Հա

Համայնք

07/03/2012

alt«ԱԼԻՔ» - Շուտով իր առաքելութիւնն ամբողջութեամբ կաւարտի Թ. Հ. Թ. 14-րդ Պատգամաւորական ժողովը եւ իր գործունէութեան ողջ պատկերը ինչպէս կամփոփւի՝ թէ՛ ձեռքբերումների, եւ թէ՛ բացթողումների առումով, դրան կանդրադառնանք մօտ ապագայում: Այսօր մեր խօսքի «պատկերը» ուզում ենք կառուցել երէկւայ նիստի օրակարգի անցուդարձերի հանրագումարի վրայ, որը իր կարեւորութեամբ աներկբայօրէն հիմնական դրոյթն է վերը նշւած գործունէութեան առանցքային ամբողջութեան:

Տէրունական աղօթքից յետոյ՝ պատգամաւորների ներկայութիւնը ստուգելուն եւ նախորդ նիստի արձանագրութեան ընթերցմանը յաջորդեց արձանագրութիւնում հիմնական ճշտումներ մտցնելու գործընթացը: Ապա օրէնսդիրներն անցան գործադիրի, այսինքն՝ Թեմական խորհրդի ներկայացրած մէկամեայ նախահաշւի (1.1.1390-29.12.1390) քննարկմանը. նախահաշիւ, որն ակնբախօրէն մանրամասնեցւել էր: Այս մասին էին վկայում թէ՛ իրենք՝ պատգամաւորները, եւ թէ՛ գործադիրի նիւթականի պատասխանատու Ռաֆայէլ Գալստեանը, որը ուշադրութեան յանձնեց, որ նախահաշիւը հնարաւորինս մանրամասնեցւել է՝ թափանցիկութեան նկատառումով եւ հակիրճ բացատրութիւններ տւեց: Եւ հէնց այս տարբերակն էր, որ պատգամաւորների ձեռքի տակ էր՝ ծանօթանալու եւ դիտարկելու առումով ու միաժամանակ պաստառին աղիւսակային կառուցւածքով կոդային եղանակով յանձնւած էր օրէնսդիրների եւ լրատւամիջոցների ուշադրութեանը: Այս օրակարգի շուրջ քննարկումն ինտենսիւ էր, քանզի թէ՛ ժողովրդի ընտրեալները, եւ թէ՛ գործադիրը իրենց պատասխանատու էին զգում աղիւսակում գրանցւած իւրաքանչիւր լումայի համար:
Հարցերը հիմնականում ծագում էին այն ժամանակ, երբ նախահաշւի եւ իրական պատկերի միջեւ նկատւում էին տարբերութիւններ, թէ ինչու են նման տարբերութիւններ ի յայտ եկել, Թեմական խորհրդի ատենապետ պրն. Բաբախանեանը լուսաբանելով հարցը՝ նշեց, որ նախահաշիւը կազմելիս՝ ստացւել եւ հաւաքագրւել են բոլոր մարմինների կազմած նախահաշիւները, որտեղ մարմինն ինքը, այստեղ խնդրում ենք ուշադիր լինել, ունի նախատեսւած նախագծեր, որի համար նախահաշւում ներկայացրել է ծախսեր եւ այդ իսկ պատճառով՝ բնական է, որ թւային պատկերում նման հարցեր են ծագում:
Այսօր իւրաքանչիւրիս է մտահոգում աշխարհում տիրող տնտեսական սղաճը, որից էլ ի հետեւում՝ մտածում ենք նիւթական բեռը թեթեւացնելու մասին, ու որից էլ բխում է ել-քերի փնտրտուքը. իրողութիւն, որը առաւել քան երբեւէ՝ մտահոգում է ազգային իշխանութեանը:
Անցեալ նիստին Թեմական խորհուրդը ներկայացնելով ազգային կալւածների տնօրինման ուղղութեամբ իր զեկոյցը՝ ամրագրեց, որ վաճառւել է Ջոմհուրի պողոտայում գտնւող կալւածը: Այստեղ ցանկանում ենք մի կարեւոր մատնանշում անել. Պատգամաւորական ժողովի վաղօրօք առնւած որոշման համաձայն՝ վաճառւած կալւածի 50 տոկոսը պէտք է յատկացւի նոր կալւածի գնման:
