Հա

Համայնք

Երեքշաբթի, 16 Մայիսի 2017 13:30

Դոկտ. Հասան Ռոհանիի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն այցելեցին ազգային առաջնորդարան

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում, գործող նախագահ, եւ նախագահական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Հասան Ռոհանիի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների հարցով պատասխանատուները երէկ՝ մայիսի 15-ին այցելել են ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել են Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջագծում, գործող նախագահ, եւ նախագահական ընտրութիւնների թեկնածու դոկտ. Հասան Ռոհանիի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների հարցով պատասխանատուները երէկ՝ մայիսի 15-ին այցելել են ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպել են Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը: 

Նշենք, որ հանդիպումն իր տեսակի մէջ երկրորդն էր: Աւելի վաղ, նոյն նպատակով, ազգային առաջնորդարան էին այցելե հոջ. Ռէյիսիի շտաբի ներկայացուցիչները: 

Հանդիպման սկզբում, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ողջունելով դոկտ. Հասան Ռոհանիի կրօնական եւ էթնիկական փոքրամասնութիւնների հարցով շտաբի պատասխանատու ճրտ. Հոսէյնզադէին, որը միաժամանակ Իսլամական խորհրդարանում Օշնաւիէի եւ Նաղադէի պատգամաւորն է, եւ հոջ. Իւնեսիի օգնական դոկտ. Զարէին, հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց իրանահայ համայնքի ազգային-կրօնական կառոյցի մասին: 

Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ դահլիճում ներկաները Թեհրանի հայկական համայնքի ազգային, կրօնական, միութենական, կրթական, գիտական եւ քաղաքական հարցերով ակտիւիստների ներկայացուցիչներն են՝ յաւելելով, որ ազգային իշխանութեան կողմից մշակւած քաղաքականութեան համաձայն, դիմած բոլոր թեկնածուների շտաբներին առիթ է տրւում ներկայացնելու իրենց պատկան թեկնածուի տեսակէտներն ու ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում նախ դոկտ. Ռոհանիի կողմից Իրանի կրօնական եւ էթնիկական հարցերով յատուկ խորհրդական հոջ. Իւնեսիի օգնական դոկտ. Զարէն շնորհակալութիւն յայտնելով տրւած առիթի համար ընդգծեց, որ նախագահական ընտրութիւնների հարցով առաջին անգամն է, որ որեւէ թեկնածու նշանակում է կրօնաէթնիկական հարցերով շտաբի պատասխանատու: 

Ապա ճրտ. Հոսէյնզադէն ծանրացաւ քաղաքացիական իրաւունքի անհրաժեշտութեան եւ այդ կապակցութեամբ երկխօսութիւն ծաւալելու առիթ ընձեռնելու կարեւորութեան մասին: Իր ելոյթի ընթացքում, նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում իրանական ինքնութեան եւ պատկանելիութեան կարեւորութեանը, որով ամէն ոք իրեն կը զգայ լիարժէք քաղաքացի, այլ ոչ թէ օտարական եւ կողմնակի դեր զբաղեցնող: Նա անդրադարձաւ նաեւ քաղաքացիական իրաւունքի հռչակագրի իրականացման անհրաժեշտութեանը եւ աւելացրեց, որ Պարսից ծոցից մինչեւ Կասպից ծով, բոլորս իրանցիներ ենք, որը անհրաժեշտ գործօն է Իրանի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման համար: 

Պրն. Հոսէյնզադէն նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում իրանահայ համայնքի դերակատարութեանը, ծանրանալով անցեալ չորս տարիներին կրօնական փոքրամասնութիւնների հարցերով իրականացած աշխատանքների, ինչպէս նաեւ՝բացթողումների վրայ: 

Վերջում ներկաներին հարցումների առիթ տրւեց: Հարցերն հիմնականում կենտրոնացած էին կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին պետական հիմնարկներում պաշտօնական աշխատանքի ընդունւելու հարցով դիւրութիւնների ընձեռմանը, կրթադաստիարակչական եւ հասարակական խնդիրների գծով առգոյ մի շարք հարցերի վրայ: 

Հանդիպման աւարտին Թեմական խորհրդի ատենապետը ճրտ. Հոսէյնզադէին յանձնեց իրանահայ համայնքի գրաւոր պահանջագիրը, որում ներառւած էին իրանահայութեան ազգային եւ համայնքային պահանջները: 

Վերջում շտաբի պատասխանատուները, քահանայ հայրերի եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ այցելելեցին եկեղեցու տարածքում Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձան, եւ յարգանքի տուրք մատուցեցին հայ նահատակների յիշատակին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։