Հա

Համայնք

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 11:40

Յիսուսի Յարութիւնը՝ կեանք աշխարհի

Քրիստոսի Հրաշափառ Յարութեամբ մարդկութեան շնորհւեց նոր ու պայծառացեալ մի կեանք, որ իր առաքինութեամբ ու հաւատքի զօրութեամբ մարդ էակը առաջնորդում է բարոյական կատարելութեան: Այո՛, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան աւետիսը քաջալերանքի, յոյսի, նոր տեսլականի ու հեռանկարի ոգեւորիչ աւիւնով է լցնում սրտերը բոլոր նրանց, ովքեր այն ընդունում են ու նրանով ապրում:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

 

«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում:
ա այստեղ չէ, յարութիւն առաւ»
(Ղկ.24:5):

 

Աւետարանական պատումները կենդանի հաղորդականութեամբ արձանագրում են Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին պահերը՝ դատավարութիւնը, խաչելութիւնը, մահն ու թաղումը, որ կատարւեց ըստ հրէական աւանդութեան: Եւ ահա նոյն աւանդութեան համաձայն, թաղման երրորդ օրը՝ վաղ առաւօտեան իւղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան ու Յակոբոսի մայրը՝ Մարիամը ուրիշ կանանց հետ գերեզման են գնում իրենց հետ առնելով իրենց պատրաստած խունկերը, որպէսզի պարտ ու պատշաճ ձեւով խնկեն մարմինը իրենց սիրեցեալ վարդապետին:

Գերեզմանի մուտքին զարմանքով տեսնում են, որ գերեզմանի մուտքին դրւած քարը գլորւած է եւ ներս մտնելիս տեսնում, որ իրենց վարդապետի մարմինը  չկայ: Երբ զարմացած ու ապշած կանայք իրենց շուրջն են նայում, յանկարծ լուսազգեստ երկու մարդ կանգնեցին նրանց մօտ եւ սարսափահար կանանց հանդարտեցրին ասելով. «Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում: Նա այստեղ չէ, յարութիւն առաւ», յիշեցնելով կանանց Քրիստոսի խօսքը, ըստ որին, նա յանձնւելու էր մեղաւոր մարդկանց ձեռքը, խաչւէր, թաղւէր եւ սակայն երրորդ օրը Յարութիւն պիտի առնէր:

Կանայք շփոթահար անմիջապէս վերադառնում են առաքեալների մօտ, նրանց փոխանցելու հրեշտակների աւետիսը. մինչ այդ Յարուցեալ Տէրը Էմմաւուսի ճանապարհին երեւում է իր երկու աշակերտներին, որոնք իրենց հերթին վերադառնում են Երուսաղէմ՝ վերնատունը հաւաքւած իրենց առաքելակիցներին պատմելու եղածը, եւ ահա նոյն միջոցին, Քրիստոս կանգնում է նրանց մէջտեղը եւ ողջունում նրանց թելադրելով չվախենալ: Առաքեալները վախեցած ու սարսափած մի պահ կարծեցին, որ մի ոգի են տեսնում, Քրիստոս հանդարտեցնում է նրանց ասելով. «Ի՞նչ էք իրար խառնւել եւ ինչո՞ւ էք կասկածներ ունենում ձեր մտքում: Նայեցէք իմ ձեռքերին եւ ոտքերին հէնց ես եմ: Շօշափեցէք ինձ եւ կը տեսնէք, որ միս ու ոսկոր ունեմ, մի բան, որ ոգին չի ունենում»(Ղկ.24:38-39):

Առաքեալները մտաբերեցին իրենց վարդապետի այն խօսքերը, որ Նա ասել էր իրենց իր մահւան եւ յարութեան մասին. յիշեցին ու վկայեցին եւ այնուհետեւ հանդիսացան Յարութեան աւետիսը քարոզողներ ու տարածիչներ:

Իւղաբեր կանայք ու առաքեալները եղան առաջին վկաները պատմութեան մեծագոյն հրաշքի՝ Փրկչի Յարութեան, որով մարդկութեան առաջ փրկութեան նոր ուղին էր բացւում: Այո՛, Աստւածորդին իր մահով նւաճեց մահը եւ մարդկութեան շնորհեց նոր կեանք:

