Հա

Համայնք

02/07/2017 - 10:30

Հարփիկ Թամրազեանին նւիրւած ժողովածուի շնորհանդէսը Հ.Մ.Ա.Կ.-ում

Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան վարչութեան եւ Հանրային-հասարակական բաժանմունքի ու «Գրական շրջանակ»-ի համագործակցութեամբ, յունիսի 23-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ վերջերս Երեւանում լոյս տեսած Հարփիկ Թամրազեանին նւիրւած ժողովածուի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան վարչութեան եւ Հանրային-հասարակական բաժանմունքի ու «Գրական շրջանակ»-ի համագործակցութեամբ, յունիսի 23-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ վերջերս Երեւանում լոյս տեսած Հարփիկ Թամրազեանին նւիրւած ժողովածուի շնորհանդէսը: Տեղեկցնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապը:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի նախագահ Արմինէ Գրիգորեանը: Նա ակնարկելով «Հարփիկ Թամրազեան» անունը կրող գրքին, ամփոփ գծերով անդրադարձաւ հեղինակի կեանքին ու ազգային-հասարակական ծաւալուն գործունէութեանը, որը ցաւօք վաղաժամ ընդհատւեց մեքենայի վթարի պատճառով՝ 1977-ի մարտի 14-ին:

Հարփիկ Թամրազեանը ծնւել էր 1928-ին Ղազւինում, ապա ընտանիքով տեղափոխւել ու հաստատւել` Թեհրանում: Հայոց դպրոցների փակման բերումով նա զրկւում է հայկական դպրոցում ուսում ստանալուց, սակայն ինքնաշխատութեամբ այնպիսի մակարդակի է հասնում, որ հրաւիրւում է հայ գրականութիւն դասաւանդելու Գրականութեան ֆակուլտետի ժամանակի հայոց լեզւի ու գրականութեան գերլիսանսի բաժնում: Հարփիկ Թամրազեանը մասնագիտութեամբ էլեկտրոմեխանիկայի ճարտարագէտ էր եւ ունէր աշխատանքային բեղուն անցեալ: Նա օժտւած էր բազմակողմանի ընդունակութիւններով՝ վերլուծական միտք, բանաստեղծական ձիրք, գեղարւեստական բարձր ճաշակ: Եղել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան եւ Իրանահայ գրողների միութեան հիմնադիր անդամ, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան վարչութեան նախագահ, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ: Նա բազմաթիւ յօդւածներ է ստորագրել ու տպագրել հայ մամուլում՝ հայ գրականութեան, արւեստի, ազգային հարցերի ու Հայ Դատի վերաբերեալ: Պարսկերէնի է թարգմանել հայ գրականութիւնից գործեր, այդ թւում՝Վահան Թոթովենցի «Կեանքը հին Հռովմէական ճանապարհի վրայ» վէպը: Ունի ինքնուրոյն արձակ ու չափածոյ ստեղծագործութիւններ:

Բացման խօսքի աւարտին ընկեր Արմինէ Գրիգորեանը հրաւիրեց Հարփիկ Թամրազեանի դստեր՝ դոկտ. Արմինէ Թամրազեանին՝ ելոյթ ունենալու:

Դոկտ. Արմինէ Թամրազեանը, ով մասնագիտութեամբ լեզւաբան է , նախ շնորհակալութիւն յայտնեց Երէցների միութեան վարչութեանն ու բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ հրատարակւել է ժողովածուն եւ կազմակերպւել է սոյն ձեռնարկը, երախտագիտութեան խօսք ասաց, «Ալիք»-ի հասցէին՝ բոլոր օժանդակութիւնների համար, Նորայր Էլսայեանին, ով գրի է առել գրքի նախաբանը՝ առողջական դժւար պայմաններում: Ապա անդրադարձաւ գրքի ենթաբաժիններին ու յօդւածներին, որտեղ ներկայացւած են Հարփիկ Թամրազեանի գրչին պատկանող գրական դէմքեր, գրական ուսումնասիրութիւններ, յօդւածներ ու դասախօսութիւններ, բանաստեղծութիւններ եւ մի պատմւածք: Ըստ նրա բացատրութեան՝ գրքի նիւթերը ընտրւել են տպագրւած կամ ձայնագրւած բազմաթիւ նիւթերի միջից: Նա ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց ժողովածուում տեղ գտած իւրաքանչիւր նիւթի եւ գրքում յայտնւելու պատճառների մասին:

Դոկտ. Արմինէ Թամրազեանի դիտարկմամբ, գրքի նիւթերի շարադրանքը սահուն է ու դիւրըմբռնելի, երիտասարդական մտքի թարմութիւնը զգալի է բոլոր նիւթերում, որը 40 տարի անց դեռեւս չի խունացել եւ չի կորցրել իր թարմութիւնը: Նա շեշտեց, որ գիրքը Հարփիկ Թամրազեանի կենդանի ներկայութիւնն է, նրա կենդանի խօսքն է 40 տարւայ լռութիւնից յետոյ, եւ այդ է գրքի հիմնական ու գլխաւոր առաքելութիւնը: «Ահա թէ ինչու,- աւելացրեց նա,- այսօր ինձ համար բացառիկ տօն է»:

