Հա

Համայնք

10/03/2012 - 13:12

alt

«ԱԼԻՔ» - Երէկ «Նայիրի» սրահում մեկնարկը տրւեց Հ. Մ. «Սիփան» միութեան պարախմբերի միջամեայ պարային ելոյթների: Միջոցառումը նախաձեռնել էր «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքը:

Հանդիսատեսի կողքին ներկայ էին նաեւ՝ Սրբազան Հայրն ու Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները:
Օրւայ հաղորդավար Անաշէ Նազարեանը բացման խօսքով անդրադարձ կատարեց «Սիփան» միութեան պարախմբերի 20-ամեայ անցեալին: Նա աւելացրեց նաեւ, որ 2010 թւականին Հայաստանից հրաւիրւել է Վանուշ Խանամիրեանի անւան Պարարւեստի գործիչների միութեան անդամ Աշոտ Խաչատրեանը, ով հանգամանքների բերումով՝ ներկայ չէր միջոցառմանը:
Խմբերի կատարմամբ երեկոն երանգաւորւեց զուտ հայկական պարերով՝ մերթ դհոլ-զուռնայով, մէկ ժամանակակից երանգաւորմամբ երաժշտութեամբ:
Արտասանութեամբ բեմ բարձրացան նաեւ Վանէ Մահմուդեանը եւ Էդգար Դեհբաշեանը՝ «Կռունկ» եւ «Հայ ժողովուրդ» բանաստեղծութիւններով:
Միջոցառման աւարտին «Սիփան» միութեան վարչութեան անունից շնորհակալական խօսքով ելոյթ ունեցաւ Ժոզէֆ Մեհրաբեանը: Նա խօսելով մշակութային նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտութեան մասին՝ ընդգծեց, որ առանց ժողովրդի աջակցութեան՝ դժւար թէ հնարաւոր լինէր իրականացւած տեսնել նման միջոցառումների կայացումը:
Իր հայրական խօսքով երեկոն եզրափակեց Սրբազան Հայրը: Նա իր ուրախութիւնը յայտնեց պարերի զուտ հայկական ընտրութեան կապակցութեամբ եւ նշեց. «Եթէ մեզ ժամանակին ասում էին՝ գուցէ մենք չհասցնենք տեսնել, սակայն դուք գուցէ տեսնէք Հայաստանը անկախացած, այսօր այս «Սիփան»-ում ես ձեզ կասեմ նոյն կերպ՝ թող ձեր նոյն այս պարերը թնդան Սիփան լեռան լանջին...»:
Յատկանշական է, որ այս միջամեայ պարի ելոյթը կրկնւելու է մարտի 15-ին՝ «Նայիրի» սրահում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։