Հա

Համայնք

Երեքշաբթի, 13 Մարտի 2012 12:33

ՀԱՄԱՅՆՔ - «Կակաչ» պարախմբի տարեկան ելոյթը

alt

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, փետրւարի 23-ին, 24-ին եւ 29-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, կայացաւ նոյն միութեան յարկի տակ գործող Հայաստանի Պարարւեստի միութեան անդամ «Կակաչ» պարախմբի տարեկան ելոյթը՝ որպէս նախատօնակ իր հիմնադրութեան 30-ամեակի: Պարախմբի գեղարւեստական ղեկավարն է համայնքիս պարարւեստի վաստակաւոր գործիչ Արուս Սարգսեանը (Աւագեան), իսկ պարուսոյցը եւ փորձավարը՝ Արմինէ Աւագեանը:

Նախքան ծրագրի սկսւելը՝ հաղորդավար Վարդան Դաւթեանը հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց ընդհանուր առմամբ հայկական պարի, Արուս Սարգսեանի պարարւեստի մարզում ծաւալած բեղուն գործունէութեան եւ «Կակաչ» պարախմբի աշխատանքների ու նւաճումների մասին:
Ծրագիրը բաղկացած էր երկու բաժնից. իւրաքանչիւր բաժնում ներկայացւեցին 14 պարեր, որոնք Կարէն Գէորգեանի, Արմինէ Աւագեանի, Աննա Կարապետեանի, Յովհաննէս Յովհաննիսեանի, Յարութիւն Թոփալիդիսի եւ Մուրադ Յակոբեանի բեմադրութիւններն էին:

alt

Ծրագիրն սկսւեց հայկական ազգագրական պարով, որը նւիրւել էր հայ պարարւեստի լեգենդ Վանուշ Խանամիրեանին:
Հայկական պարերի կողքին՝ ներկայացւեցին նաեւ օտար ազգերի՝ իսպանական, մոլդաւական, յունական, ռուսական, բրազիլական, արաբական եւ վրացական, վալս, գնչուական եւ մոդեռն պարեր, որոնք արժանացան հանդիսականների բուռն ծափողջոյններին եւ գնահատական արտայայտութիւններին: Մասնաւորապէս, ուշագրաւ էր Արմինէ Աւագեանի եւ Հայաստանից ժամանած երիտասարդ արւեստագէտ Յարութիւն Թոփալիդիսի գեղարւեստական նրբին եւ համաչափ շարժումներով յագեցած «Ռումբա» կոչւող զուգապարը:
altԾրագիրն աւարտւեց պարախմբի բոլոր անդամների միասնաբար իրականացրած «Մենք ենք մեր սարերը» պարով, որը մեծ խանդավառութիւն ու ոգեւորութիւն ստեղծեց սրահում: Նախքան սոյն պարի կատարումը՝ Փրենի Գիւլազիզեանն ասմունքեց Գէորգ Էմինի «Սասունցիների պար» բանաստեղծութիւնից մի հատւած:
Ուրբաթ, փետր. 24-ի ծրագրին ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Մակար վրդ. Աշգարեանը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Նշան արք. Գարաքեհէեանը, պարուսոյցներ եւ հրաւիրեալներ:

alt

Նոյն օրւայ ծրագիրն աւարտւելով՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը շնորհաւորելով եւ ուժ ու կորով մաղթելով պարախմբի ղեկավարին եւ անդամներին՝ շնորհակալական խօսք ուղղեց Սրբազան Հօրը՝ ձեռնարկը հովանաւորելու եւ ներկայ գտնւելու համար, եւ բեմ հրաւիրեց նրան՝ իր օրհնութեան խօսքն ասելու:
Սրբազան Հայրը բարձր գնահատելով «Կակաչ» պարախմբի գեղարւեստական ղեկավար Արուս Սարգսեանին եւ խմբի երէց ու կրտսեր անդամներին՝ ներկայացրած բարձրորակ կատարումների համար, նշեց, որ հանդիսականների ծափողջոյններն ու խանդավառ տրամադրութիւնը վկայութիւնն են միջոցառման յաջողութեամբ պսակւելու: Նա ապա իր խօսքը առաւելաբար կենտրոնացրեց հայկական արւեստի նպատակային լինելու շուրջ՝ այն բնութագրելով հայ ժողովրդի դէմ ծառացած մերօրեայ մարտահրաւէրները դիմագրաւելու եւ բարու պայքար մղելու լաւագոյն միջոց:

Թղթակից՝ Ա. Դ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