Հա

Համայնք

12/03/2012

Շաբաթ, մարտի 3-ի երեկոյեան Թեհրանի Հայկական բարեգործական ընդհ. միութեան կենտրոնատեղիում յաւուր պատշաճի խօսքերով եւ գեղարւեստական ծրագրով նշւեց նոյն միութեան Կանանց մասնաճիւղի հիմնադրութեան 77-րդ տարեդարձը՝ հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Միութեան եւ Կանանց մասնաճիւղի նախագահուհի Աստղիկ Բաբայեանի բացման խօսքից յետոյ՝ Հայկ. բարեգործական ընդհ. միութեան պատմականի ու նրա հիմնանպատակների, Իրանի մասնաճիւղի ու նրա Կանանց բաժնի գործունէութեան եւ Կանանց միջազգային օրւայ՝ Մարտ 8-ի մասին խօսքով հանդէս եկաւ Այիդա Սողոմոնեանը:
Ծրագրի յաջորդ բաժնում հնդկուհու, պարսկուհու եւ հայուհու առանձնայատկութիւնները ներկայացրեցին հերթաբար՝ Ռիտա Գարագուլակեանը, Նւարդ Գալստեանը եւ Աստղիկ Բաբայեանը, որի ընթացքում պատկան կանանց տարազներով բեմում երեւան եկան՝ Հիլդա Ռանջբարեանը (հնդկուհի), Ուրֆա Յարութիւնեանը, Ռիմա Յարութիւնեանն ու Ռոզա Օհանեանը (պարսկուհի՝ տարբեր ժամանակաշրջաններում) եւ Ադրինէ Քեշիշեանը (հայուհի): Տարազների դասաւորումը կատարել էր Վիոլետ Յարութիւնեանը, իսկ տարազաւոր կանանց դիմայարդարումը՝ Ուրֆա Յարութիւնեանը:
Ծրագրի գեղարւեստական բաժնում Սիսիան Գալստեանը դաշնամուրով նւագեց «Էնզելի»-ն, Մինէ Նազարեանը եւ Արթին Բաղումեանն ասմունքեցին հերթաբար՝ Վահագն Դաւթեանի «Հաւատում եմ քեզ» ու Պարոյր Սեւակի «Պարապութիւն» բանաստեղծութիւնները եւ Հերոս Մարգարեանը, Արմէն Ասատրեանի դաշնամուրի ընկերակցութեամբ, կատարեց «Գարուն է գալիս» եւ Սայեաթ Նովայի «Յիս քու ղիմէթը չիմ գիդի» երգերը:
Տօնակատարութեան եզրափակիչ խօսքն ասաց Սրբազան Հայրը, որն անդրադառնալով հայոց պատմութեան ընթացքում հայ կնոջ ունեցած նշանակալից դերին՝ նշեց. «Հայ կնոջ մասին խօսելը նշանակում է խօսել ամենանւիրական էակի մասին: Հայ կինը հիմնասիւնն է եղել ընտանիքի եւ ուղեցոյցը՝ նոր սերունդների»: Իր խօսքը մասնաւորելով հայ կնոջ առաքելութեան վրայ՝ շեշտեց, որ այս օրերին հայ կնոջ ուսերին է ծանրանում իր զաւակներին հայեցի ու քրիստոնէական դաստիարակութիւն տալու եւ լեզուն ու հաւատքը պահպանելու պարտականութիւնները:
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին հայ կանանց շնորհաւորելով Կանանց տօնը՝ մաղթեց, որ միշտ ջերմ պահեն հայ օջախները եւ ասաց՝ նմանօրինակ ձեռնարկներն առիթներ են, որ գիտակցօրէն նայենք մերօրեայ տագնապներին եւ երկունքով ծնունդ տանք նոր նւաճումների:
Ծրագրի աւարտւելով՝ տեղի ունեցաւ ընդունելու թիւն:

Թղթակից՝ Ա. Դ.

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։