Հա

Համայնք

Շաբաթ, 08 Ապրիլի 2017 11:10

Սեպուհ արք. Սարգսեան. «Մարդկային կեանքում ամենանւիրական գործը հայրենիքի սիրոյն  զոհագործութիւնն է»

Ապրիլի 7-ին Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիները բազմամարդ էին, քանզի ժողովուրդը եկել էր իր յարգանքի տուրքը մատուցելու 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմում նահատակւած հայ զինւորների հոգիներին:

«alikonline.ir» - Ապրիլի 7-ին Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիները բազմամարդ էին, քանզի ժողովուրդը եկել էր իր յարգանքի տուրքը մատուցելու 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմում նահատակւած հայ զինւորների հոգիներին: Այս մասին տեղեկացնում է «ԱԼԻՔ»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը:

Օրւայ եկեղեցական արարողութիւնը նշանաւորւեց նաեւ Ս. Մարիամ Աստւածածնին մայրութեան աւետման տօնի հետ, որը համընկնում է նաեւ հայ մայրերի տօնին: Այդ առիթով, երէկ առաւօտեան նախ մատուցւեց ս. պատարագ, որի ընթացքում Թեհրանի տարբեր եկեղեցիներում քահանայ հայրերը անդրադարձան օրւայ խորհրդին, որից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ նահատակւած հայ զինւորների յիշատակին:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ընթացաւ ս. պատարագ, որի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի մէջ համապարփակ ձեւով անդրադարձաւ Մարիամ Աստւածածնին մայրութեան աւետման հանգամանքին: Սրբազան Հայրը շեշտեց, որ տօնը քրիստոնէական եկեղեցու մեծագոյն եւ ժողովրդական նկարագիր ունեցող տօներից մէկն է, որ Կաթոլիկ եկեղեցին այն նշում է մարտին, քանի որ Յիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերին եւ աւելացրեց, որ Աստւած այքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն աշխարհ ուղարկեց մարդու փրկութեան համար եւ երկնքի ու երկրի կապը սիրոյ այդ զգացումն է եւ աւելացրեց. «Փառք եմ տալիս որ երջանկայիշատակ Արտակ Սրբազանն այս օրը Իրանի թեմում հռչակել է, որպէս մայրերի օր, որովհետեւ Աստւածամօր Աստւածացումը եւ մայրութեան խորհուրդն անքակտելիօրէն կապւած են իրարու»:

Քարոզի ընթացքում թեմակալ առաջնորդն ընդգծեց. «Այսօրւայ տօնը որպէս մայրութեան տօն, խաղաղութեան եւ սիրոյ տօնն է եւ այսօր մեզի համար, յատկապէս այս օրերին աւելի է նւիրականանում այն, երբ մենք անցնող տարւայ ընթացքին մեր հայ մայրերի ծոցից ծնած մեր քաջարի զինւորների հերոսական գործողութիւններով մեր հայրենիքը, մեր որդիների արեամբ մէկ անգամ եւս նւիրացրեցինք ու սրբացրինք: Մարդկային կեանքում ամենանւիրական գործը հայրենիքի սիրոյն զոհագործութիւնն է»:

Վերջում Սրբազան Հայրը շնորհաւորեց բոլոր հայ մայրերին տօնի առիթով:

Յաւարտ ս. պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, իսկ արարողութեան ընթացքում եկեղեցում Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտները պատւի էին կանգնել նահատակ զինւորների յիշատակին:

Նշենք, որ արարողութեանը ներկայ էին Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու մեծ թւով ժողովուրդ:

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։