Յաջորդ բանախօսը Վարդան Վարդանեանն էր: Նա նոյնպէս ակնարկելով գրքի նիւթերին, հետաքրքիր հետեւութիւններ կատարեց Հարփիկ Թամրազեանի մօտեցումների ու համոզմունքների մասին, մի-երկու բանաստեղծութիւն կարդալով իր մեկնաբանութիւնը ներկայացրեց, իսկ խօսքի վերջում յուշեր պատմեց Հարփիկ Թամրազեանի հետ ունեցած իր հանդիպումներից ու տպաւորութիւններից:

Այնուհետ շուրջ 6 րոպէ տեւողութեամբ հնչեց Հարփիկ Թամրազեանի կենդանի ձայնը՝ մի հատւած Մեծ Եղեռնի 50-ամեակին արտասանած բանախօսութեան ձայնագրութիւնից:

Ժողովածուում տեղ գտած Հարփիկ Թամրազեանի բանաստեղծութիւններից ընթերցեցին Արմիկ Դանիէլեանը, Սաթի Արթունօֆն ու Սեդա Թարվերդեանը: Այդ ընթացքին սրահում հնչում էր «Երգը կորցրած կարապը» բանաստեղծութեան վրայ յօրինւած Հարփիկի թոռան՝ Զօրի Դաւոյեանի երաժշտութիւնը:

Վերջում Իրանահայ գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Վարանդը ընթերցեց Հարփիկ Թամրազեանին նւիրած իր բանասեղծութիւնը՝ պատանի տարիքում նրանից ստացած տպաւորութեան հիման վրայ գրի առնւած, ապա մի օրինակ իր վերջին գրքից - իրանական արդի բանաստեղծներից կատարած թարգմանութիւններ - նւիրեց դոկտ. Արմինէ Թամրազեանին:

Նախասրահում ներկաներին էր տրամադրւում խնամքով կազմւած, որակեալ տպագրութեամբ «Հարփիկ Թամրազեան» ժողովածուն: Իր մահւան 40-ամեակին լոյս տեսած սոյն ժողովածուն հրատարակւել է հանգուցեալի դստեր ջանքերով եւ քոյրերի՝ Սեզա եւ Լիլա-ի օժանդակութեամբ:

Նախասրահում թէ ծրագրի սկզբում եւ թէ վերջում նախատեսւած էր ընդունելութիւն:

 

Նիւթը Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապին է տրամադրել պրն. Էդւարդ Յարութիւնեանը:

Յարակից լուրեր

  • Բոլոր պատմւածքների կենտրոնում մարդն է. կայացաւ Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գրքի շնորհանդէսը
    Բոլոր պատմւածքների կենտրոնում մարդն է. կայացաւ Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գրքի շնորհանդէսը

    Լոյս է տեսել ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր, ՀՅԴ ցուցակով պատգամաւորի թեկնածու Արտաշէս Շահբազեանի «Ես կը գնամ» գիրքը: Գրքում ամփոփւած են հեղինակի պատմւածքներն ու երկու պիէս: Պատմւածքները հիմնականում գրական մամուլում են տպագրւել` «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գրական թերթ»-ում, «Դրամատուրգիա» ամսագրում:

  • Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"
    Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ 2018 թ. հինգշաբթի նոյ. 22-ի ժամը 19:00-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում, տեղի ունեցաւ Արարատի վաստակաւոր անդամ, աշխատանքը Սկաուտականով սկսած, Աւագ խմբապետի  աստիճանի արժանացած ու Սկաուտապետ դարձած, երէցների միութեան անդամ ,եօթ շրջանների Կենտրոնական վարչութեան անդամ ու նախագահ, բազում յանձնախմբերի և մարմինների,Մարզական միութեան երկու շրջանների նախագահ, ազգային կառոյցներում պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած, 14 տարիներ Թեհրանի Թեմի Պատգամաւոր  և մինչև կենդանութեան վերջին պահ ուղեգծային յանձնախմբի նախագահի հանգամանքը ստանձնած՝ նորոգ հանգուցեալ ընկեր նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"-ը։

  • Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին
    Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին

    Երկուշաբթի, նոյ. 5-ին, տեղի ունեցաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում:

  • Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը
    Կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը

    Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ 

  • «Արամ Մանուկեան նամականի» գիրքի շնորհահանդէս
    «Արամ Մանուկեան նամականի» գիրքի շնորհահանդէս

    Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանի հովանաւորութեամբ, Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան Գիր եւ գրականութիւն մասնաճիւղին կազմակերպութեամբ, երէկ` չորեքշաբթի, 24 հոկտեմբեր 2018-ին, Հայաստանի դեսպանատան մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան նամականի» գիրքին շնորհահանդէսը: Այս առիթով ներկայացուեցաւ նաեւ Հրաչ Տասնապետեանի խմբագրած «Արամ»-ը հատորին նոր վերահրատարակութիւնը, խմբագրութեամբ` Կարօ Յովհաննէսեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։