Քրիստոս իր Հրաշափառ Յարութեամբ խափանեց չարը, մահը եւ մարդկութեան շնորհեց բարին, լուսաւոր կեանքի տեսլականն ու անմահութիւնը ժառանգելու իրական ու վաւերական ճանապարհը:

Մահը, որ մինչ այդ ահ ու սարսափ էր տարածում նւաճւեց մարդկութեան շնորհւած յարութեան կեանքով, չարը բարիով յաղթահարւեց, խաւարը փարատւեց յարութեան լուսաւոր ճառագայթներով. խորտակւեցին մահւան շղթաները ու առաքեալը խնդագին կոչում է մեզ յիշեցնելով Ովսէէ մարգարէի խօսքը «Որտե՞ղ է, մա՛հ քո յաղթանակը, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք»:(Ով. 13:14)

Քրիստոսի Հրաշափառ Յարութեամբ մարդկութեան շնորհւեց նոր ու պայծառացեալ մի կեանք, որ իր առաքինութեամբ ու հաւատքի զօրութեամբ մարդ էակը առաջնորդում է բարոյական կատարելութեան: Այո՛, Քրիստոսի Հրաշափառ Յարութեան աւետիսը քաջալերանքի, յոյսի, նոր տեսլականի ու հեռանկարի ոգեւորիչ աւիւնով է լցնում սրտերը բոլոր նրանց, ովքեր այն ընդունում են ու նրանով ապրում:

Մեծ Պահոց պատրաստութեամբ մի քիչ աւելի ուժեղացած, հոգեպէս զօրացած եւ Աւագ շաբաթւայ չարչարանքների, ատելութեան, խաչելութեան ու թաղման հոգեցնցող պահերից յետոյ, հասել ենք հրաշափառ Յարութեան լուսափայլ խորհրդի եւ միշտ յիշում խոր համոզումով անխորտակելի կամքով Քրիստոսի այն խօսքերը, որոնցով քաջալերեց իր դստեր մահւան լուրը ստացած հարիւրապետի՝ «Մի վախենայ, միայն հաւատայ» եւ նոր մահացած Ղազարոսի քրոջ Մարթայի.-«Ես եմ յարութիւնն ու կեանքը: Ով որ հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կա՛պրի»:

Քրիստոսի Հրաշափառ Յարութեամբ եւ յետ երկինք համբարձման, Ս. Հոգու ընդունմամբ արիացած ու պայծառակերպւած առաքեալները՝ լուսաւորւած Յարութեան ճառագայթող լոյսով գնացին աշխարհի չորս կողմերը եւ իրենց խօսքով, կեանքով ու արեամբ վկայեցին Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը: Թէեւ աշխարհը պատւած էր թանձր խաւարով, սակայն յարութեան արշալոյսով, աստիճանաբար բացւող յաւերժաբոյր լոյսով, աշխարհը ողողւեց նոր ու նորոգւող կեանքով ու կեանքի խորհրդով:

Նոր, յարուցեալ կեանքի խորհուրդը բարիով շահւած կեանքն է, յաւերժի գնացող կեանքը: Քրիստոսապաշտ մարդկութիւնը յարութեան խորհրդով լուսաւոր ստեղծագործեց հանդիսանալով օրինակ սիրոյ, խոնարհութեան, բարութեան, առաքինի կեանքի, զոհողութեան ու նւիրումի, այլ խօսքով խաչի կեանքի:

Մեր ժողովուրդը ինքն եւս իր Տիրոջ յարութեան խորհրդի հաւատքով վահանաւորւած ապրեց ու ստեղծագործեց, այլեւ իմացաւ մեռնել յաւիտենական արժէքների, հայրենիքի ու բարոյական վեհ սկզբունքների համար, խորապէս հաւատալով, որ իր մահով նա նոր կեանքի ուղի է բաց անում նոր սերունդի առաջ: Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքում կրեց իր խաչը «անցնելով մահւան ձորի միջից» սակայն նա իր կեանքի ամենադժբախտ ու խաւար պահերին էլ իր գլխավերեւ ունեցաւ իր հաւատքի ջահը, որ ե՛ւ լուսաւորում, ե՛ւ ապագայի պայծառ կեանքի տեսլականը միշտ վառ է պահում իր մէջ:

