Հա

Համայնք

10/03/2012

altՎերջերս հիւրաբար Իրան էր այցելել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքի տեսուչ Տ. Նարեկ արք. Ալեէմէզեանը: Ինչպէս ժամանակին թերթիս փետր. 9-ի համարի էջերում անդրադարձել էինք, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ուղեկցութեամբ եւ Տ. Մակար վրդ. Աշգարեանի ընկերակցութեամբ Տ. Նարեկ արք. Ալեէմէզեանն «Ալիք» էր այցելել: Նարեկ Սրբազան Հայրը խմբագրատանը նւիրեց իր հրատարակած կամ խմբագրած մի քանի գրքեր, այդ թւում՝ «Հայ Եկեղեցու պատասխանները ոչ-ուղղափառ առարկութիւններու»՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով, Ս. Յակոբ Սարուգեցի եպիսկոպոսի ճառը՝ Աւագ ուրբաթ օրւան համար» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Նարեկ Սրբազանը, «Ոտնլւայի արարողութիւնը՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ մէջ» հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն եռալեզու գիրքը, «Կրօնական ծէսերը՝ Հայոց Առաքելական Եկեղեցում» (Divine liturgy) անգլերէն լեզւով գիրքը, Միխայիլ Իւրեւիչ Լերմոնտովի «Բանաստեղծութիւններ եւ պոէմներ» հայերէնով գիրքը, որի խմբագիրներից է Սրբազան Հայրը, նաեւ Ս. Գրիգոր Նարեկացու «Խրատ ուղիղ հաւատքի եւ առաքինի մաքուր վարքի» գիրքը, որի թարգմանութիւնը եւ ուսումնասիրութիւնը կատարել է Նարեկ արք. Ալեէմէզեանը:

Ստորեւ ներկայացնում ենք Նարեկ Սրբազանի կենսագրական տւեալները:
Նարեկ Սրբազանը ծնւել է 1962 թւականին՝ Բէյրութում: Աւարտել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը եւ 1981 թւականին կուսակրօն քահանայ է ձեռնադրւել: 1981-86 թւականներին դպրեվանքում եւ կաթողիկոսարանում վարել է վանական պաշտօններ: 1986-91 թւականներին աստւածաբանական բարձրագոյն ուսումը շարունակել է Կանադայի Վանկուվեր քաղաքում եւ որպէս հովիւ՝ ծառայել տեղի նորակազմ համայնքին: 1991-97 թւականին իր հովւական ծառայութիւնը շարունակել է ԱՄՆ-ի Նիւ Ջերսի քաղաքում: 1997 թւականից ի վեր վարում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժանմունքի վարիչ-քարտուղարի պաշտօնը: Եպիսկոպոս է օծւել 2002 թւականին, իսկ այսօր ունի արքեպիսկոպոսի տիտղոս:
altՍրբազան Հայրը «Ալիք» կատարած այցի շրջագծում նախ ծանօթացաւ թերթի եւ հաստատութեան աշխատանքներին: Նա իր հետ ունեցած զրոյցի ընթացքում ասաց. «Առաջին հերթին, ես ուզում եմ իմ ուրախութիւնը յայտնել, որ գտնւում եմ «Ալիք»-ի յարկի տակ եւ փափագում եմ շնորհաւորել «Ալիք»-ի 80-ամեակը՝ միացնելով իմ ձայնը այն անձանց հետ, որոնք «Ալիք»-ին իրենց բարեմաղթութիւններն են յղել: Շարունակականութիւն եւ յաջողութիւն եմ մաղթում թերթի աշխատանքներին: Միաժամանակ, փափագում եմ շնորհակալութիւն յայտնել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին, որ ինձ հրաւիրեց Նոր Ջուղա՝ գլխաւորապէս մասնակցելու չորս միաստւածեան կրօնների կողմից կազմակերպւած միջազգային միջկրօնական այն համագումարին, որի ընթացքում ես ներկայացրեցի քրիստոնէութեան եւ յատկապէս Հայ Եկեղեցու տեսակէտը՝ աստւածապաշտութեան պաշտամունքի ծէսի մասին՝ իմ խօսքը հիմնաւորելով Հայ Եկեղեցու փորձառութեան վրայ: Նկատի առնելով, որ սա իմ առաջին այցն էր Նոր Ջուղա, ուստի՝ թեմակալ առաջնորդը մի քանի հանդիպումներ էր կազմակերպել նախ երիտասարդութեան հետ, որոնց հետ սրտաբաց զրոյց ունեցայ եւ դասախօսեցի «Հայ երիտասարդը եւ համաշխարհայնացումը» նիւթի մասին, նաեւ հրաւիրւեցի Շահինշահր եւ այնտեղ խօսեցի հոգեւոր լսարանի հետ՝ նիւթ ունենալով Ս. Ներսէս Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղօթքը: Նկատի ունենալով, որ իմ այցելութիւնը համընկաւ Ս. Սարգսի տօնին, ուստի՝ պատարագեցի եւ քարոզեցի Ս. Սարգիս եկեղեցում եւ միաժամանակ բարեկամական շրջագծում հանդիպումներ ունեցայ թեմի Թեմական խորհրդի եւ յարակից այլ մարմինների հետ:

