Հա

Համայնք

Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017 14:00

Հազարաւոր թեհրանահայեր համախմբւեցին Թուրքիայի դեսպանատան դիմաց

Հազարաւոր թեհրանահայեր այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին իրենց խուռներամ շարքերով Ապրիլի 24-ին մասնակցեցին լուռ բողոքի երթին:

«alikonline.ir» - Հազարաւոր թեհրանահայեր այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին իրենց խուռներամ շարքերով Ապրիլի 24-ին մասնակցեցին լուռ բողոքի երթին: 

Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս Մայր եկեղեցում ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ եւ բարեխօսական աղօթք: 

Ս. պատարագից եւ բարեխօսական աղօթքից յետոյ, թափօրը հայ սկաուտների կազմած խրոխտ շարքերով շարժւեց դէպի եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր  կրօնական արարողութիւնից յետոյ թեմակալ առաջնորդն իր խօսքը ուղղելով համախմբւած հայորդիներին կոչ ուղղեց հաստատակամ քայլերով շարժւել դէպի Թուրքիայի դեսպանատուն: 

Ապա սկսւեց ժողովրդի լուռ եւ կարգապահ երթը դէպի Թուրքիայի դեսպանատուն: Մէկ ժամեայ երթից յետոյ կէսօրւայ ժամը մէկին ժողովուրդը հաւաքւեց Թուրքիայի դեսպանատան  դիմաց եւ ժողովրդի լուռ երթը վերածւեց բողոքի կարգախօսեր վանկարկելով: Համախմբւած հազարաւոր հայորդիներ  բռունցքները վեր եւ դէպի դեսպանատուն ու ծածանւող դրօշը հայերէնով ու պարսկերէնով  վանկարկում էր «Մահ Թուրքիայի ֆաշիստական կառավարութեանը», «Արդարութիւն, արդարութիւն մեր իրաւացի կանչն է»: 

Համահաւաքի ընթացքում հրաւիրւեց իր պատգամը յղելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն: Նա պարսկերէնով բացատրութիւն տւեց Օսմանեան կայսրութեան միջոցով իրականացւած ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլեւ ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնների մասին: Պատգամաւորը շեշտեց «Մարդու դէմ իրականացւած ոճրագործութիւնների դատապարտումը, ամենավստահելի երաշխիքն է կանխելու նորանոր ոճրագործութիւնների: Նա նաեւ մէջբերում կատարեց իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի յիշեալ յայտարարութիւնը. «Իրանը այն երկիրը չէ, որտեղ նոր ցեղասպանութիւն իրականանայ հայութեան նկատմամբ եւ իրանցիները եւս նման ժողովուրդ չեն»: Պատգամաւորը իր շնորհակալութիւնը յայտնեց Իրանի պետական այրերին եւ կարգապահական ուժերին, որոնք առիթ ընձեռնեցին իրականացնել բողոքի երթը: 

Ապա հրաւիրւեց թեմակալ առաջնորդն իր պատգամը յղելու: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խօսք ուղղեց ժողովրդին իր խուռներամ մասնակցութեան համար եւ նշեց. «Ուզում եմ իմ խօսքը ուղղել Իրանի իսլամական հանրապետութեան ողջ ղեկավարութեանն, որոնք հակառակ մեր տարածաշրջանում տիրող ահաբեկչական շարժումներին, հակառակ տարածաշրջանում տիրող անորոշութեան, Իրանը պահում են խաղաղ, հանգիստ պայմաններում եւ ահաւասիկ այդ խաղաղացեալ պայմաններում առիթ է տրւել մեզի, որպէսզի այսեղ գալով համախումբ կերպով  արտայայտենք այն ինչ-որ մենք իբրեւ պահանջատէր ժողովուրդ զգում ենք եւ ապրում»: 

Սրբազան Հօր յղած պատգամից յետոյ ընթերցւեց օրւայ 10 կէտանոց բանաձեւը: 

Վերջում ժողովուրդը վերամբարձ բռունցքներով երգեց «Սարդարապատ» երգը:

 Լուսանկարները՝ «ACE Film»-ի

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։