Ապրիլ ամիսը մեր ժողովրդի նորագոյն պատմութեան ամենախաւար եւ ինչու չէ ամենալուսաւոր պահերը իր մէջ պարփակող ամիս է: Մէկուկէս միլիոն մեր սրբազան նահատակների զոհագործութեան ամիս է Ապրիլը եւ միաժամանակ նոր կեանքի, յարութեան կեանքի, վերանորոգ կեանքի խորհրդանիշ՝ մեզ համար: Ազգովի խաչ բարձրացւեցինք եւ ազգովի էլ յարութիւն առանք: Այսօր էլ հրեշտակի իւղաբեր կանանց տւած աւետիսը մեզ էլ է հասնում ու մեր կեանք պատւանդանում աստւածային ճշմարտութիւնների վրայ:

Այսօր, երբ աշխարհը խօլական ընթացքով դէպի անորոշութիւն ու առաւել խաւարի է գնում: Ահաբեկչական դատապարտելի արարքները, որոնք անմեղ հաւատացեալների կեանքերն են խլում, տիրող խաւարը աւելիով են թանձրացնում: Մենք կարիքը ունենք Քրիստոսի Հրաշափառ Յարութեան հաւատքի վրայ պատւանդանելու մեր կեանքը, այն խոր համոզումով, որ Յարութեամբ մեր առաջ բացւող փրկութեան ճանապարհն է միայն, որ մարդ արարածին կը կարողանայ անմահութեան առաջնորդել:

Աշխարհի այսօրւայ իրադարձութիւնների դէմ-յանդիման կանգնած մենք ազգովի կոչւած ենք վերանորոգելու մեր ապրելաձեւը, նորոգւելու նոր մտածումներով, քանի որ Քրիստոսի Յարութիւնը երաշխիք է հոգեւոր մի նոր փրկութեան, նոր կեանքի, որին հասնելու համար առաքեալներն ու քրիստոնեայ նահատակները մահը արհամարհելով արիասիրտ կեանքով ընդառաջ գնացին մահւան այն խոր հաւատքով, որ իրենց կեանքը իմաստաւորւում է հոգեւոր իրականութիւնների հետամուտ լինելով:

Յարութեան այս հաւատքով դիտում ու տէր ենք կանգնում մեր այսօրւայ հայրենիքի եւ վաղւայ ամբողջական հայրենիքին, որի տեսիլքն ու գաղափարը ոչ ոք չի կարող մեզանից խլել:

Այսօրւայ աշխարհն էլ որեւէ մի ժամանակից աւելի կարիքը ունի սիրոյ եւ խաղաղութեան, որի իրագործումը կը լինի, երբ մարդիկ վերատեսեն իրենց կեանքը, երբ առաջնորդւեն աստւածային ճշմարտութիւններով:

Ահա այս խոհերով շնորհաւորում եմ քեզ՝ սիրելի ժողովուրդ հայոց եւ կոչ եմ անում քեզ, որ քո յարուցեալ Փրկչիդ յարութեան կեանքով սպառազինւած ապրես կեանքդ եւ վստահ եղիր, որ մի օր, մի պայծառ ու նւիրական օր կը կարողանաս իրականացած տեսնել քո երազներն ու տեսիլքները իբրեւ նախակարապետը իրական ու յաւիտենական յարութեան: Աղօթենք միասին աշխարհի խաղաղութեան, Իրանի՝  ծննդավայր մեր հայրենիքի խաղաղութեան եւ ինչու չէ նաեւ իր հոգեւոր ու աշխարհական ղեկավարութեան համար:

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի, Ամէն:

Ս. Զատիկ
16 ապրիլի 2017

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։