alt

Իմ ունեցած հանդիպումների ընթացքում շեշտել եմ կաթողիկոսարան եւ թեմեր յարաբերութիւնների կենսունակութիւնը, որոնք յատկապէս վերջին 15 եւ աւելի տարիներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրօք, աւելի աշխուժացան եւ մենք թէ՛ որպէս վանաբնակ միաբաններ, թէ՛ որպէս մեր Կրօնական ժողովի անդամներ՝ տեսնում ենք այդ աշխուժութեան օգտակարութիւնը, եւ թէ՛ մեր այցելութիւններով, եւ թէ՛ մեր թեմակալ առաջնորդների եւ ազգային իշխանութիւնների կաթողիկոսարան կատարած այցելութիւններով աւելիով ենք զգում, որ լծւած ենք միեւնոյն առաքելութեանը, որը ծառայելն է մեր ժողովրդին՝ մեր եկեղեցու ճամբով: Ես Թեհրան եկայ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով, որն իմ աւագ հոգեւոր եղբայրն է, քարոզել եմ Ս. Սարգիս եկեղեցում, այցելել եմ «Ալիք» եւ Ս. Թարգմանչաց եկեղեցում մասնակցել երեկոյեան ժամերգութեան եւ ապա Սրբազան Հօր տնօրինումով՝ դասախօսել եմ դպրեվանքի մասին, որպէսզի դպրեվանքը ոչ թէ որպէս հաստատութիւն մնայ Լիբանանում, այլ մեր ժողովրդի կեանքում դպրեվանքի առաքելութիւնը եւ ներկայութիւնը դառնան շօշափելի իրականութիւն եւ մեր ժողովուրդը իր զաւակներին դպրեվանք ուղարկելով՝ մասնակից դառնան մեր հայ հոգեւորականի, հայ մշակոյթի գործչի կազմաւորման կարեւոր առաքելութեանը, որ կը ծաւալւի դպրեվանքի միջոցով»:
Սրբազան Հայրը այսպէս շարունակեց. «Ինչպէս նշեցի, մեզ համար սրանից 20 տարի առաջ կարծէք հեռաւոր եւ անհասանելի համայնքներ էին մեր իրանահայ երեք թեմերը, սակայն Արամ Ա կաթողիկոսի օրօք ես առիթ ունեցայ Վեհափառի տնօրինութեամբ՝ նախ գտնւել Ատրպատականում, նաեւ Թեհրանում եւ առաջին անգամը լինելով՝ այս այցելութեամբ նաեւ Նոր Ջուղայում:
Անշուշտ, համաշխարհայնացած այս դարում մենք կարողանում ենք ինտերնետի, մամուլի ու հեռախօսի միջոցով եւ փոխայցելութիւններով մեր բոլոր թեմերի աշխատանքներին ծանօթանալ:
Պէտք է ուրախութեամբ նշեմ, որ «Ազդակ» օրաթերթը Լիբանանում ամէն շաբաթ «Գաղութէ գաղութ» բաժին ունի, որում ծաղկաքաղ է կատարում գլխաւոր իրադարձութիւնների մասին, դրանք լինեն ազգային, եկեղեցական, մշակութային, քաղաքական, հասարակական եւ այլն, եւ այդպիսով՝ առիթ է ընծայւում մեզ, որպէսզի վերահասու դառնանք մեր Սփիւռքի զանազան համայնքներում ծաւալւող գլխաւոր իրադարձութիւններին եւ, բնականաբար, դրանց մէջ կարեւոր տեղ է գրաւում իրանահայութիւնը: Իրանահայութիւնը մեր պատմական համայնքներից է, որի կեանքում կարեւոր դերակատարութիւն է ստանձնել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»:

Նիւթը կազմեց Կարինէ Դաւթեանը

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։