Հա

Համայնք

12/03/2012

alt«ԱԼԻՔ» - Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կիրակի, մարտի 11-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կայացաւ Երեւանի Կոմիտասի անւան Պետական կոնսերւատորիայի շրջանաւարտ, իրանահայ երգչուհի Լեռնիկ Հայրապետեանի (մեցցօ-սոպրանօ) մենահամերգը՝ նոյն կոնսերւատորիայի շրջանաւարտ խմբավար-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի ընկերակցութեամբ:

Նախքան ծրագրի սկսւելը՝ Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց միութեան անդամ, համերգի հաղորդավար Անահիտ Կիրակոսեանը բացման խօսքում նախ բացատրեց սոյն երաժշտական երեկոյի նպատակը, որն է ունկնդրին հայ դասական երգահանների ստեղծագործութիւնների կողքին՝ ծանօթացնել նաեւ ժամանակակից երգահանների գործերը՝ որպէս ապացոյց այն բանի, որ պահպանւում է հայ երգարւեստի շարունակականութիւնը, ապա ներկայացրեց երգչուհու եւ դաշնակահարի կենսագրական գծերը:
altԾրագրի առաջին բաժինն ամբողջութեամբ յատկացւած էր Կոմիտասի երգերի կատարման, իսկ երկրորդ բաժնում հնչեցին՝ Սայեաթ Նովայի եւ ժամանակակից երգահաններ՝ Գեղունի Չթչեանի, Էդւարդ Աբրահամեանի, Բերբերեանի եւ Ղազարոս Սարեանի ստեղծագործութիւնները: Քանի որ Լեռնիկ Հայրապետեանը եւ Համիկ Ալեքսանդրեանն աշակերտել էին Գեղունի Չթչեանին՝ ծրագրի այս բաժնում գերակշռում էին վերջնիս ստեղծագործութիւնների կատարումները՝ որպէս երախտագիտութեան դրսեւորում:
Ծրագրի աւարտին շնորհաւորական եւ շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութեան անդամ Գասպար Ամիրխանեանը, որն իր խօսքի վերջում բեմ հրաւիրեց համերգին ներկայ Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին՝ արտայայտւելու:
Դոկտ. Խանլարեանը մեծապէս գնահատելով երգչուհու եւ դաշնակահարի արհեստավարժ կատարումները՝ նշեց, որ հայ դասական երգը վայելելուց եւ նրանից մեծ հաճոյք ստանալուց բացի՝ այս գիշեր նաեւ հպարտութիւն ապրեցինք:
Հանդիսականները, նախքան սրահը թողնելը, խորապէս տպաւորւած, գնահատական արտայայտութիւններով շնորհաւորում էին կատարողներին ու համերգի կազմակերպիչներին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։