Կրկին անցեալ նիստում Թեմական խորհրդի ատենապետը խնդրանքով դիմեց օրէնսդիրի ներկայացուցիչներին, որ հնարաւորութեան սահմաններում եթէ կարելի է, այս անգամ զանց առնել մատնանշւած կէտը, եւ այս բիւջէն յատկացնել ընդհանուր հաշւեփակերի եւ այսուհետ որդեգրել գործառոյթի արդէն իսկ գոյութիւն ունեցող նոր ձեւաչափ, որն է աշխատողի հետ պայմանագրային հիմունքը: Իհարկէ, պրն. Բաբախանեանը չբացառեց նաեւ այն գործօնը, որ գումարի վճարման երկրորդ փուլում եթէ հնարաւոր լինի, կարելի է այդ 50 տոկոսով կալւածի գնման պարագան իրականացնել եւ եթէ անհրաժեշտ լինեն կրկին բիւջէի յաւելումներ, Թեմական խորհուրդը կը դիմի օրէնսդիրին:
Այս մէկ շաբաթւայ ընթացքում առիթ էր տրւել նաեւ Տնտեսական յանձնաժողովին՝ ուսումնասիրելու հարցը, որի արդիւնքում էլ՝ երէկւայ նիստում յանձնաժողովի ներկայացուցիչ Էդիկ Ղահրամանեանը բանաձեւի տեսքով ներկայացրեց հարցին իրենց մօտեցումները: Չի կարելի ասել՝ քննարկումը հեզասահ ընթացաւ, եղան տարբեր առարկութիւններ, որոնց հիմքում ընկած էր բարոյա-հոգեբանական գործօնը, որը, իհարկէ, իր նախագծային գործառոյթում անխօս նկատի է առել նաեւ Թեմական խորհուրդը, բայց, այդուհանդերձ, տարաձայնութիւնները խիստ ներհակ էին, այսինքն՝ կշեռքի տարբեր նժարներում: Օրէնսդիրների խնդրանքով՝ հարցին միջամուխ եղաւ նաեւ նիստին ներկայ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, ինչպէս նաեւ թեմիս առաջնորդը ներկայացրեց իր տեսակէտը:
Երկար ժամերի վրայ ձգւող բուռն քննարկումների արդիւնքում՝ դիւանը յայտարարեց խորհրդակցական ընդմիջում: Հինգ րոպէ ընդմիջումից յետոյ՝ պատգամաւորները վերադարձան օրակարգ, որտեղ նրանց քւէարկմանը ներկայացւեց կազմւած երկու բանաձեւ, որից առաջինում ասւում էր՝ հաստատելով մտահոգութիւնները՝ պաշտօնէութեան հետ հաշւեփակ կատարելու կապակցութեամբ, ժողովս որոշում է կիրառել հանգրւանային գործընթաց՝ երկկողմ փոխհամաձայնութեան հիմունքներով: Երկրորդում ասւում էր՝ հաստատելով մտահոգութիւնները՝ պաշտօնէութեան հետ հաշւեփակ կատարելու կապակցութեամբ, ժողովս համաձայնւում է 1391 թւականի մինչեւ խորդադ ամիսը կատարել բոլոր հաշւեփակումները եւ հաստատում է առաջարկւած բիւջէն:
Օրէնսդիրների ձայների մեծամասնութեան արդիւնքում՝ վաւերացւեց առաջին բանաձեւը, այսինքն՝ երկկողմ համաձայնութեան հիման վրայ առաջացած հաշւեփակը:
Սրանով նիստն աւարտեց իր աշխատանքները, բայց մենք դեռ կը վերադառնանք նիստի մանրամասներին՝ առաւել մանրամասնելով հնչած տեսակէտները եւ որպէս միջնորդ հանդիսացող ելոյթները:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։