող վախեցնել, նոյնիսկ մահը...
1998 թւականին նա մասնակցեց Վարդգէս Բաշեանի մահւան 40-օրեակին նւիրւած միջոցառմանը, որտեղ ներկայացւեց Ռուբէն Զարդարեանի «Եօթ երգիչները» խորհրդապաշտական երկը:
Հեղինակը արւեստագէտի իր գրչով եւ գուսանների նւագարաններով խորհրդանշել է կեանքը իմաստաւորող երեւոյթները եւ վարպետի լեզւով յայտնել վերջին խորհուրդը իմաստութեան...
Վեցը աշակերտներն էին ու եօթներորդը՝ վարպետը...
Վարպետ- ......«Ես խմեցի գինին բոլոր սեղանների վրայէն ու ականջ դրի բոլոր երգերուն, որ երգած էին երգիչները... համոզւեցայ որ՝ սէրը անմահ է բայց մարդկային սիրտը կը վերածւի փոշիի... գեղեցկութիւնը յաւիտենական է, բայց զայն դիտող աչքերուն վրայ գիշերը իր խաւարի կնիքը կը դնէ. համոզւեցայ, որ ուժը, գինին, երգն ու կեանքը, կերթային ամենքն ալ անդունդի մը վրայէն... եւ երբ գինին խմեցի, սարսափը զիս չթողուց, եւ երբ ուզեցի ցնծութեան երգեր հնչեցնել, երկիւղը քարացուց զայն հոգիիս մէջ, եւ համոզւեցայ, որ երբեք չէ երգւած, ա՛յս աշխարհին վրայ, երջանկութեան ոչ մէկ ճշմարիտ երգ... Մէկը կուգայ բռնել միւսին տեղը. նորերը կը սկսին ինչ որ հիները վերջացուցած են.- ահա երգս, ահա կեանքը...
Ճշմարիտ է ե՛ւ սէրը, ե՛ւ գեղեցկութիւնը, ե՛ւ ուժը, ե՛ւ գինին, ե՛ւ երգը, ե՛ւ կեանքը... ճշմարտութիւն է այդ ամենուն հետ, եւ այդ ամենէն վեր‘ ե՛ւ մահը: Ու թող բոլոր ճշմարտութիւնները միասին ճառագայթեն ամէն տեղ»...
Այդ գիշեր Մելինէն խօսեց գինու լեզւով ու վարպետն էր մահը:
-Եւ նորից նախախնամութիւնը յուշում է, որ, իրօք, մահը կեանքի շարունակութիւնն է:
Բնութիւնն իր օրէնքն ունի եւ իր անշեղ ընթացքը, որին ամենակարող մարդն անկարող է շրջանցել, հակադրւել ու փոխել իր ցանկութեամբ:
Մելինէն ապրեց եւ ստեղծագործեց ու անմահացաւ իր հասարակական կեանքով՝ որպէս բեմի նւիրեալ: Իսկ յետոյ ինքնամոռաց եւ անտրտունջ՝ նւիրւեց իր սիրելի ամուսնուն եւ երկու զաւակներին ու չխնայեց նրանց համար ոչինչ, իսկ երբ արդէն անկարող էր պայքարել կեանքի դժւարութիւնների դէմ, երբ հոգին յօժար էր, իսկ մարմինը՝ տկար, նա գնաց՝ «հանգստանալու, լսելու հրեշտակներին ու տեսնելու ամբողջ տիեզերքը՝ զարդարւած ադամանդներով, նա գնաց՝ հանգստանալու, ուրախանալու եւ երկրի դժբախտութիւնների վրայ գորովանքով ու ժպիտով նայելու»:
-Սիրելի Մելինէ, թող որ հողը թեթեւ լինի վրադ:

ԿԻՏՈՒՇ ԱՐԶՈՒԵԱՆ
Երեւան
Փետրւար 2012 թ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։